Լրահոս
Օրվա լրահոսը

Կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Հայաստանը հայտնվել է անվտանգային կոլապսում

Մարտ 18,2021 13:30

Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանի հետ

– Պատերազմից առաջ փակվեց ՀԱԷԿ-ը: Որքանով կցկտուր տեղեկություններից տեղյակ եմ, մշակվում էր ճանապարհային քարտեզ՝ ռադիոակտիվ թափոնների թաղման, ինչպես նաեւ մինչեւ 2026 թվականը երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարացման հետ: Ի՞նչ տվեց նման որոշումը կամ ի՞նչ կտա մեզ՝ Հայաստանի տնտեսության էներգետիկ հատվածին:

– ԱԷԿ-ում շարունակվում են արդիականացման աշխատանքները, որոնց շրջանակներում այս տարի կայանը կանգնեցվելու է 141 օրով: Դրա արդյունքում ԱԷԿ-ը ցանց կփոխանցի 560 մլն կՎտ.ժ-ով պակաս էլեկտրաէներգիա, ինչը որոշակի բեռ է ստեղծում երկրում գործող էլեկտրաէներգիայի սակագների համար: Բազային խնդիրը շարունակում է մնալ նույնը. մենք չունենք Հայաստանում միջուկային էներգետիկայի զարգացման հստակ սցենար:

Վերջին ու թերեւս ամենամեծ հարվածը ոլորտին հասցվեց 2020թ. ամռանը, երբ կառավարությունը որոշում կայացրեց հրաժարվել 2015թ. հայ-ռուսական միջպետական պայմանագրով Հայաստանին ԱԷԿ-ի արդիականացման նպատակով տրամադրված 270 մլն վարկային միջոցների մնացորդից: Ու թեեւ հայտարարվում է, որ ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիան շարունակում է ԱԷԿ-ի վերանորոգման գլխավոր կապալառուի իր գործառույթներն իրականացնել, սակայն ակնհայտ է, որ ռազմավարական իմաստով ռուսական վարկից հրաժարվելը նշանակում է ապաանվտանգայնացնել ոլորտը՝ հաշվի չառնելով տարածաշրջանի էներգետիկ համակարգում տեղի ունեցող զարգացումներն ու միտումները:

Ռուսաստանն այսօր ատոմակայաններ է կառուցում Թուրքիայում ու Իրանում, նաեւ բանակցություններ են վարվում Բաքվի հետ՝ Ադրբեջանում առաջին ԱԷԿ-ը կառուցելու ուղղությամբ: Այն դեպքում, երբ տարածաշրջանում ռուսական «խաղաղ ատոմը» առանցքային դերակատարում ունի, վերոնշյալ պայմանագրի խզումը նշանակում է լրջագույն ռիսկեր ստեղծել մեր էներգետիկ ու առհասարակ՝ ազգային անվտանգության համար:

Առավել քան վստահ եմ, որ առանց Մոսկվայի, Հայաստանն ի վիճակի չի լինելու միջուկային էներգետիկա զարգացնել. սա, եթե ուզում եք, աքսիոմ է: Ճիշտ է, էներգետիկայի զարգացման համար պատասխանատու անձինք ներկայումս փորձում են առաջ տանել մոդուլային կայանի կառուցման մոդելը, ինչն ակտիվորեն քննարկվում է նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ: Կարծում եմ, սա հերթական փորձն է ապաանվտանգայնացնել միջուկային էներգետիկան Հայաստանում, քանի որ մոդուլային կայանները, որպես կանոն, ունենում են փոքր հզորություններ ու ի վիճակի չեն այնպիսի գեոռազմավարական առավելություն ապահովել, որն ապահովում էր Մեծամորի ԱԷԿ-ը Հայաստանի համար տարիներ շարունակ: Մոդուլային կայանը լավագույն դեպքում կարող է օգտագործվել ինչպես ռեզերվային միջոց:

Ամփոփելով ասեմ, որ ներկայումս ընթացող վերազինման աշխատանքներն, իհարկե, թույլ կտան ապահովել ԱԷԿ-ի շահագործումը մինչեւ 2026թ., սակայն դրանից հետո Հայաստանում միջուկային էներգետիկայի զարգացման հեռանկարները դառնում են մշուշոտ, աճելու է միջազգային ինստիտուտների ու, մասնավորապես, ԵՄ ճնշումները, որոնց պետք է արդեն այսօր պատրաստվել: Ինչ վերաբերում է ռադիոակտիվ թափոններին, ապա դրանց թաղումը լավագույն տարբերակը չէ: Խորհրդային տարիներին մենք արտահանում էինք դրանք Ադրբեջանի երկաթուղով Ռուսաստան, որտեղ դրանք կրկին հարստացում էին անցնում:

Այնուհետեւ՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, մենք տարիներ շարունակ ստիպված էինք կուտակել աշխատած վառելիքը ԱԷԿ-ի առաջին բլոկում: 2019-ին խոսվեց Վրաստանի տարածքով, այնուհետեւ Սեւ ծովով թափոնները Սվերդլովսկ հասցնելու մասին, սակայն բնապահպանական նկատառումներից ելնելով՝ Թբիլիսին դա թույլ չտվեց, ինչին էապես նպաստեցին նաեւ ադրբեջանական լոբբիստները:

Այժմ, երբ կապիտուլյացիոն ակտի բոլոր կողմերն ինքնամոռաց խոսում են տարածաշրջանում ապաշրջափակման գործընթացի մասին, կարծում եմ, տրամաբանական կլինի, որպեսզի մեր «բարեկիրթ» հարեւանները մեզ անհրաժեշտ երկաթուղային միջանցք տրամադրեն: Առավել եւս, որ թափոնների փոխադրումն իրականացվում է հատուկ կոնտեյներներով ու լիովին անվտանգ է: Եթե մենք ունենայինք Հայաստանի շահով ղեկավարվող իշխանություն, ապա ես հիմա կոչ կանեի նրանց դնել այս հարցը բանակցությունների սեղանին:

– Պատերազմից հետո վիճակը ինչպե՞ս կբնութագրեք, նկատի ունեմ անվտանգային մարտահրավերները:

– Պատերազմը դեռ չի ավարտվել, քանզի դեռ չկա խաղաղության պայմանագիր: Առայժմ առկա է եռակողմ հայտարարություն, որը միջազգային իրավունքի տեսանկյունից խիստ վիճարկելի է: Սակայն եթե հարցին մոտենանք ֆորմալ տեսանկյունից, ապա կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Հայաստանը հայտնվել է անվտանգային կոլապսում, ինչն իր դրսեւորումն է ստանում բոլոր ոլորտներում՝ բանակ, քաղաքական ինստիտուտներ, պետական կառավարման համակարգ, տնտեսություն եւ այլն:

Մեկը մյուսի հետեւից թիրախավորելով Հայաստանի ազգային անվտանգության առանցքային հենասյուները՝ ի հեճուկս քաղաքական ու պատմական տրամաբանության, Հայաստանում դեռեւս իշխող ուժը տանում է երկիրն ապաինստիտուցիոնալիզացման ճանապարհով:

Երկիրը կառավարվում է ֆրագմենտար, առանց ռազմավարական նպատակադրումների, ինչը էապես նպաստում է մեր սուբյեկտայնության նվազեցմանը: Դա շատ լավ տեսնում ու գնահատում են աշխարհում՝ այլեւս դիտարկելով Հայաստանը որպես ռիսկային գոտի բոլոր առումներով: Օտարերկրյա ներդրումների բացակայությունը դրա ուղղակի դրսեւորումներից է: Ցավոք, այս ամենի հետ մեկտեղ Հայաստանում շարունակում է ծաղկում ապրել պոպուլիզմը, որն այլեւս պետք է դիտարկել որպես ազգային անվտանգության առանցքային սպառնալիք:

Օրակարգի բացակայություն, ազգային շահի բացահայտ ոտնահարում, տնտեսական ճգնաժամ, հոգեբանական ծանր մթնոլորտ՝ ահա այս սահմանումներով է կարելի բնութագրել վերջին 4 ամիսների Հայաստանը: Կարծում եմ, այս ամենը միայն ապաշնորհ կառավարման արդյունք չէ: Հայաստանում տեղի ունեցող գործընթացները լիովին տեղավորվում են ծայրահեղական գլոբալիստական գաղափարախոսության շրջանակներում՝ ուղղված ազգային պետության հիմքերի խարխլմանը, ազգային ինքնության ոչնչացմանը:

Բանակին, եկեղեցու, կրթական ու գիտական համակարգին հասցվող հարվածներն ու դրա փոխարեն մարգինալ սոցիալական խմբերի ակտիվացումն ու քաղաքական կշռի աճը դրա վառ դրսեւորումներից է:

– Պարոն Դավթյան, վերջերս շատ է խոսվում Սյունիքում անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու մասին: Արդյոք հնարավոր համարում եք:

– Խոշոր հաշվով դա եւս տեղավորվում է վերոնշյալ քաղաքականության տրամաբանության մեջ: Առավել քան պարզ է, որ Սյունիքում ապառազմականացված գոտու ստեղծումը Հայաստանի սուբյեկտայնության նվազեցմանն ուղղված հերթական փորձն է: Խնդիրն ունի երեք շերտ: Առաջինը՝ Սյունիքը շարունակում է առանցքային աշխարհաքաղաքական դիրք ունենալ Թուրքիայի ու Ադրբեջանի համար:

Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերսկսման ու ապաշրջափակման համատեքստում Մեղրիի միջանցքի բացումը կարող է արդյունավետ լինել Անկարայի ու Բաքվի համար բացառապես իրենց կողմից այդ միջանցքի վերահսկման պայմաններում: Այդ վերահսկողությունն իրականացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանն իր սուվերեն տարածք հանդիսացող Սյունիքը հայտարարի ազատ գոտի՝ նվազեցնելով սեփական ազդեցությունն այդ տարածքում: Երբ խոսում եմ միջանցքի արդյունավետության մասին, ապա նախեւառաջ ի նկատի ունեմ թուրք-ադրբեջանական գեոռազմավարական մերձեցումն, այլ ոչ թե տնտեսական կապերը: Զուտ տնտեսական առումով Բաքուն ու Անկարան դեռ 2017 թ.-ին էապես դիվերսիֆիկացրեցին սեփական հաղորդակցությունները՝ շահագործման հանձնելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին:

Կարծում եմ, որ այժմ մշակվող Իգդիր-Կարս-Նախիջեւան-Մեղրի-Զանգելան-Բաքու միջանցքի նպատակն է ակտիվացնել ռազմական փոխադրումները՝ հետագայում Նախիջեւանում ռազմական բազայի ստեղծման հեռանկարով: Երկրորդ շերտը՝ Սյունիքի՝ պատմական ադրբեջանական տարածք լինելու մասին խոսույթն է: Ակնհայտ է, սակայն, որ աշխարհաքաղաքական իմաստով այս խոսույթի վերջնական շահառուն ոչ թե Բաքուն է, այլ անգլո-թուրքական տանդեմը, որը պանթյուրքիստական ծրագրի իրականացման ներքո փորձում է իրեն ելք ապահովել դեպի Կասպից ծով ու Կենտրոնական Ասիայի էներգառեսուրսներ:

Երրորդ շերտը իրանական գործոնն է: Ձգտելով դիրքավորվել Սյունիքում՝ Անկարան ըստ էության փորձելու է ընդլայնել հակաիրանական պլացդարմի սահմանները, ինչն ապահովվեց նաեւ 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանին մի շարք ռազմավարական նշանակության տարածքների հանձնումը: Այս կոնֆիգուրացիայում առավել քան շահագրգռված է Իսրայելը, որի ռազմատեխնիկական ակտիվ համագործակցությունն Ադրբեջանի հետ հենց այդ մոտիվն է պարունակում: Պարզ է, որ նշված երեք շերտերը փոխկապակցված են ու լրացնում են միմյանց:

– Անցյալ տարի, երբ դեռ պատերազմը չէր սկսվել, բավականին շատ էր խոսվում կառավարության երկարաժամկետ ռազմավարական ծրագրի մասին՝ 2020-2040: Ծրագրի իրականացումը կախված չէր միայն Հայաստանի ներկայումս անգործության մատնված կառավարության հետ, այլ միջազգային կազմակերպությունների, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի…Արդյոք, այդ ծրագիրը, անկախ քաղաքական-հանրային կյանքի տարուբերումներից, կկատարվի՞…եթե ոչ, ապա ինչու:

– Որպեսզի հասկանանք 2020-2040թթ. էներգետիկայի զարգացման ծրագրի ամբողջ էությունը, բերեմ ընդամենը մեկ օրինակ: Ծրագրում նշված է, որ 2026 թ. էլեկտրաէներգիայի գեներացումը Հայաստանում պետք է կազմի 12 մլրդ կՎտ.ժ: Դրանցից մոտ 45-50 տոկոսը պետք է արտահանվի: Փաստորեն ստացվում է, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառումը կազմելու է մոտ 6 մլրդ կՎտ.ժ: Լավ: Սակայն այսօր էլ մենք սպառում ենք մոտավորապես նույն ծավալը: Այսինքն՝ մոտակա 5 տարվա ընթացքում այս ցուցանիշը չի՞ փոխվելու:

Խնդիրն իրականում նրանում է, որ այս իշխանությունները չեն գիտակցում այն դասագրքային փաստը, որ էլեկտրաէներգիայի սպառումն ուղղակիորեն կորելացվում է երկրի տնտեսական զարգացման ու ակտիվության հետ: Իսկ քանի որ Հայաստանը չունի տնտեսական զարգացման հստակ մոդել, չունի տնտեսական անվտանգության դոկտրին ու կանխատեսվող աճ, ապա տրամաբանական է, որ էներգետիկայի զարգացման երկարաժամկետ ծրագրում առկա են նման դրույթեր:

Նշվում է, որ էլեկտրաէներգիայի արտահանումը պետք է աճի 5,5-6,5 անգամ: Ո՞ր ուղղություններով: Իրանի՞: Գուցե, բայց այստեղ մրցակցությունը գնալով աճում է, այստեղ դիրքերն են ամրապնդում ադրբեջանական ու թուրքմենական ընկերությունները: Գուցե՝ Վրաստանո՞ւմ, որն այլեւս Հայաստանից էլեկտրաէներգիա չի ներկրում՝ իր էներգետիկ ռազմավարության մեջ շեշտը դնելով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ համագործակցության վրա: Ավելին ասեմ՝ հաշվի առնելով հայկական ԱԷԿ-ի դեմ 2018 թ.-ից ի վեր մղվող պայքարը, ռուսական վարկից հրաժարվելու մասին որոշումը, մեծ էներգետիկայի զարգացման իրական ծրագրերի բացակայությունը՝ Հայաստանը մոտ ապագայում կարող է հայտնվել էլեկտրաէներգետիկ պակասորդ ունեցող երկրի կարգավիճակում, ու խնդրի լուծումը հնարավոր կլինի ապահովել միայն ներկրման ճանապարհով:

Չեմ բացառում, որ ապագայում Թուրքիայից Վրաստան արտահանված էլեկտրաէներգիան կարող է վերաարտահանվել Հայաստան, այդ թվում՝ սվոփային տարբերակով: Հաշվի առնելով Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացումը, վրացական էներգետիկ համակարգում թուրքական ու ադրբեջանական կապիտալի մեծ ազդեցությունը, ու միաժամանակ՝ ամերիկյան USAID առաքելության կողմից հայ-վրացական էներգետիկ առեւտրի մեխանիզմների մշակումը՝ նման սցենարը կարող է կյանքի կոչվել արդեն 2023 թ.-ին, երբ Թուրքիան կսկսի ակտիվորեն կյանքի կոչել արտահանման ռազմավարությունը: Այս իշխանությունները չունեն աշխարհաքաղաքական մտածողություն, հակառակ դեպքում պետք է հասկանային, որ սուբյեկտայնության կորստի պայմաններում, ինչն իրենց գործունեության ուղղակի արգասիքն է, հնարավոր չէ էներգետիկ շուկաներում լուրջ դիրք զբաղեցնել:

Հարցազրույցը`
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031