Մենք որևէ պայման չենք դրել: Ընդամենը ասել ենք, որ Ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական դաշտը, հատկապես խորհրդարանական ուժերը գան համաձայնության: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, իշխանությունները «Լուսավոր Հայաստանի» առջեւ պայման են դրել, որ «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններին կողմ քվեարկելու դեպքում կգնան արտահերթ ընտրությունների:
«Ճիշտ է, մենք ունենք սահմանադրական մեծամասնություն և կարող ենք ինքներս ընդունել Ընտրական օրենսգիրքը՝ առանց որևէ մեկի հետ քննարկելու, բայց ընտրությունները կլինեն ավելի լեգիտիմ, շատ ավելի քաղաքակիրթ, ընդունելի, եթե ամբողջ քաղաքական դաշտը դրա շուրջ գա համաձայնության: Սա նախապայման չէ: Կարծում եմ՝ Ընտրական օրենսգրքի նախագիծը մյուս շաբաթվա օրակարգի մեջ ընդգրկված կլինի: Նաև քննարկումներից կտեսնեք, որ ընդամենը քաղաքական դաշտից սպասում ենք արձագանք, որովհետև Ընտրական օրենսգիրքը վերաբերում է բոլորին»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում