«Քաղաքացիական հասարակության աջակցությունը Հայաստանում` առցանց կրթությանը» ծրագրի շրջանակում Մանկական զարգացման հիմնադրամը` Ասիական բանկի աջակցությամբ անցկացրել է հետազոտություն տարրական դպրոցի ուսուցիչների, աշակերտների եւ նրանց ծնողների վրա առցանց ուսուցման հոգեբանական ազդեցությունը գնահատելու նպատակով:
«Ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարությանը, որպեսզի տեսնի, թե ճգնաժամային իրավիճակում` մասնավորապես հեռավար կրթության ընթացքում մարդիկ ինչ հուզական սթրեսի են ենթարկվել, ինչ հոգեբանական խնդիրներ են առաջացել: Ծրագիրը երկու կարեւոր նպատակ ունի: Մեկը քաղաքացիական հասարակության առաքելությունն է, որը պետք է օգնի պետական ռազմավարությանը` մասնավորապես ճգնաժամային իրավիճակներում, երբ որ կրթությունն ամենակարեւոր ոլորտն ու գործոններից մեկն է, պարզելու, թե ինչպես պետք է այն շարունակվի, ինչ ազդեցություն է ունենում մասնագիտական հանրության, ծնողական համայնքի, երեխաների վրա:
Երկրորդն այն է, որ ծրագիրն իր փուլերով նպատակ ունի օգնելու, աջակցելու պրոֆեսիոնալին` մասնագետին, ծնողին, թե ինչպես այդ ընթացքը ավելի բարելավի եւ այդ փոփոխության արդյունքում եղած իր սթրեսը, հուզականությունը ինչպես կարգավորվի»,-«Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ նշեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:
Նա հավելեց, որ իրենց փորձագետների օգնությամբ տարբերակել են տարբեր թիրախային խմբեր` ուսուցիչների համայնք, ծնողների համայնք, տարրական դասարանների աշակերտներ: Հետազոտությունն իր մեջ ներառել է նաեւ ընտանիքների հետ փոքրիկ հարցազրույցներ: Հետազոտությունն ընդգրկել է 366 ուսուցիչների, փորձագիտական հարցազրույցներ են արվել նաեւ հոգեբանների հետ, որոնք դպրոցներից են կամ հեռավար ուսուցման ընթացքում խնդիրներ ունեցած մարդկանց հետ են շփվել:
Կարդացեք նաև
Լուսինե Սիմոնյանի խոսքով, հետազոտությունից հետո ստեղծել են համապատասխան գործիքներ, այժմ ընթացքի մեջ է կարողությունների զարգացման փուլը, ծնողների ուսուցիչների հետ դասընթացներ են իրականացվում այն թեմայով, թե ինչպես կիրառեն այդ կարծիքները, ինչպես դիմակայեն եւ արձագանքեն փոփոխություններին` ճգնաժամային իրավիճակներում, որպեսզի ավելի արդյունավետ աշխատեն:
Ծրագրի համակարգող Արմենուհի Բուրմանյանի խոսքով, հետազոտությանը մասնակից ուսուցիչներն ընտրվել են պատահականության սկզբունքով: «Ընտրել ենք 121 դպրոց`Երեւանից եւ մարզերից: Ամեն դպրոցից ընտրվել է 3-ական ուսուցիչ` տարբեր կարծիքներ ապահովելու համար, ուսուցիչներն առցանց են պատասխանել հարցերին»,-ասաց նա:
Խոսելով արդյունքների մասին`ընդգծեց. «Չմոռանանք, որ առցանց կրթությունը Հայաստանում կազմակերպվեց COVID-ի պայմաններում, ինչն ինքնին արդեն սթրեսային իրավիճակ էր բոլորի համար, որովհետեւ մարտ-մայիս ժամանակահատվածում շատ խիստ սահմանափակումներ կային տնից դուրս գալու առումով, առհասարակ մարդկանց շփումը արտաքին աշխարհի հետ նվազել էր: Երբ հարցրինք ուսուցիչներին, թե ինչպես է իրենց վրա անդրադարձել COVID-ը, 47 %-ը նշել էր, որ հոգեբանական առումով իրենց վրա բացասական ազդեցություն է ունեցել, սոցիալական կյանքի վատթարացում է տեղի ունեցել: Մոտ 40 %-ը նշել էր, որ իրենց ֆինանսական վիճակը վատացել է, քանի որ այս ամենը չէր կարող չանդրադառնալ իրենց աշխատանքային գործունեության վրա:
Մենք պատրաստ չէինք հեռավար կրթությանը, տեխնիկական խնդիրները ամենակարեւորներից էին, որոնց ուսուցիչները բախվեցին: 25-%-ը ունեցել է տեխնիկական դժվարություններ` ներառյալ տեխնիկայից օգտվելն ու տեխնիկական միջոցների, ինտերնետ կապի բացակայությունը եւ բավարար որակը: Այս ամենի հետ կապված ուսուցիչները տարաբնույթ զգացողություններ են ունեցել` բարկություն, անորոշության զգացում, սթրես, տագնապ»:
Խոսելով առցանց կրթության այլ ազդեցություններից, որոնք պարզվել են հետազոտությամբ, Արմենուհի Բուրմանյանը նշեց. «Ուսուցիչների մեծամասնությունն ընդգծել է, որ իրենցից շատ ավելի ժամանակ է պահանջվել այն աշխատանքների համար, որոնք առկա ուսուցման պայմաններում կարողացել են ավելի հեշտ կազմակերպել: 77 %-ը նշել է, որ ավելի շատ ժամանակ է պահանջվել աշակերտների հետ հաղորդակցվելու համար: Տնային առաջադրանքները ստուգելու, ծնողների հետ շփվելու, դասերը պլանավորելու համար ավելի շատ ժամանակ է պահանջվել 63%-ի համար: Ուսուցիչների 1/3-ը նշել է, որ աշակերտներն պասիվ են եղել, ավելի շատ են եղել բացակայությունները»:
Ծրագրի համակարգողի խոսքով այս ամենը պատկերացնելով` կարելի է հասկանալ, թե ինչ դժվար է եղել ուսուցիչների համար, հատկապես որ նրանց մոտ պատասխանատվության աստիճանը բարձր է, եւ իրենք ձգտում ունեն իրենց աշխատանքը առավելագույնս անթերի կատարել: Չնայած ուսուցիչների 16 %-ն է նշել, որ հոգեբանական աջակցություն է ստացել, բայց միայն 3%-ն է դիմել պրոֆեսիոնալ հոգեբանների: Ուսուցիչները նաեւ հայտնել են, որ հոգեբանական աջակցության հնարավորություն դպրոցներում չի եղել:
Մանկական հոգեբան Վարսի Սենեքերիմյանը նշեց, որ իրավիճակը սթրեսային է եղել նաեւ երեխաների համար. «Երեխաների համար անհասկանալի էր, թե ինչու ուսուցչին չեն տեսնելու, բնական շփում չի լինելու: Տեխնիկական խնդիրները եւ ոչ անմիջականությունը տանում էր նրան, որ բովանդակային առումով բացթողումներ էին լինում երեխաների համար: Այն նյութը, որ պետք է մատուցվեր շփման հաղորդակցման, ինտերակտիվ միջոցներով, կորում էր առցանց կրթության պարագայում, երեխաները չէին ունենում բավարարվածության զգացողություն տվյալ դասից»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ