Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ներկայիս տարածքով անցնող որոշ գետերի հուներ վտանգված են. Պետք է կատարվի կենսաբանական մշտադիտարկում. Բարդուխ Գաբրիելյան

Մարտ 17,2021 17:50

Հայաստանի որոշ գետերի ակունքներն անցնում են այսօրվա ադրբեջանական տարածքներով եւ այդ ամենը ստեղծում է ռիսկային գոտի: Այսօր այսպիսի մտահոգություն հայտնեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը: Նրա կարծիքով, այդ ռիսկը պահանջում է, որ այդ տեղերում խիստ հսկողություն սահմանվի եւ մշտադիտարկում իրականացվի: Ներկայումս վտանգը Արփա գետից է եւ Ադրբեջանից եկող ու Վարդենիսով անցնող Մասրիկ գետի որոշ վտակներից:

«Պետք է կատարվի ֆիզիկա-քիմիական, հիդրոկենսաբանական եւ թունաբանական մշտադիտարկում: Եվ վտանգի դեպքում կարելի է փակել Սեւան-Արփա ջրատարը եւ դրանով փրկել Սեւանը: Լավ է, որ Արփան միանգամից չի լցվում Սեւան, նախ՝ լցվում է Կեչուտի ջրամբար, որն այս դեպքում փաստորեն հանդիսանում է բուֆերային գոտի»,-այսօր «Տեսակետ» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց Բարդուխ Գաբրիելյանը:

Ըստ նրա, ներկա պարագայում ինչ-որ մշտադիտարկում կատարվում է, բայց դա բավարար չէ. «Եթե ներկայումս կատարվում է քիմիական մշտադիտարկում դա բավարար չէ, պետք է կենսաբանական, որպեսզի ցույց տա երկարատեւ արդյունքները»:

Խոսելով Սեւանա լճի խնդիրներից, Բարդուխ Գաբրիելյան ասաց, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր կառավարությունը չունի տեսլական՝ ի վերջո ի՞նչ որակի ջուր ենք ուզում Սեւանից. «Ուզում ենք, որ Սեւանը լինի խմելո՞ւ ջրի աղբյուր, ձկնարդյունաբերությա՞ն որակի ջրամբար, թե՞ լինի ոռոգման համար: Քանի դեռ մեր պետությունը չի որոշել Սեւանի ջրի որակը, մենք չենք կարող հստակ կատարել այն գործողությունները, որոնք նախատեսված են: Այդ ամենից կախված է Սեւանի ռազմավարությունը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031