Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը ցուցադրաբար ստորացնում է մեզ, որովհետև մենք կորստի ցավ չենք ապրում. Վահե Հովհաննիսյան

Մարտ 17,2021 11:55

Առաջին ընտրությունները՝ Թուրքիայի և «նոր հայերի» մասնակցությամբ

Գիտե՞ք Ալիևը ինչու է այդքան ցուցադրական լկտի պահում իրեն, մեր՝ ծուխը չմարած քաղաքներում, գյուղերում ձնագնդի խաղում, եկեղեցիների բակում թեյ խմում, մեր կառուցած դպրոցների կողքով ավտոդրայվ անում.

Որովհետև նոյեմբերի 10-ից հետո Հայաստանում իշխանություն չի փոխվել, ու Ալիևն ինքը զարմանում է համահայկական անկարողության վրա. հանդուրժել մեկին, ով մսխեց ազգային բոլոր երազանքները։

Որովհետև Երևանում հնարավոր է, թեկուզ բերովի, թեկուզ վարչական լծակով հաջակցություն կապիտուլյանտի ու մի սերունդ զոհածի հանրահավաք անել։

Որովհետև իբր կրթվածն ու իբր «ոչ ժեխը» տանը նստած փիլիսոփայում է, թե՝ «լավ, ասենք՝ Նիկոլը գնա, բայց հարմար թեկնածություն դեռ չկա»։

Որովհետև 17-ի հարթակի ազդեցիկ հատվածին, երբ շաբաթներ շարունակ համառորեն հուշում ես, բացատրում՝ որն է ճիշտը, ինչ պետք է անել հաջողության համար, ու նրանք համառորեն չեն անում, դու հասկանում ես, որ նույնիսկ ա´յս պահին ոմանք անձնական կամ խմբակային շահերով են առաջնորդվում, ապագա ԱԺ-մանդատների կամ հնարավոր կոալիցիոն կառավարության փայերի հաշվարկի հոգեբանության մեջ են։

Ալիևը ցուցադրաբար ստորացնում է մեզ, որովհետև մենք կորստի ցավ չենք ապրում։ Մեր հավաքական միտքը և իրական աղետի ծավալները անհամապատասխան են։ Մենք ապրում ենք միջին կոմերսանտի փիլիոսափությամբ։

Ալիևը ցուցադրաբար ստորացնում է մեզ, որովհետև մենք սխալմամբ «ժեխ» ենք անվանում չկրթված ու չքավոր մի խավի, այնինչ այդ բառն ավելի բնութագրական է մեր վերնախավերին։

Հետպատերազմական ընտրությունները

Քանի որ արագ արտահերթ ընտրությունների տարբերակն ավելի առարկայական է դառնում, կարևոր է  հասկանալ այդ ընտրության հիմնական պարամետրերը.

Դրանք անցնելու են Ալիևի և Էրդողանի անմիջական մասնակցությամբ։ Նման բան մեր ընտրական մշակույթում առաջին անգամ է լինելու։ Եվ նրանք փորձելու են իրենց քայլերով, հայտարարություններով և այլ գործիքակազմերով ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Հայաստանյան քաղաքական վերնախավերը չունեցան լրջության բավարար աստիճան՝ հասկանալու համար, որ ընտրություններ պետք է անցկացվեն միայն այս ռիսկը չեզոքացնելուց կամ գոնե նվազեցնելուց հետո։

Առաջիկա ընտրություններին լինելու է նոր ընտրազանգված, որն առաջին անգամ ընտրություններին մասնակցելու է կազմակերպված, ինստիտուցիոնալիզացված՝ Նոր Հայաստանի հայը՝ հայ առանց պետության։ Այս մարդիկ միշտ եղել են, նույնիսկ՝ մեծ քանակով, ովքեր պետության և պետականության գաղափարները էվոլյուցիոն ոչ լիարժեք աճի պատճառով չեն ընկալել։ Բայց նրանք միշտ եղել են ցաքուցրիվ։ Հիմա նրանք՝ «հայ՝ առանց պետության» իրական կազմակերպված ընտրազանգված են։

Ընտրություններն անց են կացվելու պետական համակարգի գրեթե 100 տոկոսանոց պարալիզացման պայմաններում։

Ի՞նչ սպասել գործող վարչապետի պայմաններում արագ, արտահերթ ընտրություններից։ Հավանականությունը, որ կհաջողվի ձևավորել սոլիդ իշխանություն, որը կկայունացնի վիճակը, շատ փոքր է։

Ավելի հավանական է, որ պետության կազմաքանդման պրոցեսները չի հաջողվի կասեցնել, դրանք ինտենսիվորեն կշարունակվեն։ Եվ որոշ ժամանակ հետո, նոր պատմական իրողությունների և նոր ռիսկերի ներքո, կստեղծվի նոր իրականություն։

Սա է իրականության, մթնոլորտի և հեռանկարի համառոտ նկարագիրը, որի առկայությամբ մենք ուզում ենք գնալ արագ արտահերթ ընտրությունների։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031