ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որդու անունն առաջին անգամ իմացել եմ 2008 թ.-ին, երբ ԶԼՄ-ները գրել էին, թե իբր Տեր-Պետրոսյանը որդուն ուղարկել է ԱՄՆ՝ երկրի քաղաքական լարված իրավիճակով պայմանավորված։ Մինչ այդ որևէ իրավիճակում չէի տեսել Դավիթին կամ չէի լսել նրա մասին։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեխաները նույնպես իրենց հոր պաշտոնավարման ընթացքում երբեք հանրության ուշադրության կենտրոնում չեն եղել։ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոնը, միայն վերջին տարիներին, պայմանավորված Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով, հայ հանրության տեսադաշտում հայտնվեց։
Ինչ վերաբերում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երեխաներին, ապա, վստահ եմ, որ Հայաստանում մի քանի հազար մարդ կա, որ ընդամենը գիտի Սարգսյանի աղջիկների անունները։ Ուրիշ ոչինչ։
Գործող նախագահ Արմեն Սարգսյանի երեխաների մասին նույնպես շատ ասելիք չկա, մեր հասարակությունը նրանց չի ճանաչում։
Կարդացեք նաև
Այդուհանդերձ, մինչ բուն խնդրի քննարկման շարունակումը մի դիտարկում պետք է անեմ և մի հարց բարձրաձայնեմ։ Արդյո՞ք 21 կամ 23 տարեկան մարդը երեխա է, թե ոչ և արդյո՞ք հայ հասարակությունը իրավունք ունի քննարկելու այդ մարդկանց հանրային և քաղաքական վարքագիծը նախ՝ այն պատճառով, որ իրենք են ցուցաբերում մեծ ակտիվություն և նաև այն պատճառով, որ նրանց հայրը զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը։ Պատասխանը մեկն է՝ միանշանակ՝ այո։ Բայց և այնպես, վերջերս հաճախ եմ կարդում լալահառաչ տեքստեր, թե՝ հայ-հարայ, չի կարելի մտնել մարդկանց ընտանիք, երեխաներին չի կարելի թիրախավորել։ Այո, համաձայն եմ՝ չի կարելի մտնել մարդկանց ընտանիք և չի կարելի թիրախավորել երեխաներին։ Մենք, օրինակ՝ միշտ պահպանել ենք այդ «կարմիր գիծը», դա աշխարհընկալման, մոտեցման, մտածողության, արժեհամակարգի խնդիր է:
Բայց, կներեք, նախ՝ հասկանանք՝ իսկ ո՞վ է մտել Նիկոլ Փաշինյանի ընտանիք, կամ՝ Մարիամն ու Աշոտը երեխանե՞ր են։ Եթե Մարիամը երեխա է, ապա որտե՞ղ եք տեսել երեխան քաղաքական բովանդակությամբ ստատուսներ գրի, հարցազրույցներ տա, խառնվի քաղաքական պրոցեսներին։ Եթե Աշոտն է երեխա, ապա ինչո՞ւ պիտի Աշոտից փոքր երեխաները մեր սահմանները պաշտպանեն, իսկ ամիսներ առաջ էլ հերոսաբար թշնամու դեմ կռվեին։ Վերջապես, եթե դու մտնում ես հանրային դաշտ, ուրեմն պիտի պատրաստ լինես նաև համարժեք արձագանքներին:
Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում