Հայտնի է, որ Ադրբեջանը տապալում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելության մուտքը Արցախ, պղծում, սեփականում հայկական մշակութային արժեքները:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը ասուլիսում պատասխանելով նաեւ այս թեմայով իրեն ուղղված հարցերին, ասաց, որ մշակութային ժառանգության պահպանության հարցը ամենակարեւորներից է, որն իրենց անհանգստացնում է հայ-ադրբեջանական հակամարտությանը հաջորդող ժամանակաշրջանում:
«Կոնֆլիկտի վերջում, դրան հաջորդող մի քանի օրերին Ֆրանսիայի նախագահ պարոն Էմանուել Մակրոնը հրավիրել է հատուկ հավաք` հենց մշակութային ժառանգության հետ կապված հարցերը քննարկելու համար: Իհարկե, մենք շատ ենք ցանկանում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարողանա արդյունավետ ձեւով եւ կարճ ժամկետներում ուսումնասիրություններ կատարել տարածաշրջանում:
Ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարն է փաստում, մենք շատ ցավում ենք, որ այդ ուսումնասիրությունները դեռեւս չեն կատարվում: Բոլոր դեպքերում Ֆրանսիան ամեն ինչ անելու է Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու համար` մշակութային ժառանգության պահպանության առումով»:
Կարդացեք նաև
Ֆրանսիայի մշակութային ժառանգության ազգային կենտրոնի ղեկավար Շառլ Պերսոնայի Հայաստան այցին անդրադառնալով` պարոն Լաքոթը հավելեց. «Վերջերս պարոն Պերսոնան այց է կատարել Հայաստան: Այդ այցը նպատակ ուներ օգնելու հայերին մշակութային ժառանգության ցանկ եւ տվյալների համակարգված բազա ստեղծելու համար, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ հայկական կառույցների հմտությունները կատարելագործելու, մասնագիտական հմտությունները փոխանցելու նպատակով: Պարոն Պերսոնան եղել է Էջմիածնում, Մատենադարանում, Ազգային պատկերասրահում»:
Դեսպանը նշեց, որ Շարլ Պերսոնան տեսել է մշակութային բոլոր արժեքները, որ արցախա-ադրբեջանական պատերազմից հետո Արցախից բերվել են Հայաստան: «Այնպես որ, Ֆրանս-հայկական համագործակցության սրտում մշակութային ժառանգությունն է լինելու եկող տարիներին»,-ընդգծեց նա
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ