Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը ներկայացրեց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ: Այն հեղուկ գազը, որը կոմունալ կենցաղային սպառման համար է, եւ այն հեղուկ գազը, որը մեքենաներն են լիցքավորում, տարբեր են ու պետք է ունենան համապատասխան մակնշում: Հաճախ սպառողները չեն տարբերում: Բացի այդ, նոր մեխանիզմներ են ներդրվում՝ թերլիցքավորումների դեմ պայքարելու համար. «Հանրային վերահսկողության մեխանիզմն է ներդրվում: Այն տուգանքները, որոնք նախատեսված են նման խախտման համար, չեն համապատասխանում այսօրվա իրականությանը, կարող են թերլցում անել ու առավելագույն տուգանքը 100 հազար դրամ է: Տնտեսվարողը կարող է հանգիստ թերլցում անել ու տեսչական մարմինը հենց գա՝ տուգանի: Առաջարկում ենք, որ հեղուկ վառելիքի կետերում ցանկացած սպառող, ով կասկած ունի մատակարարվող հեղուկ գազի նկատմամբ, կարող է ստուգաչափված անոթի մեջ լցնել հեղուկ գազը, նոր դրանով լիցքավորել իր մեքենան»:
Էլեկտրոնային հաշվիչները, որոնք տեղադրված են գազալցակայաններում, կարող են չհամապատասխանել իրական չափերին, միջամտություններ անել ու 1լ-ը համապատախանի, ասենք, 0.7լ-ին:
Փոխնախարարն ասաց, որ տեխնիկական չափորոշիչներին չհամապատասխանող վառելիք վաճառելու համար տուգանքը կազմելու է նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, թերլցումների համար տուգանքի չափը նույնպես մեծանալու է. «Մեկ օրվա ընթացքում եթե 700 հազար դրամի խախտում է անում, 700 հազար էլ պետք է տուգանվի: Եթե մեկ տարվա ընթացքում կրկնվեց, շատ ավելի թանկ է նստելու»:
Կարդացեք նաև
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հարցրեց՝ ասենք, վարորդը գնաց ստուգաչափված տարայով, պարզեց, որ խաբում են, ի՞նչ անի՝ կառավարության ներկայացուցիչն ասաց, որ ահազանգելու է տեսչական մարմին ու այդ տնտեսվարողը ռիսկային տնտեսվարողների մեջ է հայտնվելու, ստուգումների է ենթարկվելու:
Իմքայլական Հովիկ Աղազարյանն ասաց, որ վարորդը դեռ պետք է պատնեշ հաղթահարի, որ տարան վերցնի, գնա գազալցակայան: Նրա մտահոգությունները փարատեցին՝ ասելով, որ ՌԴ-ում այս պրակտիկան գործում է: Դա խանութների հսկիչ կշեռքի պես բան է լինելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ