Լրահոս
Օրվա լրահոսը

Կփոփոխվի հաշմանդամության կարգ տալու ընթացակարգը

Մարտ 17,2021 19:05

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 17-ի հերթական նիստում քննարկեց ՀՀ Կառավարության եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ երեք այլ օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն անհրաժեշտ համարեց փաթեթի ընդունումը՝ հիմնավորելով, որ 1993 թվականին ընդունված գործող օրենքն այլեւս ժամանակավրեպ է եւ չի համապատասխանում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին: Նախարարի խոսքով՝ նախագծերն անհրաժեշտ իրավական հիմքեր կստեղծեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հավասար հնարավորությունների եւ մատչելի պայմանների ապահովման, hասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրանց իրավունքների իրացումն ապահովելու համար` բացառելով հաշմանդամության հիմքով խտրականությունը: Մասնավորապես, հաշմանդամության խմբերի փոխարեն նախատեսվում է սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան` թեթեւ, միջին, ծանր եւ խորը: Հաշմանդամության գնահատումը կկատարվի՝ հիմնվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման գաղափարախոսության եւ մոտեցումների վրա: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Առողջապահության ու Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունները, հասարակական կազմակերպությունները ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի աջակցությամբ մշակել են գնահատման գործիքները, մեթոդական ուղեցույցերը, անձի ֆունկցիոնալության գնահատմանն առնչվող բիզնես գործընթացները: Մի քանի փուլով իրականացվել են փորձարկումներ: Մշակվել եւ Կառավարությանն է ներկայացվել հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների եւ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ծրագիրը:

Եթե ընդունվի օրենսդրական փաթեթը, անձանց ֆունկցիոնալության գնահատումը կգործարկվի 2022-ի սեպտեմբերից:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը (լուսանկարում) դրական գնահատեց փաթեթը՝ ընդգծելով, որ այն գրեթե բացառելու է հաշմանդամության կարգ տալու գործում առկա կոռուպցիոն երեւույթները, քանի որ գնահատող հանձնաժողովը ձեւավորվելու է անձի ֆունկցիոնալությունը գնահատող փորձաքննության նախորդ օրը: Նարեկ Զեյնալյանը հատկապես կարեւորեց այն հանգամանքը, որ անձի ֆունկցիոնալությունը գնահատելու համար ձեւավորվելիք ռեեստրում ընդգրկված մասնագետներն ընտրվելու են էլեկտրոնային բանկից՝ պատահականության սկզբունքով:

Փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կառաջարկվի ընդգրկելու ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031