«Մենք պարզապես ցանկանում էինք մեր բոլոր քաղաքացիներին ցույց տալ այն ոստիկանապետության պատկերը, որը հիմա ՀՀ-ում իրականություն է դարձել: Նիկոլ Փաշինյանը`իր աշխատասենյակից 500 մետր ներքեւ գտնվող ԿԳՄՍ նախարարություն կարող է այցելել միայն, հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ երիտթեւի ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանը:
ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ մեծաքանակ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել, շենքը շրջափակված է բոլոր կողմերից: Վազգեն Սարգսյան փողոցն էլ երկու կողմից փակ է: Այսօր ԿԳՄՍ նախարարություն պետք է այցելի Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այսօր կրկին ցույց էին անում:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ նմանատիպ պատկեր էր նաեւ մի քանի օր առաջ, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ԱԳ նախարարություն: Այդ ժամանակ, տարբեր շենքերի տանիքներին, տեսախցիկները նաեւ դիպուկահարների էին արձանագրել: Նիկոլ Փաշինյանը նախարարության շենք էր մտել ետնամուտքով:
«Այս պատկերն էր, որ մենք ցանկանում էինք մեր հազարավոր քաղաքացիներին ցույց տալ: Ուզում էինք ցույց տալ, որ հետպատերազմյան Հայաստանում, հազարավոր զոհերի, գերիների, հաշմանդամություն ունեցող հազարավոր մարդկանց առկայության, թանկացումների պայմաններում ձեր հարկերը գնում են այս ավտոբուսները վարձակալելու եւ հրապարակում պահելու (ավտոբուսներում էլ ոստիկաններ էին-Ն. Գ.), Նիկոլ Փաշինյանի քայլելը հսկելու համար, ոստիկաններին այստեղ կանգնեցնելու, հավելավճարներ տալու համար: Տեսեք`ժողովրդավարությունից, տարբեր բարձր բաներից հորջորջող մարդը, թիմը ինչպե՞ս է շարժվում ձեր հայրենիքում եւ ինքներդ որոշեք`ուզո՞ւմ եք այսպիսի ղեկավար ունենալ, թե՞ ոչ: Ընդամենն ասեմ, որ մենք երեք ընկերով ենք այստեղ`շրջապատված հարյուրավոր ոստիկաններով»,- ասաց Քրիստինե Վարդանյանը`հավելելով, որ տեղյակ չէ`Նիկոլ Փաշինյանը եկել է նախարարություն, թե`ոչ, նրա քայլերին էլ չեն հետեւելու, պարզապես նպատակ ունեին ցույց տալ Նիկոլ Փաշինյանի հոգեվիճակը:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ