Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան․ Առաջիկայում Ադրբեջանը սկսելու է աշխատանք տանել նաև Վայոց ձորի և Գեղարքունիքի ուղղությամբ

Մարտ 17,2021 15:39

«Հակամարտությունը կարգավորված չէ»,- «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց, որ առ այս պահը Արցախի կարգավիճակը չի լուծվել, այլ այսօր էլ այդ հարցը առաջնային քննարկման օրակարգում չէ․ «Մյուս դրույթները, այդ թվում՝ Սյունիքով միջանցքի բացումը արդեն իսկ խոսում է այն մասին, որ հայկական շահերը որևէ ձևով ներկայացված չեն, որևէ ձևով չեն իրացվում։ Չկա նաև այստեղից կամք, պահանջ և դրան հասնելու նաև հստակ ցանկություն։ Միգուցե կա, բայց դրանք ռեալ քաղաքականության մեջ որևէ կերպ չեն արտահայտվում և իրավիճակը ցավալիորեն մեզ համար ողբերգական կետին, թվում էր, թե վերջին հանգրվանին հասել էր նոյեմբերի 10-ին եռակողմ հայտարարությամբ, բայց ցավալիորեն կետ առ կետ օր առ օր մենք անընդհատ գնում ենք զիջումների»։

Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ այս փուլում Ադրբեջանի՝ պատերազմը վերսկսելու սպառնալիքները, որոնց աջակցում է նաև Թուրքիան, պատժիչ կամ շանտաժի գործիքներ են՝ վերջնական արդյունքի հասնելու համար․ «Իրենք ցանկացած պարագայում փորձելու են դիրքային առավելության հասնել։ Մենք այս պահին տեսնում ենք Սյունիքում, ավելի ուշ մենք տեսնելու ենք Վայոց ձորի հատվածում և այլն։ Վայոց ձորի, Գեղարքունիքի հատվածը բարձր լեռնային հատված է, կոմունիկացիաները նոր դիրքավորման պարագայում դեռևս ամբողջությամբ հասանելի չեն Ադրբեջանին՝ եղանակային պայմաններով։ Սակայն, ես ցավալիորեն պետք է հայտնեմ, որ առաջիկայում՝ եղանակային պայմանների բարելավվման պարագայում, Ադրբեջանը սկսելու է աշխատանք տանել նաև այդ ուղղությամբ։ Մենք այս պրակտիկան տեսել ենք վերջին 2-3 տասնամյակում Նախիջևանի ուղղությամբ, Տավուշի, շատ ավելի ակտիվ տեսել ենք Արցախի ուղղությամբ և այս ամենը մեզ ցույց է տալիս կամ հուշում է, որ Ադրբեջանը փորձելու է ստեղծված պարագայում իր համար լավագույն դիրքավորումը ապահովել, որը իր համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծելու»։

Իսկ Հայաստանը պետք է եղած սահմանների շրջանակներում նոր բարձունքներ վերցնել, նոր ենթակառուցվածքներ ստեղծել, տեխնիկական միջոցներով հագեցնել առաջնագիծը․ «Ինչը մեզ հնարավորություն կտա ոչ միայն կանխել Ադրբեջանի բարենպաստ դիրքավորումը, այլ նաև քաղաքական առումով հնարավորություն կտա հետագա գործընթացներում նվազեցնել Ադրբեջանի ճնշման հավանականությունը»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031