Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի երիտասարդությունը, մեղմ ասած, հիասթափված է Բրյուսելի ոչ բավարար ջանքերից՝ ադրբեջանական ագրեսիան կասեցնելու ուղղությամբ. ԳԴՀ-ում ՀՀ դեսպան

Մարտ 17,2021 18:07

Գերմանական «Behörden Spiegel» թերթի 2021թ. մարտի համարում լույս է տեսել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի լայնածավալ հարցազրույցը: Ամսական ավելի քան 110.000 օրինակով լույս տեսնող թերթը ԳԴՀ բոլոր պետական կառույցների պաշտոնաթերթն է: Թերթի մարտի համարի գերմաներեն էլեկտրոնային տարբերակը հասանելի է նաև առցանց (հարցազրույցը՝ էջ 10):

Տարածաշրջանում խաղաղ համակեցություն կարող է հաստատվել միայն հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով, որի անբաժան մասն է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը

Զրույց Բեռլինում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի հետ

Սփյուռքում ապրում է երկու անգամ ավելի շատ հայ, քան Հայաստանում: Նրանցից ամենահարուստը՝ Քըրք Քըրքորյանը, ապրել է Ամերիկայում, ամենահայտնին՝ Շառլ Ազնավուրը՝ Ֆրանսիայում: Հավանաբար, մեր «ունկնդիրներ»-ին առավել ծանոթ է «Ռադիո Երևան»-ը, որը հատկապես հայտնի էր իր խորհրդատվական ծրագրով:

Հազիվ երկու տարի է անցել այն ժամանակից, երբ վերջին անգամ Աշոտ Սմբատյանից հարցազրույց վերցրինք: Նա լավ է ճանաչում երկիրը, այստեղ է սովորել և շատ լավ խոսում է գերմաներեն: Ըստ դեսպանի՝ երկկողմ հարաբերությունները 1991թ. Խորհրդային Միությունից փոքրիկ երկրի անկախացումից ի վեր դրական են զարգանում: Սմբատյանը ցանկանում է, որ հարաբերություններն այդպիսին էլ մնան, և խոսում է Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության պետությունների միջև իր երկրի «կամրջային գործառույթի» մասին, իսկ 2019թ. նշում էր. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է և պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով: Մեր արտաքին քաղաքականությունը հիմնված է ոչ թե «կամ, կամ», այլ «և՛, և՛» սկզբունքի վրա»:

Հստակ մեղադրանքներ
Լավ հավատով լցված լինելը դեր չի խաղում, ինչպես ցույց են տալիս ներկայիս հարաբերություններն արևելյան հարևան Ադրբեջանի հետ: «Կյանքն այն է,- պնդում է Ջոն Լենոնը,- ինչ տեղի է ունենում այն ժամանակ, երբ զբաղված ես այլ ծրագրեր կազմելով»: Այս դեպքում, ամենավատը տեղի ունեցավ անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին: «Չնայած համաշխարհային առողջապահական ճգնաժամին՝ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ»,- նշում է դեսպան Սմբատյանը:- «Թուրքիան և Ադրբեջանը Սիրիայից և Լիբիայից իսլամիստ վարձկաններ և ահաբեկիչներ էին հավաքագրում և ուղարկում տարածաշրջան: Փաստորեն, Ադրբեջանում տարիներ շարունակ կառավարության կողմից հովանավորվող հակահայկական քարոզչությունն հասավ իր գագաթնակետին: Պատերազմի ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն չդադարեցրեց ատելության քարոզչությունն ու սպառնալիքները հայերի հասցեին, այլ առավել սաստկացրեց դրանք: Գոյություն ունեն բարբարոսության բազմաթիվ ապացույցներ, որոնց կարելի է իրավաբանորեն հստակ բնութագրել՝ «ռազմական հանցագործություններ»:

Այս հակամարտությունը, որը վերածվեց նոր պատերազմի, տասնամյակների վաղեմություն ունի: Ավելի ինտենսիվ, քան առաջինը՝ 1991-1994թթ., ավելի ժամանակակից՝ անօդաչու թռչող սարքերի ներգրավմամբ, քան երկրորդը՝ 2016թ.: «1991թ. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեի միջոցով հռչակեց իր անկախությունը, ինչը լիովին համապատասխանում էր միջազգային իրավունքի նորմերին և ԽՍՀՄ օրենսդրությանը. նախկին Խորհրդային Ադրբեջանի տարածքում ձևավորվեցին երկու հավասարազոր պետություններ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) և Ադրբեջանի Հանրապետությունը»,- նշում է Սմբատյանը:

Կարգավիճակի հարցը շարունակում է չկարգավորված մնալ
2020թ. նոյեմբերին, Ռուսաստանի միջնորդությամբ, հաստատվեց հրադադար, որի մասին հայտարարությունը ներառում է գերիների փոխանակում և զոհվածների աճյունների հանձնում, ինչպես նաև ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայում, ԼՂ-ի հարակից շրջանների հանձնում Ադրբեջանին և տարածաշրջանում տրանսպորտային ուղիների բացում: «Այդ ժամանակվանից ի վեր Հայաստանը պատշաճ կերպով և ժամկետների լիարժեք պահպանմամբ կատարել է պարտավորությունների իր մասը: Իսկ Ադրբեջանը հրադադարից ավելի քան մեկ ամիս անց կրկին սանձազերծեց որոշ գրոհներ, օրինակ՝ Հադրութի շրջանում (Նոր Թաղեր և Խծաբերդ): Այդ ռազմական հարձակումների ընթացքում Ադրբեջանը 64 հայերի ձերբակալեց և բանտարկեց՝ խախտելով հրադադարի համատեղ հայտարարությունը:

Ռազմագերիների և պատանդների հանձնման հետ կապված Ադրբեջանի պարտավորությունների ոչ պատշաճ կատարումը միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում է: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված: Այդ հայտարարությունը պետք է միջանկյալ հանգրվան լինի՝ խնդրի վերջնական լուծման ճանապարհին: Տարածաշրջանում կայունության ու խաղաղության հնարավոր չէ հասնել մի կողմի հաղթանակի կամ պարտության միջոցով, այլ ներգրավված կողմերի միջև համաձայնության միջոցով»,- ընդգծում է դեսպանը:

1992թ. ի վեր ԵԱՀԿ Մինսկի խումբը ջանքեր է գործադրում ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ, կազմակերպում ադրբեջանական և հայկական կողմերի հանդիպումներ, «որոնց ցավոք չեն մասնակցում ԼՂ ընտրված ներկայացուցիչները: Իմ կառավարությունը շարունակելու է պնդել հակամարտության քաղաքական լուծման վրա՝ Մինսկի խմբի համանախագահության ներքո: Ադրբեջանն անտեսել և կոպտորեն խախտել է եվրոպական անվտանգության ճարտարապետության հիմնական սկզբունքը` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը: Տարածաշրջանում խաղաղ համակեցություն կարող է հաստատվել միայն հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով, որի անբաժան մասն է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Բացի այդ, պետք է դեօկուպացվեն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից բռնազավթված տարածքները, և տեղի բնակչությունը վերադառնա»,- ասում է ՀՀ դեսպանը:

Բարձր է գնահատվում ռուսական ներկայությունը
Հաջորդ հինգ տարիներին ռուս խաղաղապահները կվերահսկեն հրադադարի ռեժիմը, որը կարող է երկարացվել ևս հինգ տարով, եթե Հայաստանն ու Ադրբեջանը չառարկեն: «Մենք բարձր ենք գնահատում այս պատասխանատու գործը ստանձնելու ռուսական կողմի պատրաստակամությունը, քանի որ ռուս խաղաղապահների ներկայությունը կարևոր դեր է խաղում անվտանգության հարցում»: 2018թ. Լոնդոնի «The Economist» միջազգային բիզնես ամսագիրը Հայաստանը հռչակել էր «Տարվա երկիր»՝ ժողովրդավարության և օրենքի գերակայության զարգացման գործում առաջընթացի համար: Նկատելի էր նաև տնտեսական լավատեսություն, ինչը բազմաթիվ օտարերկրյա ներդրողների համար հետաքրքիր էր և ուշադրության արժանի: Իհարկե, պատերազմները երկրի համար տնտեսական խնդիրներ են առաջացնում: Չնայած ամեն ինչին, Հայաստանն արել է ամեն հնարավորինը՝ իր գործընկերների վստահությունը պահպանելու համար: Հուսով ենք, որ շուտով կկարողանանք վերականգնել մեր տնտեսության աճի դրական տեմպերը»:

Հիասթափություն Եվրոպական միությունից

«Պատահական չէ, – ասում է Սմբատյանը,- հայ ժողովրդի այն հատվածը, որն Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած Ցեղասպանության պատճառով սփռվել էր աշխարհով մեկ (Առաջին համաշխարհային պատերազմի ստվերում տեղի ունեցած կոտորածները մինչև 1.5 միլիոն մարդու կյանք խլեցին: – խմբ.), կարողացավ վերականգնվել այդ ծանր հարվածից և հասնել զգալի հաջողությունների: Դժվար աշխատանքով արդյունք գրանցելը մեր՝ հայերիս ամենաուժեղ բնութագրող կողմերից մեկն է»:
Հայաստանի համար ԵՄ-ի հետ համագործակցությունը արտաքին քաղաքականության գերակայություններից է: 2009թ.-ից երկիրն Արևելյան գործընկերության մաս է կազմում և 2017թ. ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր: «ԵՄ-ն, բնականաբար, կարևոր դեր է խաղում ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական և իրավական բարեփոխումների և մի շարք այլ ոլորտներում: Այդուհանդերձ, պետք է շեշտեմ, որ մասնավորապես Հայաստանի երիտասարդությունը, մեղմ ասած, հիասթափված է Բրյուսելի ոչ բավարար ջանքերից՝ ադրբեջանական ագրեսիան կասեցնելու ուղղությամբ: Առկա էին բավարար գործիքներ (օրինակ՝ պատժամիջոցներ), որոնք կարող էին ճիշտ կիրառվել: ԵՄ-ն արդեն հայտնել է իր դիրքորոշումը ռազմագերիների հարցում: Ադրբեջանը պետք է կատարի այս պահանջները և ազատ արձակի հայ ռազմագերիներին: ԵՄ-ն կարող է նաև կարևոր դեր ունենալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրելու և մշակութային արժեքները պահպանելու գործում»:

Դիվանագիտությունից անդին
Աշոտ Սմբատյանն արդեն 20 տարի է, ինչ գտնվում է ՀՀ դիվանագիտական ծառայության մեջ, որի մեծ մասը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, իսկ եթե հաշվի առնենք նաև նրա կրթությունը Բեռլինում, Դրեզդենում և Լայպցիգում, ապա՝ կյանքի կեսից ավելին: Երբեմն նա կարոտում է իր երկրի խոհանոցը՝ երկրի, որը փորձում է իր փոքր ներդրումն ունենալ ավելի լավ Եվրոպայի համար: «Իսկ այստեղ ինձ հիացնում է, օրինակ, Բեռլինի թանգարանային կղզու վերակառուցումը, որտեղ հնի պահպանումը ներդաշնակորեն զուգորդվում է արդիականության հետ»: Արդյո՞ք նա կցանկանար դիվանագիտությունից և քաղաքականությունից զատ, այլ գործունեությամբ զբաղվել: «Եթե հնարավորություն ունենայի, կցանկանայի կարճ ժամանակով փոխանակվել բացառիկ երաժիշտ Յոհան Սեբաստիան Բախի հետ, քանի որ նրա երաժշտությունը մշտապես հիացնում է ինձ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031