Լրահոս
Օրվա լրահոսը

Օրինագծի լրամշակված տարբերակը ստացավ դրական եզրակացություն. քննարկում վիրավորանքի եւ զրպարտության համար սահմանված փոխհատուցման չափերի վերաբերյալ

Մարտ 17,2021 15:45

ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ի նիստում:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հարցի վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն ներկայացվել, բայց որոշվել է առաջարկվող տուգանքը նվազեցնել՝ աշխատավարձի 5 հազարապատիկը դարձնելով 3 հազարապատիկի, 10 հազարապատիկը՝ 6 հազարապատիկի չափերով:

Օրենսդրական փոփոխությունը վերաբերում է քաղաքացիական օրենսգրքում վիրավորանքի եւ զրպարտության համար նախատեսված նյութական վնասի հատուցման չափերին: Գործող օրենքով նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի մինչեւ հազարապատիկի եւ 2 հազարապատիկի չափով: Ալեն Սիմոնյանն առաջարկում է այն դարձնել համապատասխանաբար 3 եւ 6 հազարապատիկ:

Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի խոսքով՝ Կառավարությունն առաջարկում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հատուցման չափն ավելացնելիս այն համեմատության մեջ դնել իրավունքի այլ ճյուղերով նախատեսված տուգանքների չափերի հետ: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված տուգանք պատժատեսակի չափը ՀՀ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից 3 հազարապատիկ է: Ըստ առաջարկի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված փոխհատուցման շեմը զրպարտության համար պետք է սահմանել նվազագույն աշխատավարձի մինչեւ 3 հազարապատիկի, վիրավորանքի համար՝ մինչեւ 2 հազարապատիկի չափերով:

Հեղինակի համար կառավարության ներկայացուցչի առաջարկն ընդունելի չէ: Ըստ նրա՝ վիրավորանքն ու զրպարտությունն անգամ քրեականացնելու արժանի արարքներ են:

Կառավարության առաջարկը դրվեց քվեարկության եւ չընդունվեց:

Օրինագծի լրամշակված տարբերակը ստացավ դրական եզրակացություն եւ ԱԺ հերթական նիստերում քննարկման համար սահմանվեց մինչեւ 3 ժամ:

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031