Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը
Արցախյան վերջին պատերազմի առաջին օրերին Հայաստանից Արցախին օգնության հասած «սպիտակ ջոկատի զինվորներից» էր նաև ապագա բժիշկ Քրիստինե Գալստյանը։ Նա սովորում է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսում։ Քրիստինեն խոստովանում է՝ չէր կարող ռազմաճակատ չգնալ, քանի որ իրենց կարիքը շատ մեծ էր ու պետք էր մասնակցել հայրենիքի փրկության համար պայքարող վիրավոր զինծառայողներին բուժօգնություն տրամադրելու գործին։
Սեպտեմբերի 28-ի առավոտյան, առանց սպասելու կամավորական ջոկատների ձևավորմանը, շտապել են Արցախ՝ իրենց պարտքը հայրենիքին կատարելու։ «Ես ու մասնագիտությամբ ստոմատոլոգ ամուսինս՝ Ռոբերտ Խաչատրյանը, ինչպես նաև արմատներով արցախցի ընկերուհիս՝ Նարինե Արզումանյանը, որոշեցինք կամավորագրվել հայրենիքին ծառայելու նվիրական գործին և մեկնեցինք Արցախ։ Նարինեի հետ նույն կուրսում և խմբում ենք սովորում։ Սկզբում անգամ չգիտեինք՝ որ հատված ենք գնում։ Ճանապարհին անընդհատ զանգում էինք, քննարկում, փորձում հասկանալ՝ որտեղ մեր կարիքը կարող է ավելի շատ զգացվել»,-պատմում է Քրիստինե Գալստյանը՝ հավելելով, որ գնացել են Մարտունու հիվանդանոց, որի ուղղությամբ թշնամին հրետակոծություն էր սկսել և նույնիսկ ճանապարհ գնալն էր վտանգավոր։ Մարտունի հասնելուն պես միացվել է տագնապի ազդանշան, որը զգուշացրել է հիվանդանոցի տարածքում անօդաչու թռչող սարքերի մասին։ Այդ պահից էլ զգացել են, որ ռազմաճակատի ամենաթեժ կետում են:
«Հիվանդանոցն ուներ մասնագետների կարիք, և տարբեր վայրերից բժիշկներ էին եկել Մարտունի։ Մենք ինչով կարող էինք, օգնում էինք բժշկական անձնակազմին»,- հավելում է նա՝ ավելացնելով. «Բժիշկները պատմում էին, որ մեծ թվով վիրավորներ են տեղափոխել Մարտունու հիվանդանոց։ Մարդկային կորուստներն ու վիրավորները եղել են հենց պատերազմի առաջին օրը։ Մենք պատրաստում էինք շտապօգնության մեքենաներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում մարտի դաշտից վիրավորներին արագ տեղափոխենք»,-նշում է Քրիստինե Գալստյանը՝ ընդգծելով, որ առաջին օրը զբաղված էին այդ կազմակերպչական աշխատանքով. հիվանդանոցի զրոյական հարկում առանձին վիրահատարան, առաջին բուժօգնության, վերակենդանացման բաժանմունք են կահավորել։ Ավագ գործընկերները սովորեցրել են՝ ինչպես պետք է աշխատել մարտի դաշտում:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ հիվանդանոցը հագեցած էր վիրավոր զինվորներին և քաղաքացիական անձանց օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ պարագաներով։
ԵՊԲՀ սովորողը հիշում է հոկտեմբերի 1-ը, երբ ադրբեջանական զինված ուժերի կողմից Մարտունի քաղաքում քաղաքացիական բնակչության թիրախավորման հետևանքով զոհվեց 4 և վիրավորվեց 11 քաղաքացիական անձ: Վիրավորների թվում էին նաև լրագրողներ, որոնցից երկուսը՝ ֆրանսիական «Լա Մոնդ» թերթից՝ Յաղոբզադեն Ռաֆայել Շառլզը և Ալան Կավալը: Նրանք նախ տեղափոխվել են Մարտունու հիվանդանոց։
Այդ օրերին մասնագիտական պարտքը կատարելուն զուգահեռ՝ բժշկական անձնակազմի համար Քրիստինեի և նրա ամուսնու նախաձեռնությամբ կազմակերպվել է ասմունքի երեկո։ «Կարդում էինք հայրենիքին նվիրված բանաստեղծություններ՝ Իսահակյան, Չարենց, Սևակ, այդ պահին ով ինչ գիտեր՝ նպատակ ունենալով խլացնել ռումբերի պայթյունների ձայները, բարձրացնել հայրենասիրական ոգին։ Ասմունքում էին բոլորը՝ բժշկից մինչև կամավորներ»,-ասում է բժշկական մայր բուհի ուսանող Քրիստինե Գալստյանը։
Վերհիշելով պատերազմի դժվարությունները՝ ԵՊԲՀ ուսանողը խոստովանում է. «Ստացանք գիտելիք, մեծ փորձ, շատ ընկերներ ձեռք բերեցինք։ Այդ օրերին ամրապնդվեց մինչև պատերազմն իմ ունեցած համոզմունքը՝ բուհն ավարտելուց հետո կմնան հայրենիքում և գիտելիքս կծառայեցնեմ հանուն նրա զարգացման։ Ես հասկացա, որ մեզնից յուրաքանչյուրը պարտք ունի երկրի առաջ ու գոնե մեր գիտելիքով, լավ մասնագետ դառնալով կարող ենք նպաստել մեր երկրի կայունացմանն ու զարգացմանը։ Այդ օրերին Արցախում գտնվելով՝ ավելի մեծ պատասխանատվություն զգացի ու հասկացա, թե որքան կարևոր է մեր ընտրած մասնագիտությունը:
Քրիստինե Գալստյանի ցանկությունն է, որ հետպատերազմյան օրերին յուրաքանչյուրս զգանք մեր սխալները ու փորձենք առաջ շարժվել՝ սպիացնելու պատերազմից ստացած վերքերը։ Մի քանի ամիս անց ապագա բժիշկը կհանձնի պետական քննությունները՝ ընտրելով մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտությունը։