Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հույս ունեմ, որ այլ պետություններ ու միջազգային խոշոր կազմակերպություններ օրինակ կվերցնեն Ռուսաստանից՝ վերջապես կոտրելով Արցախի միջազգային արհեստական մեկուսացման սառույցը. Արտակ Բեգլարյան

Մարտ 18,2021 10:14

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

Քանի որ պարբերաբար հարցեր են առաջանում Արցախի արտաքին քաղաքական մոտեցումների մասին, հիշեցնեմ, որ ըստ ԱՀ Սահմանադրության 93-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հանրապետության նախագահը «ղեկավարում է պետության ներքին և արտաքին քաղաքակա­նությունը»: Իսկ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը 2020թ. դեկտեմբերի 16-ի իր ուղերձում հստակորեն ներկայացրել է մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղենիշները, որոնցից էլ պետք է բխեն պետական բոլոր մարմինների արտաքին քաղաքական գործողությունները. տվյալ հատվածի մեջբերումը՝ ստորև.

«Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական ուղղություններն ու առաջնահերթություններն, ընդհանուր առմամբ, չեն փոխվել, սակայն կրել են փոփոխություններ իրենց ուժգնության առումով: Մասնավորապես՝ հարկ է առանձնացնել հետևյալ հիմնական ուղղություններն ու նպատակները՝

  • Արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն է նաև քաղաքական գործիքակազմով: Պետք է Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների արտաքին քաղաքական ամբողջ ներուժը խելացի ու հետևողական կերպով սպասարկի այդ առաջնահերթ նպատակի իրագործմանը՝ ապահովելով կայուն, տևական ու արժանապատիվ անվտանգ միջավայր սեփական հայրենիքում ապրելու համար:
  • Երկրորդ ուղղությունը Արցախի միջազգային կարգավիճակին առնչվող հարցերի հստակեցումն է, որը ենթադրում է Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչում՝ հիմնված մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի անվերապահ ճանաչման վրա: Եթե նախապատերազմյան ժամանակահատվածում հակամարտության կարգավորման հիմքում դրված էին երեք հիմնական սկզբունքներ՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն, ապա այս պատերազմը պարզապես վերացրել է դրանցից երկուսի՝ ուժի սպառնալիքի բացառման ու տարածքային ամբողջականության սկզբունքների իմաստը: Մասնավորապես, աշխարհի համար քննարկումից դուրս է այն ճշմարտությունը, որ Ադրբեջանն է դիմել ուժի կիրառման, որի ընթացքում համակարգված ու դիտավորյալ կերպով կատարել է մարդկության դեմ ուղղված և բազմաթիվ պատերազմական հանցագործություններ՝ Թուրքիայի ու վարձկանների ակտիվ մասնակցությամբ: Ընդ որում՝ այժմ ոչ մի տեսանելի հիմք չկա պնդելու, որ միջազգային հանրությունը ցանկություն ունի պատժելու Ադրբեջանին՝ ուժի ապօրինի կիրառման և մարդկության դեմ հանցագործության համար: Բացի դրանից, ուժի կիրառման և քաղաքական պայմանավորվածության հետևանքով ոչ միայն Ադրբեջանը չունի միջազգային ընկալմամբ տարածքային ամբողջականության խնդիր, այլև այդ երկիրը վերջին պատերազմում բռնազավթել է 1991թ. հռչակմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պատկանող որոշ տարածքներ՝ ի լրումն 1990-ականներին զավթված այլ տարածքների՝ տասնյակ հազարավոր բնիկ հայերի դարձնելով անօթևան:

Ուստի, եթե երեք սկզբունքներից երկուսը դարձել են ժամանակավրեպ, ապա պարտադիր է անհապաղ կյանքի կոչել նաև երրորդ սկզբունքը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը, որպեսզի հնարավոր լինի մտածել հակամարտության կարգավորման մասին: Այդ առումով կարևոր է հաշվի առնել և՛ Արցախի ժողովրդի կրած զրկանքներն ու տառապանքները, և՛ նոր ոճրագործությունների առկա գոյաբանական վտանգները՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դիտարկելով որպես փոխհատուցող ու կանխարգելիչ մեխանիզմ: Բոլորի համար հասկանալի է, որ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակը նշանակալի գործնական երաշխիքներ է տալու մեր ժողովրդի անվտանգության ու իրավունքների պաշտպանության ապահովման համար:

  • Երրորդ ուղղությունը Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն է, որն ունի և՛ անվտանգային, և՛ հումանիտար նշանակություն մեր ժողովրդի համար:
  • Չորրորդ ուղղությունը մարդասիրական հարցերի կարգավորումն է, որը ներառում է թե՛ գերիներին ու անհետ կորածներին առնչվող խնդիրների լուծում, թե՛ տեղահանված անձանց իրենց բնակավայրեր վերադարձի ապահովում, թե՛ հոգևոր-մշակութային ժառանգության պատշաճ պաշտպանություն: Այդ համատեքստում շատ կարևոր է միջազգային մարդասիրական շարունակական աջակցության ապահովումը, որի առաջամարտիկն է դարձել օտարերկրյա պետություններից Ռուսաստանի Դաշնությունը՝ Արցախին ցուցաբերվող ուղիղ ու մեծածավալ աջակցությամբ: Հույս ունեմ, որ այլ պետություններ ու միջազգային խոշոր կազմակերպություններ օրինակ կվերցնեն Ռուսաստանից՝ վերջապես կոտրելով Արցախի միջազգային արհեստական մեկուսացման սառույցը: Անշուշտ, Հայաստանի Հանրապետության անվերապահ, մշտական ու անգնահատելի աջակցությունը Արցախին որևէ կերպ չի կարելի դիտարկել այդ տեսանկյունից, և խոսքը բացառապես միջազգային աջակցության մասին է:
  • Հինգերորդ ուղղությունը սոցիալ-տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը միտված արտաքին քաղաքականությունն է, ինչի շնորհիվ պետք է ձգտենք միջազգային մեկուսացումը վերացնել նաև տնտեսական առումով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031