Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն ստուգում է Սյունիքից Երեւան եկող ուղեւորների անձնագրերը

Մարտ 17,2021 11:50

Մեղրի–Երեւան միջպետական Մ 2 ավտոճանապարհի Գորիս–Որոտան–Շուռնուխ հատվածում, Կապանից եկող բոլոր ավտոմեքենաների ուղեւորների անձնագրերը մինչեւ Գորիս հասնելը ստուգվում են Հայաստանի ԱԱԾ աշխատակիցների կողմից։

Հիշեցնենք, որ 2020թ–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հաշտության պայմանագրից հետո, Սյունիքի մարզի այդ հատվածի որոշ տարածքներ անցել են ադրբեջանական հսկողության ներքո։ Այդ տարածքներում ռուս եւ հայկական սահմանապահ զորքերից բացի, դիրքավորվել են ադրբեջանցիները։

Ըստ մեր տեղեկությունների, ուղեւորների ստուգումը կատարվում է մի նպատակով, որպեսզի պատահաբար որեւէ ադրբեջանցի չանցնի Հայաստանի տարածք։ «Բայց նման մի պոստ էլ պիտի Կարմրաքարում դնեն, որպեսզի ստուգեն այդտեղից դեպի Կապան գնացողների փաստաթղթերը, խի՞ են բացառում, որ Չայզամիի հատվածից չեն կարող ադրբեջանցիները ներխուժել մեր տարածքները»,– Aravot.am-ի հետ զրույցում նշեց Երեւան–Կապան երթուղային տաքսիներից մեկի վարորդը, որը չցանկացավ նշենք անունը։

Նշենք նաեւ, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում պնդել էր, որ Սյունիքում, մինչեւ օրս «քաղաքացու անվտանգության խնդիր չի առաջացել, որեւէ քաղաքացի ադրբեջանցիներից վնաս չի կրել»։

Լրագրողի այն դիտարկմանն էլ՝ ԱԱԾ-ն զգուշացնում է՝ եթե մեկնում եք Սյունիք, հիշեք մեր հեռախոսահամարը, սա անհանգստություն չի՞ առաջացնում, մասնավորապես արձագանքել էր․ «Ճիշտ է անում ԱԱԾ-ն։ Ես անձամբ առանց ներկայանալու ԱԱԾ-ի այդ զգուշացմանը, ականատես եմ եղել, որ զգուշացրել են ինձ։ Կանգնեցրել են եւ ասել են՝ եթե այս ճանապարհահատվածում ինչ-որ խնդիրներ կլինեն, մեքենայի անսարքության հետ կապված հարկադիր կանգառ կլինի, ցանկացած օգնություն ակնկալելու նպատակով զանգեք այս համարով։ Դա նշանակում է՝ այդ համարով զանգելու դեպքում կժամանեն, կօգնեն, նույնիսկ մեքենայի անսարքությունը կվերացնեն եւ այլն։ Եվ պետք է շնորհակալություն հայտնել մեր սահմանապահ զորքերին, որ անգամ պատրաստ են այդ ծառայությունը մատուցել»։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031