Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացրեք առավելագույնս հստակ և թափանցիկ հաշվետվություն, քանի դեռ վերջնականապես չի կորսվել վստահությունը «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ. Էլինար Վարդանյան

Մարտ 17,2021 17:34

Հիմնադրամի առեղծվածը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը հատկացված միլիոնավոր դոլարների ճակատագրի վերաբերյալ անհանգստություններն ու դժգոհությունները շարունակում են օրակարգում մնալ։ Խոսքն ահռելի գումարների մասին է, որոնց արդյունավետ ծախսման վերաբերյալ միտինգ հիշեցնող հայտարարություններն ու հավաստիացումները միայն խորացնում են կասկածները։

Մենք իրավունք ունենք իմանալ, թե ինչ եղան հանգանակված գումարները։ Պատերազմի ծանր օրերին մենք բոլորս միավորվել էինք հայրենիքի և բանակի շուրջ։ Մարդիկ անկախ իրենց կարողություններից և հնարավորություններից, մեծահարուստներից մինչև օրվա հացի խնդիր ունեցողներ՝ անկախ նրանից, իշխանություններին և կառավարությանը վստահում են, թե՝ ոչ, իրենց ներդրումն ունեցան հիմնադրամի հանգանակությունների գործում։

Հիմնադրամին նվիրաբերված գումարը կառավարությանը փոխանցելը նվիրատուների մոտ իրենց վստահությունը չարաշահելու վերաբերյալ կասկածներ առաջացրեց: Ոչ Հիմնադրամի անգիր արված հիմնավորումները, ոչ կառավարության բանավոր հավաստիացումները, ոչ «շահարկումներին» չտրվելու կոչերը չփարատեցին այդ կասկածները։ Արդյունքում վտանգվում է ինչպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակությունը, այնպես էլ հետագա ծրագրերի իրականացումը:

Հիմնադրամի խորհրդի նիստից հետո արված իրարամերժ մտքերով հայտարարությունը խորացրեց առեղծվածը։ Կառուցողական մթնոլորտում անցած նիստում, ինչպես բնորոշվում է հայտարարության մեջ, խորհուրդը վստահություն է հայտնել, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել։ Վստահություն հայտնելով հանդերձ, զուգահեռ որոշվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության և ներգրավված այլ կողմերի հետ՝ պատերազմի ընթացքում հավաքագրված և օգտագործված գումարների ուսումնասիրության նպատակով։ Մի կողմից վստահ են, մյուս կողմից՝ դեռ ուսումնասիրում են։

Մարդկանց մոտ, սակայն, չկա նույն վստահությունը։ ՀՀ նախագահի դեռևս նախորդ տարվա վերջում խորհրդի անդամներին ուղղված պաշտոնական նամակը և Հիմնադրամի խորհրդի անդամ ՀՀ երկրորդ նախագահի մտահոգությունները բոլորովին այլ լույսի ներքո են բացահայտում առեղծվածը։

Մեզ պետք է ճշմարտությունը։ Պետք չեն նոր լայվեր, միտինգներ և մանիպուլյացիաներ։ Ներկայացրեք մանրամասն և սպառիչ հաշվետվություն։ Հիմնավորեք, թե որքան գումար և ինչի վրա է ծախսվել։ Եթե իհարկե կան այդպիսի հիմնավորումներ։ Ներկայացրեք առավելագույնս հստակ և թափանցիկ հաշվետվություն, քանի դեռ վերջնականապես չի կորսվել վստահությունը Հիմնադրամի նկատմամբ։ Արեք դա հրապարակային։

Քանի դեռ չկա հիմնավորված հաշվետվություն, մեզնից յուրաքանչյուրն իրավունք ունի ենթադրելու, որ հանգանակված գումարներից եղել են յուրացումներ և թալան։ Հակառակում համոզող ապացույցներ, բացի մերկապարանոց հայտարարություններից դեռ չեն հրապարակվել։

Տրամադրեք սպառիչ տեղեկատվություն, համոզեք մեզ, որ ամեն ինչ արվել է օրինականության սահմաններում և ձեռք բերեք իրավունք նոր ծրագր:

Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031