37-ամյա Տիգրանը, ապրուստի բավարար միջոց չունենալով, մուրացկանություն է անում Երեւանի Արշակունյաց պողոտայի վերգետնյա անցման տարածքում: Վերնանցումի աստիճանները, որտեղ օրվա մեծ մասը անցկացնում է Տիգրանը, ամեն օր պարտադիր մաքրվում են հենց նրա կողմից: Սա, իր խոսքով, կարծես այն փոքր ներդրումն է հաշմանդամության երկրորդ կարգ ունեցող մարդու կողմից, որը շնորհակալ է լինում այն մարդկանց, որոնք անտարբեր չեն անցնում իր կողքով՝ դրսեւորելով կարեկցանք եւ օգնություն ցուցաբերելով:
Տիգրանն ունի մանկական ուղեղային կաթված, քայլում է հենակներով, ամսական ստանում է 26.500 դրամ նպաստ, սակայն գումարը բավարար չէ ապրելու համար:
Թեպետ խոստովանում է, որ մուրացկանություն սկսել է անել դեռ 16 տարեկանից, բայց այսօր էլ ստիպված է շարունակել, քանի որ առողջական խնդիրների պատճառով այլ բան չի կարող անել: Դիմել է մի քանի տեղ՝ պահակ աշխատելու խնդրանքով, բայց մերժել են՝ ասելով, որ չի կարողանա:
Չնայած Տիգրանը շատ չի սիրում խոսել հիվանդության մասին, բայց անընդհատ ծունկն է բռնում ու նշում, որ միակ խնդիրը ոտքերի ցավն է, որն անընդհատ հիշեցնել է տալիս դեղ առնելու անհրաժեշտության ու վիրահատության մասին, որի համար անհրաժեշտ միջոցներ չունի:
Կարդացեք նաև
«Ամսական 26.500 դրամ թոշակ եմ ստանում, ամեն օր մոտավոր 3 հազարի չափ գումար եմ հավաքում: Ճիշտ է, թաղապետարանից էլ եմ երբեմն օգնություն ստանում՝ սնունդ, բայց ինձ տեղ տվող ընտանիքին ես էլ իմ աշխատանքով ուզում եմ ինչ-որ ձեւով օգնած լինել: Նույնիսկ այս տարածքում էլ մի լավ բան եմ ուզում անել ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկն է ինձ ասում կամ ստիպում, այլ զուտ իմ խղճի համար՝ որպես ինձ լավություն անող մարդկանց ի պատասխան եւ ի նշան շնորհակալության»,- ասում է նա:
«Կարեւորը՝ բեռ չլինես ուրիշների համար: Ես այսպես եմ մտածում, ու թեկուզ աննշան, բայց քո ուժերի չափով փորձես օգտակար լինել: Ա՛յ օրինակ, որ ինձ օգնող լիներ, մյուս կողմի աստիճաններն էլ հաստատ կմաքրեի, թե չէ էդ ինչ վիճակ է, կեղտոտ աստիճաններով ամեն օր քայլում են մարդիկ՝ կարծես ոչինչ չնկատելով,- ցրտից կծկված՝ ասում է ու վերջում թույլ շշնջում,- երեկ ծննդյանս օրն էր, 37 տարեկան եմ դարձել. թխվածքով սուրճ եմ խմել ու առողջանալու երազանք պահել»:
Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: