Հայաստանի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը հնարավոր է եւ չերկարաձգվի, կա ռիսկի գործոն: Այսօր այս մասին ասաց ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը:
Մովսես Վարդանյանը մասնակցում էր «Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկմանը: Միջոցառումն անցկացվում է 3-րդ անգամ եւ այս տարի նվիրված է Հայաստանի ատոմային ոլորտի 55-ամյակին։
Սակայն տնօրենը հույս հայտնեց, որ այդ ռիսկերը հնարավոր է եւ կրճատվեն՝ հաշվի առնելով ռուսական ընկերությունների փորձը: Ըստ Մովսես Վարդանյանի, ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչեւ 2026 թվականը երկարաձգելու շուրջ քննարկումները շարունակվում են 2015-2016 թվականներից. «Հաշվի առնելով այլ երկրների փորձը նույնատիպ էներգաբլոկերի օրինակով՝ անվտանգության հիմնավորման առկայության դեպքում մենք պատրաստվում ենք ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգել եւս 5-10 տարով»:
Ըստ տնօրենի, 2026 թ-ին, Հայաստանի գործող ատոմային բլոկը շահագործման մեջ կլինի արդեն 40 տարի:
Կարդացեք նաև
Մովսես Վարդանյանը նաեւ տեղեկացրեց, որ մայիսի 15-ից բլոկի աշխատանքը 141 օրով կդադարեցվի: Այս տարին, ըստ նրա, ատոմակայանի համար վերանորոգման ամենադժվար փուլն է լինելու. աշխատելու են բարելավել կայանի անվտանգությունը, երկրորդ էներգաբլոկի ռեակտորի կորպուսի մետաղն են շիկամշակելու, որից հետո միայն պետական կարգավորող մարմնից կարող են 10 տարվա արտոնագիր ստանալ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ