«Այսօր առավոտյան՝ ժամը 10:00-ի սահմաններում Ազգային ժողովրդավարական բևեռի կողմից նախատեսված միջոցառումների շրջանակում Ազատության հրապարակում՝ Օպերայի մերձակայքում, մեր նախաձեռնության անդամները ցանկացել են հովանոց դնել, որի ներքո այս պահին նստած եմ, սակայն իրավապահների կողմից խոչընդոտվել է»,- Ազգային ժողովրդավարական բևեռի՝ շտապ կարգով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց բևեռի խորհրդի անդամ Արայիկ Պապիկյանը:
Միևնույն ժամանակ նա տեղեկացրեց՝ ժամեր անց այդ խնդիրը լուծվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրականացվող միջոցառումների մասին օրենքով սահմանված կարգով իրազեկել են նաև Երևանի քաղաքապետարանին: Նա հավելեց. «Որևէ անօրինական գործողություն չենք կատարել»:
Արայիկ Պապիկյանը հայտնեց՝ երկու շաբաթ է Ազգային ժողովրդավարական բևեռը Երևանում և մարզերում իրականացնում է տարբեր միջոցառումներ և այդ բոլոր գործողությունները կատարում է օրինականության սահմաններում: Արայիկ Պապիկյանի հավաստմամբ՝ փոխարենը իրենց կողմից կազմակերպվող տարբեր միջոցառումներ խոչընդոտվում են: Այս առիթով նա մանրամասնեց. «Իրազեկման երթի ժամանակ վնասվել է մեքենան, կոտրվել է ապակին, Մատենադարանի մոտից բերման են ենթարկվել նախաձեռնության մի քանի աջակիցներ: Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված լարված իրավիճակը՝ մենք ձեռնպահ ենք մնացել դրանց մասին բարձրաձայնել, էմոցիոնալ ֆոն ստեղծել: Այսօր առավոտյան խոչընդոտումը այն տրամաբանական շղթան է, որը երկու շաբաթ ընթանում է»:
Արայիկ Պապիկյանը իրազեկեց՝ բևեռի նախաձեռնող խումբը, աջակիցները, համակիրները շարունակում են կատարել իրենց նախատեսած գործողությունները և վստահեցրեց՝ այդ բոլոր գործողությունները կատարում են օրինականության շրջանակում:
Կարդացեք նաև
Նա իրավապահներին հորդորեց, որ այդ ընթացքում կատարեն բացառապես այն գործառույթները, որի համար կոչված են. ապահովել միջոցառումների անցկացման անվտանգությունը և հասարակական կարգը, արհեստական խոչընդոտներ չստեղծեն այդ միջոցառումների կազմակերպիչների համար:
Անդրադառնալով մինչ այժմ իրենց միջոցառումների ընթացքում իրականացված խոչընդոտներին՝ Արայիկ Պապիկյանը վստահեցրեց՝ դրանք հրահանգված են քաղաքական իշխանության կողմից: Այս առիթով մանրամասնեց. «Այս խոչընդոտները ստեղծում է ոչ թե ոստիկանությունը, այլ այդ պատվերը գալիս է քաղաքական իշխանությունից, որոնք ջղաձգման մեջ են: Նրանց համար ոչ ցանկալի է, որ ազգային ժողովրդավարական բևեռն իր գործողություններով ճիշտ, թիրախային հարվածներ է հասցնում և դրանով ի ցույց դնում այսօրվա քաղաքական իշխանության սնանկությունը»:
Արայիկ Պապիկյանը վստահեցրեց՝ օր օրի իրենց հավաքները նոր թափ են հավաքելու: Շաբաթ օրը ևս ծրագրում են մեծ հանրահավաք:
Լրագրողների դիտարկմանը՝ եթե քաղաքական պատվեր լիներ, հիմա այս հովանոցն այստեղ տեղադրված չէր լինի, Արայիկ Պապիկյանն այսպես արձագանքեց. «Հովանոցի՝ այստեղ գտնվելը ոչ թե քաղաքական իշխանության բարեհաճությունն է, այլ նախևառաջ, հանրային ճնշում, պարտադրանք՝ իրավունքի ուժով: Եվ դա չէին կարող սահմանափակել: Գոնե այս առումով հովանոց տեղադրել այն դեպքում, երբ քաղաքի փողոցներից մի քանիսը վրանային ճամբարներով են փակված, ցույց է տալիս, որ քաղաքական իշխանությունը ջղաձգվում է մեկ հովանոց դնելու համար, սակայն նորմալ է ընդունում, երբ Երևանի կենտրոնում վրանային ճամբար է տեղադրված: Հասկանալի է՝ ինչու են նման կերպ վարվում. քաղաքական իշխանությունն ավելի մեծ վնաս տեսնում է բևեռի կատարած գործողություններից, քան այն ուժերից, որոնք որպես ընդդիմություն հանդես գալով՝ քաղաքի փողոցները փակում են: Մինչդեռ մեր՝ վրան տեղադրելու բոլոր օրենքով սահմանված պահանջները մերժվեցին»:
Հարցին՝ իշխանություններն ի՞նչ վտանգ են տեսնում բևեռից, Արայիկ Պապիկյանը պատասխանեց. «17 պյուս և Նիկոլ Փաշինյան այս չակերտավոր փոխհրաձգությունը մեկ բանի համար է՝ կերակրատաշտի համար: Բևեռի՝ հովանոց դնելը ՀՀ ինքնիշխանության և ապագայի համար է: Դա վտանգ և սպառնալիք է ինչպես Փաշինյանի իշխանության, այնպես էլ մյուս ուժերի համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ