«Մենք մեկ ամսից ավելի ասում ենք, որ արտահերթ ընտրությունների պետք է գնալ, եւ մենք գնացել ենք զիջումների։ Անցումային վարչապետ ընտրել չստացվեց, որովհետեւ վարչապետը հրաժարական չի տալիս, եւ մենք արեցինք զիջում՝ եթե Փաշինյանը ձեռքերը քաշի ԳՇ-ից, մենք կստորագրենք վարչապետի թեկնածու չառաջադրելու մասին հուշագիրը։ Դա էլ չարվեց։ Ասացինք, որ ճգնաժամի լուծման օրակարգը շարունակում են լինել արտահերթ ընտրությունները»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ «Լուսավոր» Հայաստանն» ու մյուս ընդդիմադիրներն իրականում չեն ուզում գնալ արտահերթ ընտրությունների, որովհետեւ խորհրդարան չեն անցնի՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա հիշեցրեց․ «Եթե մինչեւ հունիսի մեկը կազմակերպվեն արտահերթ ընտրություններ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում անգամ մենք չենք առաջադրի վարչապետի թեկնածու, այլ թեկնածուի էլ չենք ընտրի, միայն թե խորհրդարանը լուծարվի, եւ գնանք արտահերթ ընտրությունների։ Ես հանդիպել եմ վարչապետի հետ եւ նորից ասել՝ հունիսի մեկը մեր վերջնաժամկետն է, որովհետեւ եթե մինչեւ ապրիլի վեցը վարչապետը հրաժարական տա, ընտրությունները կանցկացվեն մինչեւ հունիսի մեկը։ Ինչու մինչեւ հունիսի մեկը, որովհետեւ դա ամենաարագ կազմակերպվող ժամկետն է, եւ որովհետեւ երկիրը խորը ճգնաժամի մեջ է։ Վարչապետի հետ պայմանավորվել ենք, որ նա դեռ պետք է ԲՀԿ ղեկավարի հետ հանդիպի, սպասում ենք։ Գուցե մի անգամ էլ հանդիպենք»։
Էդմոն Մարուքյանի բնորոշմամբ՝ հիմա իշխանությունը տեսնում է, որ ընտրությունների հետ կապված կարծես թե կա կոնսենսուս, այդ պատճառով ասում են՝ «ուզում ենք արտահերթ լինի, բայց մեր կազմած ընտրական օրենսգրքին կողմ կքվեարկե՞ք»։ Ըստ Մարուքյանի՝ իրենք արդեն իսկ առաջարկել են բաց ցուցակով համամասնական ընտրակարգի գնալ․ «Դա նշանակում է, որ, օրինակ, թեկնածուի օգտին կկարողանան քվեարկել եւ Տավուշում, եւ Մեղրիում։ Դրա արդյունքում թեկնածուն վարկանիշավորվում է։ Այս առաջարկը չընդունեցին ու ասացին, որ ուզում են ամբողջական համամասնական։ Մենք էլ ասում ենք՝ քաղաքական ուժերի էլիտաները հիմնականում Երեւանից են, եւ այդ դեպքում կունենանք երեւանյան խորհրդարան, մարզային ներկայացվածությունը դուրս կմնա»։
Կարդացեք նաև
Էդմոն Մարուքյանի բնորոշմամբ՝ որ օրենսգրքով էլ գնան ընտրությունների, իրենք անելու են քաղաքական քարոզարշավ անգամ գործող խայտառակ օրենսգրքով․ «Այն, որ այսօր ՀՀ-ում ընտրական օրակարգը դարձել է թիվ 1 օրակարգ, դա եղել է մեր շնորհիվ՝ մեր զիջումների շնորհիվ։ Հիմա կամ իշխանությունը դա անում է, այլապես ամեն օր մի պատրվակ է առաջ բերում։ Իշխանությունը չի ուզում, որովհետեւ իր սիրելի հարցումներով ունի երեսուն տոկոս ձայն, ուստի կառավարական ամառանոցներում ապրողներն այլեւս դա չեն ունենա։ Ավելին՝ կա պառակտում։ Որոշներն ուզում են համամասնական, մյուսները՝ վարկանիշային։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքային խմբից գալիս մեր պատգամավորներին ասում են, որ կողմ քվեարկեն այդ օրենսգրքին։ Որ օրենսգիրքն էլ թողնեն՝ գնալու ենք ընտրությունների»,-եզրափակեց Էդմոն Մարուքյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ