Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը՝ քովիդի դեմ «Աստրա-Զենեկա» պատվաստանյութի ձեռք բերման մասին

Մարտ 18,2021 13:55

«Մի շարք երկրներ կորոնավիրուսի դեմ «Աստրա-Զենեկա» պատվաստանյութի որոշ խմբաքանակների օգտագործումը կասեցրել են, որպեսզի մասնագիտական հանձնաժողովները պարզեն՝ արդյոք պատվաստումից հետո քաղաքացիների մոտ ի հայտ եկած կողմնակի երեւույթները կապվա՞ծ են պատվաստանյութի հետ, թե՞ ոչ։ Մենք ուշադիր հետեւում ենք, կապի մեջ ենք, երբ լինի գնահատականը, ապացուցվի պատճառահետեւանքային կապը, ապա մենք էլ կձեռնարկենք անհրաժեշտ միջոցները՝ մեր հետագա բանակցությունների ընթացքը հասկանալու համար»,-այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նկատեց՝ խնդիրը ոչ թե ամբողջ պատվաստանյութի հետ է կապված, այլ որոշ խմբաքանակների, որովհետեւ պատվաստանյութերը նաեւ շատ հստակ ջերմային ռեժիմով պետք է տեղափոխվեն, այսինքն, պետք է հետաքննվի ոչ միայն պատվաստանյութի որակը, այլեւ դրա տրանսպորտային փոխադրման հետ կապված խնդիրները։

Տիկին Ավանեսյանն ասաց, որ «Կովակսի» միջոցով «Աստրա-Զենեկայի» ձեռք բերման բանակցություններն ընթանում են, սակայն վերջնական որոշումը կայացվելու է հիմնվելով միջազգային մասնագիտական կառույցների եզրակացությունների վրա։

Այժմ ՀՀ-ում պատվաստումներն ընթանում են, եւ ինչպես նախարարը հիշեցրեց, ընդգրկված են ռիսկի խմբի քաղաքացիներն ու բուժաշխատողները, պատվաստումը ռուսական «Սպուտնիկ-Վ»-ն է։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսային իրավիճակին, ապա նախարարը տեղեկացրեց, որ 12 հիվանդանոց դարձել է քովիդ սպասարկող, նոր դեպքերի աճին համընթաց ավելացվում են մահճակալների թիվը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031