«Պահանջվում է մինչև 32 տարեկան բարետես վաճառողուհի: Լեզուների իմացությունը կդիտվի առավելություն, աշխատանքային փորձը պարտադիր է»: «Գրասենյակում պահանջվում է մինչև 35 տարեկան գործավարուհի: Օտար լեզուների իմացությունը պարտադիր է, աշխատանքային երկարաժամկետ փորձը ևս»: Սրանք երկու հայտարարություն են այն մեծ ցանկից, որը կարելի է հանդիպել աշխատանքի որոնման ամենապարզ կայքերում: Իրականում աշխատաշուկայում խնդիրներն այնքան շատ են ու բազմազան, որ մեկ հրապարակման շրջանակներում բոլորին անդրադառնալ ուղղակի անհնար է:
Երբեմն ներկայացվող պահանջներին ու աշխատավարձերին նայելով տպավորություն ես ստանում, թե գործատուն անձնական ստրուկ է փնտրում, ոչ թե պրոֆեսիոնալ, մասնագիտական բարձր որակներ ունեցող, բարեխիղճ աշխատակից: Իսկ վերջում հատկապես գործատուների համար մի կարևոր հիշեցում: Դեռևս 2019 թ.-ի սեպտեմբերին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած օրինագիծը, որով առաջարկվում էր աշխատանքի ընդունվելիս կամ աշխատանքային հարաբերությունների ընթացքում տարիքային սահմանափակումն օրենքով ֆիքսել որպես խտրականություն:
Մասնավորապես՝ Աշխատանքային օրենսգիրքը լրացվել է նոր՝ «Խտրականության արգելումը» հոդվածով, որում նշվում է. «Խտրականություն է համարվում սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է կոլեկտիվ և (կամ) անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման և (կամ) փոփոխման և (կամ) դադարման դեպքերում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումը կամ մյուսների հետ հավասար հիմունքներով աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման և (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի տարբերակումը, բացառումը կամ սահմանափակումն օբյեկտիվորեն արդարացված են հետապնդվող իրավաչափ նպատակով և այդ նպատակին հասնելու համար կիրառվող միջոցները համաչափ են ու անհրաժեշտ»:
Միևնույն ժամանակ «աշխատանքի ընդունման հայտարարություններում (մրցույթներում) և աշխատանքային հարաբերությունների իրացման ընթացքում արգելվում է գործնական հատկանիշներից և մասնագիտական պատրաստվածությունից ու որակավորումից բացի խտրականության հիմք հանդիսացող որևէ այլ պայման սահմանելը, բացառությամբ, եթե դրանք բխում են աշխատանքին ներհատուկ պահանջներից»:
Կարդացեք նաև
Հիմա մեկ՝ գուցե հռետորական հարց՝ ինչպե՞ս եմ ապացուցելու, որ ինձ աշխատանքի չեն ընդունել՝ տարիքս հաշվի առնելով, և արդյո՞ք գործատուն չի կարող պատճառաբանել, որ, օրինակ՝ ես չգիտեի համակարգչային այսինչ ծրագիրը, և ինձ մերժելու պատճառը դա է: Այստեղ աշխատանք փնտրողը հանդիպում է «պատին, որը ծակել չի կարող»: Այսինքն՝ փաստացի ունենք գործող օրենք, որը չի՞ գործում:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում