Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է․ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լեյլիի Ասլանյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ Գյումրի բժշկական կենտրոնի ստացիոնար բաժանմունքն այսօրվանից վերաբացվեց։
Այս պահի դրությամբ Գյումրի ԲԿ-ում բուժվում են 15 հիվանդ, որոնցից վեցն են Շիրակի մարզից։ Նույն հիվանդանոցի տրիաժ բաժանմունքում կան 11 հիվանդներ։
Շիրակի մարզում տնային բուժում ստանում են 79 հոգի։ Այսօր կատարվել է 69 նմուշառում, թեստերի պատասխանները հայտնի կդառնան մոտ մեկ ժամից։
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն էլ Aravot.am-ին տեղեկացրեց, որ իրենց մոտ ստացիոնար բուժման են տեղափոխվում մայրաքաղաքի ու Գյումրի ԲԿ-ի տրիաժ բաժանմունքի այն հիվանդները, որոնց թեստերի պատասխանները դրական են։
Կարդացեք նաև
«Հիվանդանոց տեղափոխվում են նրանք, ովքեր կարիք ունեն խիստ հոսպիտալիզացիայի»,- ասաց Արմեն Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ից Գյումրի բժշկական կենտրոնում դադարեցրել էին բուժել կորոնավիրուսով վարակված ու ստացիոնար բուժման կարիք ունեցող հիվանդների, ավելի վաղը՝ հունվարի 15-ից էլ փակել էին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի կորոնավիրուսային ծառայությունը։ Պատճառն այն էր, որ այս մարզում կորոնավիրուսով վարակված հատուկենտ հիվանդներ կային։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ