Փաստաբան Միհրան Պողոսյանի համոզմամբ՝ ցանկացած իշխանազավթումից հետո տվյալ իշխանությունն այն երկար պահելու հնարավորություն տեսնում է ուժային կառույցների եւ դատական համակարգի ուզուրպացման մեջ: Ու որպես ամենաթարմ օրինակ՝ նշում է վարչապետի իրավական հարցերով խորհրդական Աննա Վարդապետյանի անվան շուրջ օրերս մեծ աղմուկ բարձրացրած սկանդալային բացահայտումը, երբ տիկինը կոնկրետ քրգործով անմիջական մասնակցություն է ունեցել դրա վարման ընթացքին՝ ստանձնելով անօրինականությունների հրամանատարի տերը:
Փաստաբանը չի բացառում, որ նման կերպ կազմված գործերը քիչ չեն: «Չենք կարող բացառել, որ բոլոր քննչական բաժիններում կան իշխանությունների համար հետաքրքրություն ներկայացնող գործեր, որոնցով իշխանությունն իր օգնականների՝ աննավարդապետյանների, միջոցով ուղղակի հրահանգներ է իջեցրել քրեական հետապնդումն իրականացնելիս: Ունենք մի շարք քրեական գործեր, որոնք որոշ մասով բարձրաձայնվում են քրգործի խնդիրների մասին, որոշներով չեն բարձրաձայնվում: Որով բարձրաձայնվում են, մեզ ասում են՝ յուրաքանչյուր պաշտպանյալի նկատմամբ կատարված դատավարական գործողությունը համարում եք որպես քաղաքական կամ անձնական հետապնդում: Բայց, ախր, մենք ուղղորդումները տեսնում ենք, հասկանում, թե որտեղ է հրահանգ ի կատար ածվում: Քիչ թե շատ հնչեղ գործերի, համոզված եմ, քաղաքական հսկողության ներքո գտնվելը հենց տվյալ անձանց միջոցով է իրականացվում՝ զեկույցներ են ուղարկվում, տեղեկանքներ են կազմվում: Այդ արատավոր երեւույթները, որ նախկինում էլ կային, մինչեւ հիմա պահպանվում են: Սակայն բոլոր այդ անձինք պետք է հիշեն, որ իրենք հասարակ հանցագործներ չեն, գործում են խմբի կազմում, հանցագործություն կատարող անձանց համակցություն է, եւ այս ամեն ինչի համար նրանք պատասխանատվություն կրելու են: Հայաստանի Հանրապետությունում վերջին երեք տարում ավելի բռնաբարված բան չկա, քան օրենքն է եւ օրինականությունը»,- ասաց փաստաբանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ