Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի դեսպանը` ֆրանկոֆոնիական միջոցառումների, Փելեշյանի ու ֆրանսիական կրթության մասին

Մարտ 17,2021 15:58

Հայաստանում կրկին մեկնարկում են արդեն ավանդական դարձած Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերը, ինչի առիթով էլ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթն ասուլիս էր հրավիրել: Դեսպանը հիշեցրեց, թե ինչպես էր Հայաստանը հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը` այն որակելով գեղեցիկ օպերացիա եւ միջոցառումների համալիր, որը Հայաստանը կարողացավ հաջողությամբ իրականացնել:

«Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է, ուստի մեր համագործակցությունը շատ տեւական է լինելու: Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանը վերջին շրջանում շատ մեծ դժվարությունների առջեւ է կանգնել եւ մեծ մարտահրավերների է հանդիպել, բայց կարծում ենք, որ նույնիսկ այս համատեքստում կարեւոր է հայ-ֆրանսիական բարեկամությունը, Ֆրակոֆոնիայի մշակույթը շարունակել տոնելը եւ համագործակցելը:

Արդեն 10 տարի է, ինչ Հայաստանը որոշում է կայացրել Ֆրակոֆոնիայի արժեքների հետեւել, անդամակցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, որը ոչ միայն կազմակերպություն է, այլ տարբեր արժեքներ է ենթադրում: Աշխարհում ավելի քան 300 միլիոն մարդ խոսում է ֆրանսերեն, աշխարհում 5-րդ ամենաշատ խոսվող լեզուն է ֆրանսերենը, այն երրորդ աշխատանքային լեզուն է եւ 4-րդը` որպես համացանցում օգտագործվող լեզու: Ֆրանսերենը այն լեզուն է, որ ամենաարագն է տարածվում աշխարհում»,-նշեց դեսպանը:

Նա հայտնեց, որ Ֆրանկոֆոնիական օրերն ընդգրկում են Ֆրանսերեն լեզվին, ֆրանսիական լուսանկարչությանը, կինոյին, թատրոնին և երաժշտությանը նվիրված բազմաթիվ միջոցառումներ, որոնք կկայանան մարտ և ապրիլ ամիսներին։

Մասնավորապես, Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա մեկնարկը կտրվի մարտի 20-ին՝ Ֆրանկոֆոնիայի մրցույթներով, որոնց կարող են մասնակցել 15-ից 25 տարեկան ֆրանսախոս հայ երիտասարդները: Մարտի 23-ից ապրիլի 18-ը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, FETART գեղարվեստական կոլեկտիվի կողմից կազմակերպվող CIRCULATION(S) ֆրանսիական ամենամյա փառատոնի և Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ կներկայացնի «Ապրողները։ Խաչվող հայացքներ․ ֆրանսիական և հայկական ժամանակակից լուսանկարչություն» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:

Վերջինս էլ իր հերթին կներկայացնի ֆրանսիացի և հայ հինգ երիտասարդ լուսանկարիչների՝ Անն-Սոֆի Օկլերի, Շառլ Թիեֆենի, Ալեքսի Պազումյանի, Սոնա Մնացականյանի և Կարեն Խաչատուրովի գործերը` ժամանակակից Ֆրանսիայի և Հայաստանի մասին։

Դեսպանը հավելեց, որ Ֆրանսիայի դեսպանության հրավերով ցուցահանդեսի ֆրանսիացի լուսանկարիչներն ու հանձնակատարները կժամանեն Հայաստան՝ իրենց հայ գործընկերների հետ շփվելու և հայ երիտասարդ լուսանկարիչների համար մասնագիտական սեմինարներ կազմակերպելու նպատակով:

Բացի այլ յուրօրինակ միջոցառումներից Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ կազմակերպել է «Ֆրանսիայի համար՝ սիրով» խորագրով համերգը, որի ընթացքում կհնչեն հատվածներ ֆրանսիացի կոմպոզիտորներ Սեն-Սանսի, Բիզեի, Մասնեի և Գունոյի օպերաներից: «Ֆրանկոֆոնիայի մեղեդիներ» խորագրով մի համերգ էլ համերգ Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ է կայանալու:

Ֆրանկոֆոն կինոյի 4-րդ փառատոնը նույնպես այս միջոցառումների առանցքում է` Շվեյցարիայի, Կանադայի և Բելգիայի դեսպանությունների հետ գործընկերությամբ: Փառատոնը կբացվի ապրիլի 6-ին` Ալեքսի Միխալիկի « Էդմոն» ֆիլմով, փակումը կկայանա Նիկոլա Բեդոսի «Հիանալի դարաշրջան»-ով:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրեց, որ փառատոնի առիթով ռեժիսոր Վենսան Սորելը կժամանի Հայաստան՝ ներկայացնելու Արտավազդ Փելեշյանի արվեստը պարտկերող, «Կինոգործիչը տիեզերագնաց է» վավերագրական ֆիլմը։ Ապրիլի 10-ին, ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի կունենան քննարկումներ Սորելի և Փելեշյանի հետ։

Պարոն Լաքոթը նշեց, որ Ֆրանկոֆոն ֆիլմերի 4-րդ փառատոնի բացառիկ հովանավորն է Ամունդի ընկերությունը: Հավելեց, որ Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ՓԲԸ-ն, որպես Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնի չորրորդ թողարկման էքսկլյուզիվ հովանավոր, հանդիսանում է Ֆրանսիան և Հայաստանը կամրջող ընկերություն եւ այդպիսով մասնակցում Ֆրանկոֆոնիայի զարգացմանը: «Ուրախ ենք, որ Ֆրանկոֆոնիան նշելու մշակույթը շարունակում է ներգրավել նաեւ տնտեսական ոլորտի գործընկերների, ինչպիսին Ամունդի ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթն է»,-ասաց դեսպանը: Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը շեշտեց, որ իրենց գործունեության առաջնահերթություններից են կրթությունն ու մշակույթը: Նա հիշեցրեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ու Թումո կենտրոնի հետ իրենց համագործակցության մասին եւս:

Ի թիվս այլնի, ֆրանկոֆոն միջոցառումներում ընդգրկված է նաեւ թատերարվեստը, ըստ այդմ ապրիլի 9-ից 21-ը կկայանան Sate-Atre թատերախմբի հյուրախաղերը, այն կներկայացնի «Սասնա Ծռեր» հայկական էպոսի հիման վրա բեմականացված երաժշտական ներկայացում, որը դիտելու հնարավորություն կունենան Երևանում, Գորիսում, Գյումրիում և Գավառում:

Դեսպանի խոսքով, այն հաջողությունը, որով պայմանավորված է ֆրանսերենի առկայությունը Հայաստանում, մեծամասամբ ֆրանսալեզու, ֆրանսիական ներդրմամբ կրթական հաստատությունների հաջողության շնորհիվ է: Նա այս համատեքստում կարեւորեց 1300 ուսանող ունեցող Հայաստանում Ֆրանսիական համալսարանի դերը, Անատոլ ֆրանսի անվան ֆրանսիական ավագ դպրոցը, անդրադարձավ նաեւ ֆրանսիական ինստիտուտին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031