Փաստաբան Երեմ Սարգսյանը իր ՖԲ էջում տեղեկացնում է.
«Ազգային անվտանգության ծառայության գնդապետ Սերոբ Հարությունյանի (լուսանկարում) նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվեց և նա արդարացվեց:
Դեռևս 13․02․2020թ․ «hraparak.am» կայքում հրապարակվել էր «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ հոդվածը, որի փաստով ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ, իսկ արդեն 28․02․2020թ․ Սերոբ Հարությունյանին պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանք էր առաջադրվել։
Քրեական գործով շուրջ մեկ տարի ծավալուն քննություն է կատարվել, իրականացվել են բոլոր հնարավոր քննչական և դատավարական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները։
Կարդացեք նաև
Ի վերջո, հաստատվեց, որ Սերոբ Հարությունյանը ոչ միայն պաշտոնեական դիրքի չարաշահում չի կատարել, այլև՝ ընդհանրապես պետական ծառայության դեմ ուղղված որևէ հանցագործություն չի կատարել, ուստի նրա նկատմամբ այդ կապակցությամբ կայացվել են քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներ՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Այսինքն, Սերոբ Հարությունյանն արդարացվել է, ունի արդարացվածի կարգավիճակ, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով պետք է վերականգնվի իր նախկին պաշտոնում և պետք է ստանա նախորդ մեկ տարվա աշխատավարձը։