«Ինձ առավել հետաքրքրում է այն կամուրջը, որն առկա է հայ-ֆրանսիական մշակույթների միջեւ: Ինչպես տեսնում եք, Արտավազդ Փելեշյանը, որպես անհատ` ոգեշնչման աղբյուր է դարձել Ֆրանսիացի ռեժիսոր Վենսան Սորելի համար, որ ֆիլմ նկարի… Նաեւ մյուս կողմը կա` մարդիկ, արտիստներ, որոնք մշակույթը մի երկրից մյուսն են տանում: Դուք գիտեք, թե ինչ ամուր կապեր էին Փարաջանովի եւ Ֆրանսիայի միջեւ…Կամ Չոբանյանի պես տարբեր մշակութային գործիչներ կան, որոնք հայկական մշակույթի տարածմանն են նպաստել ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ այլ երկրներում»,-Aravot.am-ի` հայ-ֆրանսիական մշակութային առնչությունների վերաբերյալ հարցին ի պատասխան, ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը:
Նրա ձեւակերպմամբ, արվեստագետներ կան, որոնց ստեղծածը հայեցի է, ու հենց դրանով է իրենց ստեղծագործությունը հետաքրքիր դարձել ուրիշների համար. «Արամ Խաչատրյանն, օրինակ, որ հայ է ու ամբողջ աշխարհին է հայտնի, չնայած իր հայտնիության հիմքում զուտ հայկական մշակույթին բնորոշ ստեղծագործություններ են»:
Դեսպանը նշեց, որ վերջերս կրկին այցելել է Երեւանում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որտեղ ֆրանսախոս էքսկուրսավարն ասել է, որ ինքը ֆրանկոֆոն միակ այցելուն է վերջին երկու տարիների ընթացքում: «Ժամանակն է, որ ֆրանսերենն ու ֆրանկոֆոնիան վերադառնան Հայաստան, որովհետեւ դա նպաստում է մշակութային համագործակցությանը, որովհետեւ երբ կարդում ենք Թումանյանի գործերը, հասկանում ենք, որ պատմությունները, որքան էլ հայկական են, բայց այնտեղ կան դետալներ, որոնք կարող են վերաբերել նաեւ այլ մշակույթներին»:
Պարոն Լաքոթը հիշեց Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն», «Մի կաթել մեղրը» եւ կարծիք հայտնեց, որ դրանք նաեւ ֆրանսիացիներին են հետաքրքիր. «Այստեղ է, որ Հայաստանի` ֆրանկոֆոնիային անդամակցելն իր ամբողջ իմաստն է ստանում, որովհետեւ, բացի լեզվական համագործակցությունից, նաեւ մշակութային արժեքների համագործակցություն է տեղի ունենում: Ֆրանկոֆոնիան ճանապարհ է, որ Հայաստանը համագործակցի աշխարհի մյուս կեսի հետ, որոնք չունեն դեսպանություններ ու դիվանագիտական առաքելություններ Հայաստանում, բայց ունեն ամբողջ ֆրանկոֆոն մշակույթը: Ի դեպ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամերը ՄԱԿ-ին անդամակցող պետությունների գրեթե 50 տոկոսն են: Հետեւաբար Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը մի հարթակ է, որտեղ Հայաստանը կարող է ավելի լավ ներկայանալ իր մշակույթով ու գաղափարներով»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ