ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում մարտի 17-ին ներկայացրեց 2020 թվականի կատարողականի վերաբերյալ նախարարության զեկույցը:
Նախարարը տեղեկացրեց, որ հաշվետու տարում փոփոխություններ են կատարվել սոցիալական ապահովության ոլորտում, փոփոխվել են ոլորտի առաջնահերթություններն ու նախարարության գործունեության ընթացքը: Դրանք պայմանավորված են եղել Covid-19 համավարակով եւ պատերազմով:
2020-ի հուլիսից ավելացել է մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի համար հատկացվող նպաստը՝ 18 հազարից դառնալով 26 հազ. 500 դրամ: Առաջին եւ երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստների չափը սահմանվել է 300 հազար դրամ: Մինչ փոփոխությունը՝ առաջին երեխայի ծննդյան դեպքում ծնողը ստանում էր 50, երկրորդի դեպքում՝ 150 հազար դրամ: Նվազագույն կենսաթոշակը եւս ավելացել է՝ դառնալով 26 հազ. 500 դրամ:
Հիմնական կենսաթոշակը սահմանվել է 18 հազար դրամ, իսկ աշխատանքային 1 տարվա ստաժի համար սահմանվել է 950 դրամ: Փոփոխվել են նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց տրվող նպաստները:
Կարդացեք նաև
Նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 11 միջոցառում, ինչի շրջանակում ավելի քան 25 մլրդ դրամ ուղղվել է սոցիալական ծրագրերին: Տարբեր միջոցառումներով դրամական աջակցություն է ստացել շուրջ 1 մլն շահառու:
Նախորդ տարի՝ պատերազմից հետո, 25 մլրդ դրամ հատկացվել է Արցախի Հանրապետությանը, նախատեսվում է աջակցությունն ավելացնել շուրջ 30 մլրդ դրամով: Նախարարությունն ունի 15 ծրագիր՝ ուղղված Արցախին: Դրանց մի մասը դեռ շարունակվում է:
Նախարարի տեղեկացմամբ՝ սոցիալական ապահովության ոլորտում նախորդ տարի եղել են նաեւ թերակատարված ծրագրեր. պատճառը համավարակն ու պատերազմն են: