ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն կարևորում է 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնության լիարժեք կատարումը, այդ թվում գերիների վերադարձը: Նա նաև կարևորել է վստահության ամրապնդման ջանքերի, ինչպես նաև միջազգային դերակատարների՝ առանց խոչընդոտ տարածաշրջան մուտք գործելու անհրաժեշտությունը: Այս մասին ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում Լինդեի՝ Ադրբեջան կատարած այցի արդյունքում տարածված հաղորդագրության մեջ:
Այցի ընթացքում Լինդեն հանդիպում էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնյաների ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ:
«ԵԱՀԿ-ն անցած տարիների ընթացքում կարևորել է միջազգային ջանքերը՝ խթանելու խաղաղությունը և նպաստելու համապարփակ, կայուն խաղաղության հաստատմանը: Որպես գործող նախագահ՝ ես լիարժեք սատարում եմ ԵԱՀԿ համանախագահների և իմ անձնական ներկայացուցչի շարունակական աշխատանքին: ԵԱՀԿ-ն և միջազգային հանրությունն, ընդհանուր առմամբ կարևոր դերակատարություն ունեն ծառացած հարցերը լուծելու և առաջ շարժվելու գործում»,- ասել է Լինդեն:
Լինդեն նաև ընդգծել է Կանանց, Խաղաղության և Անվտանգության օրակարգի հետագա առաջխաղացումը և, որ անհրաժեշտ է հարգել ԵԱՀԿ սկզբունքներն ու միջազգային իրավունքը, այդ թվում միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքները:
Կարդացեք նաև
«Այցը ինձ հնարավորություն տվեց քննարկել ԵԱՀԿ շվեդական նախագահության առաջնահերթությունները: Մենք շեշտը դնում ենք ԵԱՀԿ հիմնարար խնդիրների վրա՝ պաշտպանելու Եվրոպական անվտանգության կարգը, պահպանելու ԵԱՀԿ համապարփակ անվտանգության բացառիկ կոնցեպտը, և կենտրոնանալու հակամարտությունների լուծման վրա: ԵԱՀԿ-ն ունի ամուր մանդատ՝ նպաստելու հակամարտությունների կարգավորմանը, և լիարժեք պաշտպանում է Մինսկի գործընթացի շարունակական ջանքերը»,- ասել է Լինդեն:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ