Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն է նախատեսվում

Մարտ 17,2021 14:04

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նախագիծը վերաբերում է 90-ից բարձր տարիքի կենսաթոշակառուներին եւ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող երեխաների խնամակալություն իրականացնող անձանց։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ խաչատրյանն այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց, որ նախաձեռնել են կենսաթոշակային բարեփոխում, եւ սկսել են այս նախագծից, որը տարածվելու է բնակչության խոցելի խմբերի վրա:

Գործող օրենքով պահանջ կա, որ կենսաթոշակառուն տարին մեկ այցելի բանկ՝ նույնականացման համար, որ գտնվում է Հայաստանում։ Առաջարկվող փոփոխությամբ, ինչպես պարոն Խաչատրյանն ասաց, այդ պահանջը վերացվում է 90 եւ բարձր տարիքի կենսաթոշակառուների եւ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող երեխաների խնամակալների համար։ Այսինքն, այս անձինք տարին մեկ կարող են չներկայանալ բանկ, փոխարենը սոցիալական աշխատողները տնայցեր կկատարեն՝ նրանց նույնականացնելու համար։

Ինչպես նաեւ առաջարկվում է 90 եւ բարձր տարիքի կենսաթոշակառուներին որոշակի հավելում տրամադրել՝ կախված տարիքից, որոշակի մեթոդաբանությամբ թոշակը կբարձրացվի, գուցե պրոգրեսիվ եղանակով։ «Որքան տարիքը բարձր, այնքան ֆինանսական հավելումը կավելանա»,-ասաց փոխնախարարը։

Գործող օրենքով՝ խնամակալության տակ գտնվող հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների աշխատանքային ստաժը հաշվարկվում է երեխայի խնամքի մինչեւ տաս տարին։ Փոխնախարարն ասաց, որ այդ դրույթը նախագծով փոփոխվում է եւ տվյալ ծնողի աշխատանքային ստաժը՝ կենսաթոշակի հաշվարկման մեջ հաշվարկվելու է մինչեւ երեխայի չափահաս դառնալը։

«Օրենքն ընդունելուց հետո այն քաղաքացիները, որոնք դուրս կգան թոշակի, իրենց ստաժի հաշվարկում կընդգրկվի օրենքի նոր տարբերակը։ Նրանք, ովքեր երիտասարդության տարիներին խնամել են հաշմանդամություն ունեցող երեխա ու ստաժում հաշվարկվում է մինչեւ տաս տարի երեխայի խնամքի ժամանակահատվածը, այս մասով վերանայում կլինի, այսինքն, օրենքը ընդունելուց հետո սահմանված կարգով կվերահաշվարկվի ու կստանան այդ տարբերությունը»,-ասաց փոխնախարարը։

Նրա փոխանցմամբ՝ այսօր 600 կենսաթոշակառու կա, ովքեր խնամել են հաշմանդամություն ունեցող երեխա, նրանցից 150-ը երեխայի խնամքի 10 տարուց ավելի ժամանակահատված է ունեցել, եւ այս դեպքում, օրենքն ընդունելուց հետո, երբ վերահաշվարկ կատարվի, մինչեւ 11 հազար դրամով կարող է բարձրանալ կենսաթոշակը։

Փոխնախարարը վստահեցրեց, որ իրենց մասնագետները աշխատում են հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ, առաջիկայում այդ ծրագիրը կհանրայնացվի։

Պարոն Խաչատրյանն ասաց, որ 90 տարեկանից բարձր 11 հազար կենսաթոշակառու կա, որի վրա կազդի այս փոփոխությունը։ Իսկ թե ինչու 80 տարեկանից չեն սկսում այս բարեփոխումը, փոխնախարարն ասաց՝ առաջիկայում այդ տարիքին էլ կանդրադառնան՝ օրենքի ընդունումից եւ դրա ազդեցության ուսումնասիրությունից հետո։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031