ՀՀ ԳՇ պետի 1-ին տեղակալ, Ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ներկայացուցիչներն այսօր լրագրողներին հրավիրել էին Վարչական դատարանի շենքի մոտ՝ հրապարակային պարզաբանումներ տալու գեներալի նկատմամբ ապօրինությունները շարունակելու շուրջ, որից հետո մտան դատարանի շենք՝ նոր փաստաթղթեր մուտք անելու, որոնք կօգնեն ապօրինությունները վերացնելուն:
Իրավաբան Վարուժան Ավետիքյանը ԶԼՄ-ներին հայտնեց. «Նախագահի հրամանագրի վիճարկման հարցով, որով Հայաստանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ազատվել է պաշտոնից, մենք որպես Տիրան Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ, այս գործով դիմել ենք դատարան եւ խնդրել, որ դատարանն անվավեր ճանաչի այդ հրամանագիրը: Մեր վստահորդի եւ մեր կարծիքով այդ հրամանագիրը ընդունվել է սահմանադրության եւ օրենքների խախտումներով: 2021 թ. մարտի 10-ին ընդունվել է 660 հրամանը եւ պարոն Խաչատրյանը մեկնել է արձակուրդ: Այնուհետեւ այդ հրամանը ուժը կորցրած է ճանաչվել: Իմ համար սա անհասկանալի է: Երբ մարդը գտնվում է արձակուրդում, հատկապես այդ ժամանակ նրա նկատմամբ որեւէ իրավական գործողություն չի կատարվում եւ չի կարելի կատարել, ինչը նաեւ մեր Աշխատանքային օրենսդրության պահանջն է:
Բայց ինձ ամենից շատ զարմացնում է արդարադատության նախարարի տված հրապարակային հարցազրույցը առ այն, որ նախագահի հրամանագիրը կատարում չի ենթադրում: Հիմա հարց է առաջանում. եթե կատարում չէր ենթադրում, ապա ինչի՞ է պաշտպանության նախարարի երկու հրամաններով ի կատար ածվել: Վարչական յուրաքանչյուր ակտ ենթադրում է կատարում: Երբ նույնիսկ սովորական աշխատողին ազատում են աշխատանքից, դա նույնպես ենթադրում է որոշակի կատարում, որովհետեւ այդ աշխատողը իր ձեռքի տակ ունի գործատուի սեփականությունը հանդիսացող գույք, կատարվում է աշխատավարձի վերջնահաշվարկ, արձակուրդային վճարում: Նույնիսկ սովորական գործատուների եւ աշխատողների պարագայում տեղի է ունենում որոշակի կատարում: Այսինքն, ազատումից հետո պետք է տեղի ունենան իրավական եւ փաստական գործողություններ, որպեսզի այդ ազատման որոշումը ի կատար ածվի:
Դե, պատկերացրեք գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը, որը բարձրագույն զինվորական աստիճան է, ազատվում է եւ ասում են, որ դա կատարում չի նախատեսում: Բայց չէ՞ որ գլխավոր շտաբի պետի տեղակալին հասու են պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող, ամենախիստ գաղտնիության գրիֆներ ունեցող տեղեկություններ, չէ՞ որ նրա ենթակայության տակ կան գործեր, որոնք պետք է վերադարձվեն, պետք է ընդունում-հանձնում տեղի ունենա: Իմ տեղեկություններով հանձնում-ընդունում առկա չէ, իմ վստահորդի տեղեկություններով նույնպես, եւ պաշտոնից բխող նրա պարտականությունները օդից կախված են: Այսպիսի իրավական կազուս է ստեղծվել:
Կարդացեք նաև
Հրամանով, որը մարտի 15-ին է ընդունվել, ընդամենը հանձնարարվել է ԳՇ պետի պարտականությունները կատարող գեներալ-լեյտենանտ Գալստյանին՝ մեկ օրվա ընթացքում անձնակազմի ցուցակներից հանելու մասին հրաման ներկայացնել: Արձակուրդից էլ չեն կանչել: Հրամանը ընդամենը ուժը կորցրած, անվավեր են ճանաչել»:
«Այստեղ էլ մի խնդիր կա. Տիրան Խաչատրյանին արձակուրդ ուղարկել է այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, իսկ նրա հրամանը անվավեր ճանաչել է պաշտպանության նախարարը», – հայտարարեցին ազգային հերոսի շահերի ներկայացուցիչները եւ շարունակեցին. – «Եթե արձակուրդի հրամանագիրը կասեցված է, ապա նա համարվում է ԳՇ պետի 1-ին տեղակալ: Ես որպես ՀՀ սովորական քաղաքացի ակնկալում եմ, որ տվյալ անձնավորությունը շարունակի կատարել իր լիազորությունները, որպեսզի ես ինձ ավելի պաշտպանված զգամ: Այժմ իրավական կազուս է: Մեր պաշտպանյալը ոչ արձակուրդում է, ոչ արձակուրդից հանված է: Չափազանց անհստակ մի իրավիճակ է: Հենց սա է կոչվում իրավական անվտանգության խախտում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ