Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննիչ հանձնաժողով չեկած կառավարության անդամին խմբակցությունները կարող են անվստահություն հայտնել»․ Բագրատյանի օրինագիծը

Մարտ 17,2021 11:31

ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած՝ «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է խորհրդարանի քննիչ հանձնաժողովների նիստերին ոչ հարգելի պատճառներով չներկայացած կառավարության անդամներին անվստահություն հայտնել։ «Խմբակցությունները կարող են անվստահություն հայտնել կառավարության անդամին՝ իր պարտավորությունների չկատարման հիմքով։ Նպատակն է՝ քննիչ հանձնաժողովների արդյունավետ աշխատանքը կազմակերպելը։ Քանի որ քննիչ հանձնաժողովը հիմնականում հանդիսանում է ընդդիմության գործիք, որին կարող են խոչընդոտել իշխանության մարմինները, այս օրինագիծն ուժեղացնում է քննիչ հանձնաժողովի լիազորությունները»,-ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր օրինագծի քննարկման ժամանակ ասաց Սերգեյ Բագրատյանը։

«Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նկատեց՝ խմբակցությունը նման հնարավորություն արդեն իսկ ունի «ոչ ֆորմալ» առումով․ «Չեք կարծո՞ւմ, որ հակառակ ազդեցություն կլինի։ Կառավարության անդամը կարող է եւ նիստի ժամանակ ոչ հարգալից վերաբերմունք ցուցաբերել, ուստի մնում է անվստահություն հայտնելու մեկ հիմք՝ անհարգալի բացակայությունը»։

Սերգեյ Բագրատյանը պատասխանեց․ «Երբ գրավոր դիմում ենք որեւէ նախարարի եւ հրավիրում քննիչ հանձնաժողովի նիստի, իսկ նա չի գալիս, չենք ունենում որեւէ մեխանիզմ՝ պատասխանատվության ենթարկելու համար։ Գիտեք, որ պատճառաբանություն կա՝ շատ զբաղված են։ Մենք քննիչ հանձնաժողովի եզրակացությամբ ենք հնարավորություն տալիս լիագումար նիստում կառավարության անդամին անվստահություն հայտնելու»։

Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ համոզմունք հայտնեց, որ կառավարության անդամին անվստահություն հայտնելու, հարցերի պատասխաններ ստանալու համար կա նաեւ կառավարություն-հարցուպատասխան ձեւաչափը, ավելին՝ պատգամավորն ինքը կարող է դիմել կառավարությանը՝ որեւէ պաշտոնյանի լիազորությունների հարցը բարձրաձայնելու, ուստի այս պահին պետք է զերծ մնալ նման օրինագծի ընդունումից։

Օրինագծի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։ «Խմբակցությունն արդեն իսկ իրավունք ունի գրավոր կարգով հարցապնդում ներկայացնելու»,-նշեց նա։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031