Հարցազրույց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ:
– Վերջերս Ֆիլհարմոնիկի գործունեության մեջ մի օրինաչափություն է նկատվում՝ օգտագործել «Արամ Խաչատրյան» համերգասրահի ամեն քառակուսի մետրը:
– Այո, եւ դա դրական օրինաչափություն է, Ֆիլհարմոնիկն ու «Արամ Խաչատրյան» համերգասրահը մեկ ՊՈԱԿ են, միեւնույն ղեկավար կազմով, այսինքն՝ այս գեղեցիկ, պատմական շենքը մեզ է վստահված եւ մենք մտադիր ենք օգտագործել դրա ամեն սանտիմետրը:
– Մեր դիտարկմամբ, տարիներ շարունակ ավանդաբար անցկացվող ֆիլհարմոնիկի ուրբաթօրյա համերգներից բացի, վերջին շրջանում հանդիպում ենք նաեւ ձեր երաժիշտների մասնակցությամբ կամերային երեկոների:
– Կամերային համերգների, ավանդույթի ձեւավորման պատճառը համավարակն էր: Շուրջ ինն ամիս նվագախումբը հնարավորություն չուներ ամբողջական կազմով հավաքվելու եւ երաժիշտները սկսեցին ամեն ուրբաթ առցանց կամերային համերգներ տալ:
Ես ողջունում եմ երաժիշտներիս նախաձեռնությունը եւ միշտ ոգեւորել եմ նրանց, որ շարունակեն նման նախաձեռնությունները:
Օրինակ, վերջերս տեղի ունեցավ «Տետ-ա-Տետ» խորագիրը կրող համերգը, որտեղ հանդիսատեսը կիսում էր բեմը երաժիշտների հետ, այսինքն՝ համերգի ժամանակ եւ երաժիշտները, եւ հանդիսատեսը գտնվում են բեմի վրա: Ինքս որպես ունկնդիր ներկա էի այդ համերգին եւ ինձ շատ դուր եկավ: Բեմի վրա տեղավորվում է մոտ 150 ունկնդիր:
Կարդացեք նաև
Ձեւաչափը, որը մտածել են մեր երաժիշտները՝ նվագախմբի ֆագոտահար Շմավոն Գրիգորյանի հետ միասին, անչափ գեղեցիկ է եւ շարունակական բնույթ կկրի: Սա կամերային երաժշտության սիրահարների համար մի յուրօրինակ նվեր կարող է լինել՝ կիսել բեմը երաժիշտների հետ եւ երաժշտության կատարմանը այսքան մոտ լինել: Աշխարհի լավագույն նվագախմբերի երաժիշտների կատարողական վարպետությունը թրծվում է նաեւ միմյանց հետ կամերային երաժշտության համերգներ նվագելու արդյունքում: Այդ ժամանակ երաժշտի համար հնարավոր է լինում ինքնուրույն մտածել՝ առանց դիրիժորի միջամտության: Այս պարագայում նրանք զարգանում են թե տեխնիկապես, թե որպես մտածող երաժիշտ: Իհարկե, դա դրական է անդրադառնում նաեւ նվագախմբի վրա:
– Ունկնդրին ծանոթ հյուրերի սրահում, որտեղ համերգից հետո գնում են երաժիշտներին շնորհավորելու, արդեն կայացել է մեկ-երկու համերգ: Արդյո՞ք դա շարունակական է լինելու:
– Այժմ այդ սրահը անվանակոչել ենք Լուիզ Մանուկյան-Սիմոնի անվան սրահ: Այնտեղ նույնպես տեղի են ունենում կամերային համերգներ՝ ավելի մտերմիկ միջավայրում: Սրահը կարող է հյուրընկալել 50 ունկնդրի: Ուրախ եմ, որ Լուիզ Մանուկյան-Սիմոնի, այս մեծ բարերարի անունը կրող սրահ ունենք «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Նրա անունը սերտորեն կապված է Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ. Լուիզ Մանուկյան-Սիմոնի հոգատար աջակցության շնորհիվ նվագախումբը ոչ միայն վերապրեց 90-ականների դժվարին ժամանակաշրջանը, այլ ունեցավ նշանակալից ձեռքբերումներ: Ֆիլհարմոնիկի երաժիշտների գալիք համերգն այս սրահում տեղի կունենա մարտի 19-ին՝ «Բաբաջանյան 100» խորագրի ներքո, կհնչեն կոմպոզիտորի կամերային ստեղծագործությունները:
Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
17.03.2021