Լրահոս
Օրվա լրահոսը

Ձկնորսներին կտան աշխատավարձ, որ Սեւանի ձկնային պաշարներն անձամբ պաշտպանեն

Մարտ 17,2021 18:11

Ներկայումս մշակման փուլում է ձկնորսության մի համակարգը, որի հիմնական գաղափարն այն է, որ ձկնորսները ստանան աշխատավարձ, այլ ոչ թե այդ ձուկը վաճառեն: Վաճառողը պետք է լինի պետությունը: Այսօր այս մասին «Տեսակետ» ակումբում ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը:

Բարդուխ Գաբրիելյան

Նրա խոսքով, նպատակն այն է, որ ձկնորսն ինքը պաշտպանի ձկան պաշարները, որպեսզի վաղն էլ որս ունենա: Խոսքը մասնավորապես Սեւանա լճից ձկան որս կատարելու մասին է: Բարդուխ Գաբրիելյանի խոսքով, խորհրդային ժամանակներում պետական որսի ձկնորսը չէր թողնում, որ մի որսագող իր տարածքում ձուկ բռներ, ինքն անձամբ պաշտպանում էր այդ տարածքը: Նա Սեւանի ճահճացման հիմնական պատճառներից մեկը համարեց անկարգ, անկանոն որսը:

«Աշխարհում արգելված է կատարել որս այն կենդանիների, որոնք գոնե մեկ անգամ սերունդ չեն տվել, ընդ որում, մեզ մոտ մանրաձուկն ավելի շատ են որսում, քան հասուն ձկները: Ձկնային պաշարները նույնպես պետք է կառավարելի դարձնել»,-ասաց պարոն Գաբրիելյանը:

Նա գտնում է, որ որսագողության դեմ ուժային մեթոդներով պայքարն անարդյունավետ է, այդ հարցին համալիր լուծում է պետք. «Նախ՝ պետք է այդ շրջանի սոցիալ-տնտեսական հարցը լուծել: Երկրորդ՝ պետք է փոխել ձկնորսության համակարգը»,-ասաց մասնագետը:

Սեւանի ճահճացման մեկ այլ կարեւոր պատճառ մասնագետը նշեց լճում ջերմաստիճանի եւ օրգանական նյութերի ավելացումը, որը պայմանավորված է ջրահավաք ավազաններից եկող ջրով, քանի որ այնտեղ չկան մաքրման կայաններ: Ըստ նրա, այն կենդանիները եւ բույսերը, որոնք մահանում են եւ իջնում են ջրի հատակը, հաջորդ տարիների ընթացքում դրանք մտնում են ներջրամբարային գործընթացների մեջ, քայքայվում են, ինչը բերում է լճի աղտոտման, թթվածնի պակասի եւ կապտականաչ թունավոր ջրիմուռների համար նպաստավոր պայմաններ է ստեղծվում:

«Կլիմայի գլոբալ տաքացման պայմաններում չենք կարող այդ գործընթացը կանգնեցնել, բայց դրա ազդեցությունը նվազեցնել կարող ենք: Պետք է բարձրացնենք Սեւանա լճի ջրի մակարդակը, այդ պարագայում կենսածին տարրերը կլուծվեն եւ կոնցենտրացիան ավելի քիչ կլինի: Պետք է նվազեցնել այդ օրգանական նյութերի մուտքը ջրահավաք ավազան»,-ասաց Բարդուխ Գաբրիելյանը՝ նշելով, որ մեծ քաղաքներում Գավառում, Մարտունիում պետք է կառուցվեն մաքրման կայաններ, որոնք մեխանիկական մաքրումից բացի պետք է կատարեն նաեւ քիմիական տարրերի մաքրում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031