Լրահոս
Օրվա լրահոսը

«Չէինք ուզում համաժողով անցկացնել՝ նախկինի նման թոզ փչեինք սփյուռքի ժողովրդի աչքին, հետո ճամփու դնեինք՝ խորոված ուտելուց ու մի երկու համերգ լսելուց հետո». Սինանյան

Մարտ 17,2021 19:47

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ասաց, թե ինչ օգնություններ են եկել Հայաստան՝ կորոնավիրուսի համավարակի եւ պատերազմի հետ կապված. «Հայրենադարձության համար մեզ են դիմել 2500 սփյուռքահայեր: 2020-ին մոտ 9500 օտարերկրյա քաղաքացի ընդունել է ՀՀ քաղաքացիություն, 1500-ը ստացել են ՀՀ կացության, իսկ 401-ը՝ հատուկ կարգավիճակ»:

«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցրեց՝ դուք շփումների ժամանակ լսե՞լ եք երկպալատանի խորհրդարանական համակարգին անցնելու մասին, որ ՀՀ-ն ունենա նաեւ Վերին պալատ, որի կեսը Արցախի եւ Հայաստանի քաղաքացիներից կլինի ձեւավորված, մյուս կեսը՝ ամբողջ աշխարհի հայությունից: Նա ասաց, որ երբ դրա մասին խոսում են, մի շարք հարցեր են առաջանում՝ ոնց իրականացնել դա:

Սինանյանը պատասխանեց. «Տարօրինակ է, որ 30 տարվա ընթացքում պրոցես պետք է լիներ, որի մեջ մենք պետք է տեսնեինք զարգացում՝ պրոգրեսիա, սակայն ռեգրեսիա է եղել 91թ-ից: Եթե 1991-ին հանրապետության հայտարարման ժամանակ ՀՀ-ն ուներ սփյուռքահայ արտգործնախարար՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ունեինք էներգետիկայի նախարար Սեպուհ Թաշճեան, կար ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ժիրայր Լիպարիտյան, ԱԳՆ փոխնախարար Վարդան Օսկանյան, 2012-ից, որ նայեք՝ Հայաստանի կառավարման որեւէ օղակում չկա որեւէ սփյուռքահայ: Դիտավորյալ սա արվեց, սահմանադրականորեն, օրենսդրորեն, այնպես արվեց, որ այդ խողովակը խեղդվի, փակվի: Թե ինչու դա արվեց, իմ համար պարզ են պատճառները: Բայց ռեգրեսիա է տեղի ունեցել, հիմա պետք է վերակենդանացնենք այդ գործընթացը եւ լայնացնենք խողովակը, որովհետեւ ըստ իս, առանց դրա չի ստացվի մեր մոտ, համոզված եմ: Բեկումը ոնց կարող ենք բերել. տակտիկական մակարդակով կարող ենք անել՝ ծրագրերի իրագործմամբ: Օրինակ, «Ի գործը» վառ օրինակ է, բայց դրա ծավալը փոքր է»:

Սինանյանն ասաց, որ սփյուռքում ցանկություն կա ներգրավելու այդ գործընթացների մեջ, ուրիշ հարց է, թե Հայաստանի կողմից այդ ցանկությունն ինչքանով կա: Հիմա մենք ունենք սահմանադրական սահմանափակումներ, օրինակ, եթե ուզենանք լավագույն սփյուռքահայ մասնագետին նախարար նշանակենք՝ Սահմանադրությունը թույլ չի տալիս: Սինանյանն ասաց, որ ինքը, օրինակ, դեմ է, որ սփյուռքում գտնվելով՝ մարդիկ մասնակցեն ԱԺ ընտրություններին, որովհետեւ իրենք այդ որոշման ազդեցությունը իրենց մաշկի վրա չեն զգալու, բայց երկպալատանի մոդելը քննարկման առարկա կարող է լինել. «Շատ ցանկալի կլիներ ինձ համար, որ ԱԺ-ում քննարկում տեղի ունենար: Մեր բյուջեի ծրագրով պետք է անցկացնեինք Հայաստան-սփյուռք համաժողով 2020-ին, կորոնավիրուսի պատճառով դա տեղի չունեցավ, բայց բնական է, չէինք ուզում համաժողով անցկացնել՝ նախկինի նման թոզ փչեինք սփյուռքի ժողովրդի աչքին, հետո ճամփու դնեինք՝ խորոված ուտելուց ու մի երկու համերգ լսելուց հետո: Ուզում էինք քննարկել այ այսպիսի հարցեր, նստեինք ԱԺ-ն, մեր ինտելեկտուալ խավը, քննարկեինք, հարցնեինք՝ ո՞րն է բանաձեւը, որ բոլորին բավարարող կառույց ստեղծենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. հայկ համբարձումեան says:

    ինչու՞ չէ, քոնէ խորոված կերած եւ մէկ երկու համերգ լսած կ’ըլլայինք.
    դատարկաբա՛ն։

  2. Garo says:

    Չենք ուզում նախկինի նման լինի: Դրա համար ընդանրապես գործ չենք անում, ամբողջ օրը մենակ ինտերվյու, ասուլիս ու լայվ ենք անում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031