«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի դիտարկումները
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը «Առավոտի» հետ զրույցում որոշ վիճակագրություն ներկայացրեց վերջին երկու տարվա կտրվածքով` հուշարձանների տարածքում կատարված իրավախախտումների մասին: Նրա ձեւակերպմամբ, երբ խոսում են հուշարձանների տարածքում իրականացվող իրավախախտումների մասին, բոլորը մտածում են, թե դրանք գանձագողության դեպքերն են, մինչդեռ իրավախախտումները տարբեր են: Դրանց մեջ մտնում են ինքնակամ, ապօրինի շինարարությունները, գանձագողությունը, հողաքանդման աշխատանքները, վանդալիզմը, անօրինական հուղարկավորությունները, գողությունները:
Ինչ վերաբերում է գանձագողության դեպքերին, պարոն Թարվերդյանը նշեց, որ 2020թ. եղել է 12 նման դեպք, 2021-ին ընդամենը 4 գանձագողության դեպք: Խնդրեցինք վանդալիզմի ամենաարտառոց դեպքը նշել: Պարոն Թարվերդյանը հիշեցրեց Հոլոքոստի եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ապրել, չմոռանալ» հուշարձանի պղծման փաստը, երբ անհայտ անձինք հուշարձանի վրա կարմիր ներկ էին լցրել:
Գանձագողության «մասով» էլ հիշեց անցյալ տարի Ագարակ արգելոց-թանգարանի տարածքում կատարված դեպքը, որի ժամանակ հավանական կասկածյալին հանդիպել էին արգելոցի վարիչն ու պահակը: Ինքնակամ, ապօրինի շինարարության դեպքերի մասին խոսելիս ՊՈԱԿ-ի տնօրենը նշեց, որ դրանց թիվը բավականին մեծ է, հետեւաբար ապօրինի շինարարությունները հաճախ առնչվում են նաեւ հուշարձանների տարածքներին: Նա այս համատեքստում մի փոքր պարզաբանում մտցրեց. «Երբ մենք ասում ենք ինքնակամ շինությունը խախտել է հուշարձանի տարածքը, նկատի ունենք նրա` կամ պահպանական գոտին, կամ կառուցապատման կարգավորման գոտին, կամ տեսողական ընկալման գոտին: Հայաստանում շինարարության հետ կապված դեռ չի արձանագրվել դեպք, որ անմիջապես հուշարձանի տարածքում լինի»:
Կարդացեք նաև
Արա Թարվերդյանը նշեց, որ իրավախախտումների մեջ են մտնում նաեւ ապօրինի հուղարկավորությունները. «Բավական հայտնի դեպքերից էր այն, որ մեկ-երկու տարի առաջ Քալանթարյանների տոհմական գերեզմանում (Լոռու մարզ), պատմական գերեզմանի տարածքում տեղի էր ունեցել հուղարկավորություն»:
Մեր զրուցակիցը միաժամանակ հավելեց. «Ցավոք սրտի, մեր վերջին պատերազմից հետո ունենք օրենսդրության եւ իրականության բախման խնդիր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ դեպքերում հուղարկավորում են մեր զոհված զինվորներին, այդ դեպքում կատարվածը չի կարելի արձանագրել որպես իրավախախտում, որովհետեւ դա աղետ է, որը վերաբերում է բոլորիս: Հուղարկավորությունների հետ կապված մի փաստ էլ եմ ուզում նշել: Ըստ ՏԻՄ-երի, բավականին բարդ չափորոշիչներ են դրված իրենց վրա, որպեսզի կարողանան կազմակերպել նոր գերեզմանատան տարածք: Նրանք այդ դժվարությունը շրջանցելու համար օգտագործում են պատմական գերեզմանատունը ու հայտնվում են օրենքի դաշտից դուրս»:
Հարցրինք` ունե՞ն բավարար մարդկային ռեսուրսներ, որպեսզի կարողանան պահպանություն իրականացնել բոլոր հուշարձանների տարածքներում: Նա նշեց, որ եթե խոսքն ընթացիկ ամբողջ պահպանության մասին է, բնական է, որ 220-225 հոգին չեն կարող բարձր արդյունավետությամբ իրականացնել 20000-ից ավելի հուշարձանների պահպանությունը:
Հետաքրքրվեցվինք նաեւ վիճելի տարածքներում հայտնված հուշարձանների պահպանության հարցերով: ՊՈԱԿ-ի տնօրենն ասաց, որ այս առումով էլ որոշակի խնդիրներ կան: «Խորհրդային ժամանակահատվածում այլ մեթոդով են արվել չափագրական գործողությունները, հիմա գոյություն ունի GPS համակարգը… Շատ ժամանակ երկու տեղանքների համադրումները տալիս են խոտորված պատկեր, եւ դժվար է սեփականատիրոջն ասել, որ եթե դու 90-ականներին շինություն ես կառուցել քեզ հատկացված տարածքում, որն այն ժամանակ ամբողջովին թույլատրելի էր եւ բոլոր փաստաթղթերով համարվում էր ճիշտ, գուցե այս չափումների ժամանակ քո շինությունը հայտնվի հուշարձանի տարածքում»:
Արա Թարվերդյանը հայտնեց, որ դատական գործերը շատ են հատկապես այն մարզերում, որտեղ տնտեսական գործունեության համար ավելի նպաստավոր պայմաններ ու անցուդարձ կա, մյուս կողմից էլ, նրա խոսքով. «Ցանկացած հանքավայր օգտագործող տնտեսվարող սուբյեկտ պոտենցիալ կարող է մեզ հետ շահերի բախման մեջ գտնվել»:
Հուշարձանների հանդեպ մարդկանց վերաբերմունքին էլ անդրադարձ եղավ մեր զրույցի ընթացքում: ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով, շատ դեպքերում, օրինակ, սնահավատությունը կարող է բերել հուշարձանի պղծման. «Մարդուն կարող է թվալ, որ շատ է սիրում, հարգում, պաշտում մի որեւէ հուշարձան, խաչքար, բայց այդ խաչքարի վրա այնքան մոմ վառի, որ խաչքարի տեսքը գցի: Օրինակ, Ագարակ արգելոցի տարածքում մատուռանման մի հատված կա: Դրա պատմությունը հետեւյալն է. ինչ-որ մեկը երազում տեսել է, որ ինքը այդտեղ պետք է մատուռ կառուցի, մինչդեռ բետոնապատ մատուռ կառուցելով կարող է խեղաթյուրել պատմական միջավայրը… Չի կարելի խաչքարերի վրա մոմ վառել, մատուռներն ինքնակամ վերանորոգել, դրանք պետք է վերականգնվեն միայն մասնագիտական միջամտությամբ, անցնեն գիտամեթոդական խորհրդով եւ ոչ թե մի բան երազին տեսնեն ու փորձեն իրականություն դարձնել նյութին ոչ հարազատ նյութով:
Մի օրինակ բերեմ: Նորավանքում գտնվում են Օրբելյանների գերեզմանները: Եթե այցելուներն ուշադիր լինեն, կտեսնեն, որ տապանաքարերից մեկը մեջտեղից բավականին մեծ ճաք ունի: Իսկ ինչո՞ւ է ճաքը մեծացել: Ինչ-որ մեկը տարածել է սնահավատ գաղափար, որ եթե այդ քարից մի կտոր վերցնես, տանես տուն, տունդ կշենանա, դա կբերի առողջություն եւ այլն: Արդյունքում ունենք հուշարձանի կոպիտ վնասում, որը հնարավոր չէ վերականգնել: Չեմ բացառում նաեւ դեպքերը, որ ուղղակի կանխամտածված կարող են վանդալիզմ անել կամ գործել ոգելից խմիչքի ազդեցության տակ»:
Խոսելով խնամված եւ այցեքարտային հուշարձանների մասին` Արա Թարվերդյանն առանձնացրեց հատկապես Գառնու տաճարը, որը համարվում է իրենց ՊՈԱԿ-ի տնօրինության ներքո գտնվող թիվ 1 հուշարձանը, նաեւ կարեւոր դիրք է գրավում Մեծամորի արգելոցը, ամբողջ Մեծամոր քաղաքատեղին` իր պատմական միջավայրով եւ թանգարանով: Մեր զրուցակիցը հավելում է, որ իրենց հանրահռչակման ծրագրերում ներառում են նաեւ արգելոց-թանգարաններին ուշադրություն դարձնելը, արգելոցների տարածքներում աուդիո-գիդերի կիրառությունը: Վերջիններս կարեւոր են այնքանով, որ, օրինակ, տաքսու վարորդ-էքսկուրսավարները եւ առանձին անհատներ խառնիճաղանջ չներկայացնեն Հայաստանի պատմությունը:
«Ինձ համար զարմանալի է հասարակության վերաբերմունքը հուշարձանների պահապանների եւ մասնավորապես մեր ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների հանդեպ: Հատկապես վերջին ժամանակներում հետաքրքիր պատկեր է ստացվել: Երբ ինչ-որ աշխատանք չես անում ինչ-որ արգելոցի տարածքում, անպայման փնովում են, բայց երբ որեւէ աշխատանք ես կատարում, արդեն սկսում են փնովել մասնագիտորեն` ինչու եք ոչ թե այսպես, այլ այնպես արել»,- նշեց ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը: Նա օրինակներ բերեց, որոնցից մեկն էլ վերաբերում էր Արագածոտնի մարզի համայնքներից մեկում եկեղեցու պատի կատարված գրառմանը: Պարոն Թարվերդյանը փաստում է, որ նման երեւույթները գալիս են անցյալ դարի 70-80-ական թվականներից, ու որպեսզի հասարակությունը զերծ մնա նման քայլերից, իրենք նաեւ հանրահռչակում են վատ երեւույթները, որպեսզի գալիք սերունդը նման քայլերի չդիմի: «Պատկերացրեք, թե սոցցանցերում ինչ հարվածի տակ էինք ընկել, ասում էին` այսքան տարի գրված էր, չէին տեսնում, հիմա «աչոկ» հավաքելու համար սկսել են ցույց տալ, որ աշխատում են: Լավ, եթե չմաքրենք նման գրությունները, չխոսենք նման երեւույթների մասին, ի՞նչ անենք, թողնենք տարածվի՞»,-տարակուսանք է հայտնում ՊՈԱԿ-ի տնօրենը: Արա Թարվերդյանը մի օրինակ էլ է բերում. «Վայոց ձորի մարզի Սպիտակավոր վանքի թմբուկի վրա մեկը գրություն է թողել: Ախր այդ վանք հասնելն արդեն իսկ դժվար է, ես զարմանում եմ այն մարդու մտածելակերպի վրա, որը հասել է վանքին, բարձրացել է թմբուկի վրա ու սպիտակ ներկով գրել է Համլետ: Իմաստը չեմ հասկանում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Արա Թարվերդյանի հետ զրույցի այլ հատվածը` հաջորդիվ:
«Առավոտ» օրաթերթ
17.03.2021