Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ավարտել է պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց կարիքների համալիր գնահատումը։ Մասնավորապես, այն անձինք, որոնք ունեն վերջույթների պրոթեզավորման կարիք, նրանց կարիքների գնահատումն իրականացվել է միջազգային չափանիշներին համապատասխան։
Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ Նա հայտնեց, որ բացի առողջական խնդիրների գնահատումից, գնահատվել են նշված խմբի անձանց միջավայրային խնդիրները՝ կենցաղային, տնային պայմանները, քանի որ շատ հաճախ կենցաղային որոշակի սահմանափակումները հնարավորություն չեն տալիս նույնիսկ պրոթեզի պարագայում լիարժեք ներառվել։
«Միջազգային պրոթեզարանների հետ ունենք պայմանավորվածություններ, եվրոպական եւ ամերիկյան պրոթեզարաններ են, որտեղից ձեռք են բերվելու միջազգային չափանիշներին համապատասխան բազմաֆունկցիոնալ պրոթեզներ եւ առաջիկայում խումբ առ խումբ կիրականացվի պրոթեզավորումը։ Զուգահեռ կիրականացվի տնային պայմանների հարմարեցում, որպեսզի կենցաղային սահմանափակումները հնարավորինս նվազեցվեն»,-ասաց նախարարը։
Պարոն Առաքելյանը վստահեցրեց՝ պրոթեզների գնային սահմանափակում չի լինելու, այսինքն` անհատական կարիքների գնահատման հիման վրա, յուրաքանչյուր անձ, ինչպիսի ֆունկցիոնալության պրոթեզի կարիք ունենա, նման պրոթեզի ձեռքբերում է իրականացվելու։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ