Բարև հայ մարդ, ես Վահան Բադասյանն եմ.
Սա քաղաքական կոչ չէ՛, այլ… զրույց:
Խոսքս ուղղում եմ ցանկացած ՀԱՅԻ, առանց տարանջատման, թե որտեղացի է, ուղղում եմ ցանկացածին՝ ընկեր, չընկեր, համախոհ, ոչ համախոհ, սատարող, չսատարող, մեղադրող կամ գովաբանողին:
Այս դժնի օրերին, ազգս ու երկիրս նորից հուսահատ կանգնած է կործանման եզրին: Ես վերադարձել եմ Արցախ և պիտի լծվեմ Արցախը հայ պահելու, Արցախը շենացնելու, Արցախը ոտքի հանելու և առողջացնելու անհրաժեշտ և անհետաձգելի գործին: Մի կողմ դնելով իմ բոլոր քաղաքական տարաձայնություններն Արցախի ղեկավարության հետ, ես անձամբ դիմել եմ Արցախի նախագահին, առաջարկել իմ աջակցության ծրագիրն ու պատրաստակամություն հայտնել ծառայելու իմ ազգին ու երկրին:
Իմ առաջարկություններն ընդունվել են և ես պատրաստ եմ մինչև վերջին շունչս ծառայել այդ սուրբ գործին` ոչ միայն ռազմի դաշտում, այլև Արցախ աշխարհս կորստից փրկելու և շենացնելու գործին: Այս ծանր աշխատանքին լծվելը շատերդ ընդունեցիք որպես դավաճանություն սկզբունքներիս: Հենց սկզբունքներս են ինձ առաջնորդել մի կողմ դնել տարակարծություններս Արցախի ղեկավար կազմի հետ և սկսել փրկել ու կենդանացնել Հայրենիքս` կյանքիս գերագույն արժեքը, հանուն որի, պատրաստ եմ զոհել ամեն ինչ…
Կարդացեք նաև
Բոլո՛րդ իմացած եղեք, ինձ համար այսօր ամենակենսականն ու կարևորը, Հայրենիքիս փրկությունն է:
Համառ ու տքնաջան աշխատանքով պիտի ապացուցենք մեր անմնացորդ սերն առ Հայրենիք:
Ես ուսերիս եմ վերցնում երկիրս փրկելու պարտքի, պարտականության և պատրաստակամության իմ բաժինը:
Ամենքս սկսենք մեզնից, ամենքս բարեխիղճ կատարենք Հայրենիքի վերանորոգման մեր պարտք՝ պահանջը:
Թեկուզ փոքր քայլերով, սկսենք լուծում տալ ստեղծված իրավիճակին, ՍԿՍԵՆՔ ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵԼ ՄԵՌՅԱԼ ԿԵՏԻՑ…
Համաձայն չե՞ք ինձ հետ, շարունակե՛ք ձեր գզվռտոցը, զազրախոսությունն ու պաթոսախեղդ աթոռակռիվը:
Ես գնում եմ ԳՈՐԾՈՎ պաշտպանելու և պահպանելու մեր երկիրը:
Բոլորիդ մտքերին պարզություն և ավելի օգտակար լինելու կամք ու քաջություն: