Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ իր ոլորտում մի շարք միջոցառումներ են իրականացրել. «Բարձր տեխնոլոգիական ոլորտում գիտելիք ստացած մարդու համար 2 ճանապարհ կա: Մեկը՝ ընդունվել որեւէ տեղ աշխատանքի ու ծառայություն մատուցել, երկրորդը՝ ստեղծել ընկերություն մի խումբ ընկերների հետ: Երկրորդ դեպքում որոշ ռիսկեր են առաջանում, պետք է ինքնաֆինանսավորվեն, ու այնքան հում է լինում գաղափարը, որ ներդրողները ռիսկ չեն անում օգնել: Այս դեպքում պետությունը դրամաշնորհային ծրագիր է իրականացնում: 2020-ին պատերազմով պայմանավորված՝ հետաձգվել է, բայց հիմա թվով 64 ընկերություններ կստանան դրամաշնորհներ՝ մինչեւ 10 մլն եւ մինչեւ 20 մլն դրամ»:
Քանի որ սկսնակները դժվարությամբ են գործի ընդունվում, պետությունը 200 աշխատողի համար կֆինանսավորի առաջին 6 ամսվա աշխատավարձը, այսպես ասած փորձաշրջանի ժամանակահատվածը, բայց պարտավորեցնելով տվյալ ընկերությանը, որ փորձաշրջան անցած աշխատողների մի մասի հետ կնքեն տարեկան պայմանագիր: Պետությունն այս դեպքում ֆինանսավորելու է նվազագույն աշխատավարձի չափով:
Նախարարը նաեւ ասաց, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում, չնայած համավարակին, աճ է գրանցվել, նաեւ ոլորտում 3400 նոր մասնագետ է ավելացել: 230 ընկերություն հարկային արտոնություն է ստացել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ