Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մի՞թե գրողը՝ անկախ ազգությունից, կարող է բանաձեւ ունենալ»

Մարտ 18,2021 12:00

Ժամանակակից հեղինակ Նարինե Ավագյանի հետ զրուցեցինք գրի ու գրականության, ստեղծագործական կյանքի թեմայով։ Հարցին, թե որն է հայ գրողի բանաձեւը` Նարինե Ավագյանի համար, պատասխանեց. «Մի՞թե գրողը՝ անկախ ազգությունից, կարող է բանաձեւ ունենալ։ Ինձ խորթ տեսություն է։ Բայց եթե փորձեմ դիտարկել հարցն անմիջականորեն «հայ» բառին կապելով՝ կասեմ՝ հայերենի, հայկական մշակույթի խստագույնս պահպանումը եւ փոխանցումը գալիք սերունդներին»:

Արդի պոեզիայում, ինչու չէ նաեւ արձակում իր քայլերը Նարինեն տարիներ առաջ է հաստատունությամբ սկսել։ Նա ունի մասնագիտություն, որն իր համար խայտաբղետ քարտեզ է՝ կանաչ-կանաչ կածաններով ու զուլալ գետակներով։ Մանկավարժությունն է, բոլոր ժամանակներում կարեւորագույնը։ «Երջանկություն չէ՞ իմանալ, որ անհատի կայացման գործին այս կամ այն կերպ նպաստում ես՝ խորհրդով, գործողությամբ, հարկ եղած դեպքում՝ լռելով»,-ասում է զրուցակիցս։

Մասնագիտության հարցի շուրջ երկար զրույց ծավալվեց։ Մանկուց բժիշկ էր ցանկանում դառնալ, բայց ժառանգաբար եկող մանկավարժության կողքով Նարինեն անտարբեր չանցավ։ Հետաքրքրվեցինք, թե ինչն է հեղինակը կարեւորում կյանքում եւ ստեղծագործության մեջ։ «Կյանքում՝ ներսերի լազուրն ու թափանցիկությունը, որ սիրո եւ բարության վկայագիրն են, ստեղծագործության մեջ՝ իրականության պոեզիան ու երեւակայության սթափությունը»,-ասում է Նարինե Ավագյանը։

Նրա պոեզիայում նաեւ իրականության արտացոլանքն է, լավի ու վատի տարբերությունը։ Շտապեցի հետաքրքրվել` լինելով նաեւ մանկագիր, ինչպես է սեր եւ ջերմություն դնում մանուկների համար բանաստեղծություն գրելիս։ Ասում է, որ ցանկացած տող սիրում է հեղինակի ջերմությունը, քանի որ այդ նույն ջերմությունից պետք է նաեւ փոխանցվի փոքրիկ ընթերցողին` կլանելով նրա աշխարհը։ Իսկ կյանքն իր դժվարություններով հանդերձ Նարինեի համար դառնում է հետաքրքիր ու թանկ, քանի որ կարողանում է ուրախացնել իր փոքրիկ եւ մեծ ընթերցողներին։ Նարինե Ավագյանը կարծում է, որ յուրաքանչյուր ոք ունի հատկանիշ, որից կյանքի այս կամ այն փուլում դժգոհում է, բայց սկզբունքայնորեն իրեն, ինչպես եւ մնացածներին, ընդունում է տեսակի ամբողջականության մեջ։ «Եթե այս կամ այն հատկանիշը չլիներ, արդեն չէի լինի ես, կլիներ ուրիշը…»,-ժպտում է։

Իսկ ո՞րն է Նարինեի` հայրենիքի մշտարթուն երգը։ Իհարկե, խաղաղության թեւերից ծորացող անհոգ ժպիտն է, մորը կանչող զավակի ձայնը, որ զորացրվել, ողջ եւ առողջ տուն է վերադարձել։ Եվ եթե մեր հայրենիքի երգն այսպիսին է, թող այն ոչ միայն մշտարթուն լինի, այլ նաեւ չընդհատվող… «…Ես պիտ քայլեմ հեռու՝ երեք գույնի կանչով, ուր էլ գնամ կյանքում, ապրեմ պիտի այստեղ, արյուն թափեմ թեկուզ, պիտ փայփայեմ ամուր երկնից կապույտ պատառ, պիտի տնկեմ հասկե՜ր…»,-գրում է նա։ Այս պահին մեկ ցանկություն ունի` ջնջել ցավը հայրենիքի մասին տողերից։ Իսկ այդ տողերը գալիս են` իրենց հետ բերելով ժամանակ եւ տարածություն։ «Նա ծնվում է իր իրավունքներով՝ գրողին իր համար դեսպան կարգելով։ Յուրաքանչյուր ստեղծագործող պատասխանատու է իր ամեն բառի առաջ՝ ինչպես իր զավակի»,-եզրափակում է Նարինե Ավագյանը։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031