Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Սահակյան. Լեւոն Տեր-Պետրոսյանին 98-ի հունվարին աջակցության առաջարկ եղել է, սակայն նա աներկբա մերժեց այն. «Հրապարակ»

Մարտ 17,2021 10:47

Այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հրաժարական տված ԱԺ նախկին փոխնախագահ, այժմ «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արա Սահակյանին հարցրինք, թե ինչ տրամադրություններ կային իշխող թիմում Տեր-Պետրոսյանի հրաժարականից առաջ։

Ի՞նչ տարբերություններ ու նմանություններ է տեսնում 98 թ․ եւ 2021 թ․ քաղաքական իրավիճակների միջեւ։ Ասաց․ «98-ին հրաժարականի պահանջ էր ներկայացված հաղթած առաջնորդին, այժմ՝ պարտվածին։ 98-ին քննարկվում էր խաղաղ կարգավորման պլան, որը շանս էր տալու փոխադարձ զիջումների ճանապարհով եւ առանց արյուն թափելու հաստատել խաղաղություն, ապաշրջափակել հաղորդակցության ուղիները, զարգացնել տնտեսությունը։ Այժմ ոչինչ չի քննարկվում հայկական կողմերի հետ, մեր քայլերը պարտադրված են կապիտուլյացիայի ակտով։ 98-ին գործում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այժմ՝ ոչ։ 98-ին Արցախի իշխանությունների ձայնը հնչում էր կոշտ դիրքերից։ Այժմ նվաղած ու խեղճ ձայնարձակումներ են գալիս երբեմն։ Եվ շատուշատ ահռելի տարբերություններ կան։ Անհամեմատելի է իրավիճակը։ 98-ին մենք չկառչեցինք աթոռներից, այժմ իշխանությունը կենաց-մահու աթոռակռիվ է տալիս»։
Արա Սահակյանն այլ տարբերություններ էլ է նշում․ «Այժմ իշխանությունը ծրագրված ձախողեց կարգավորման բանակցությունները, չկանխեց պատերազմը, անդառնալի մարդկային ու տարածքային կորուստներով ծնկի բերեց Արցախն ու Հայաստանը, ծածուկ ընդունեց հաղթողի միակողմանի պահանջ-պայմանները։ Ընդ որում, նենգաբար փաստաթղթի այնպիսի ձեւ ընտրվեց («հայտարարություն»), որ խորհրդարանում չքննարկվի ու չվավերացվի։ Ժողովրդից թաքուն կատարվեց ամոթալի գործարք»։

Մյուս կողմից, այդ ժամանակ փակված էր Դաշնակցությունը, միջազգային դիտորդները բացասական գնահատականներ էին տվել 95-96 թթ․ կեղծված ընտրություններին ու Սահմանադրությանը, Հայաստանի իշխող վարչակարգի նկատմամբ կայի՞ն միջազգային ճնշումներ։ Այս հարցին ի պատասխան՝ Արա Սահակյանն ասաց․ «Կար արտաքին աջակցության բացակայություն։ Բազում ճիշտ ու սխալ մեղադրանքներ են եղել մեր հասցեին, սակայն արտաքին աջակցությամբ իշխանության գալու կամ այն պահելու մեղադրանք՝ ոչ։ Ավելին, նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին 98-ի հունվարին աջակցության առաջարկ եղել է, սակայն նա աներկբա մերժեց այն։ Ո՞ր երկրից, ի՞նչ մակարդակից էր առաջարկը, մանրամասներ չեմ հայտնի»։

Արա Սահակյանի խոսքով՝ միջազգային հանրության վերաբերմունքը կտրուկ շրջվեց Արցախի շուրջ տարածքները մեր վերահսկողության տակ վերցնելուն համընթաց։ Ե՛վ ՄԱԿ ԱԽ 1993թ. չորս բանաձեւերը, ե՛ւ ԵԱՀԿ 1996թ. դեկտեմբերի 3-ի Լիսաբոնի գագաթնաժողովը դրա ապացույցն են։

«Հայկական բանակի հաղթանակի պտուղներն ավելի ու ավելի դառնահամ էին դառնում, եւ 97-98-ին փորձ կատարվեց փոխզիջումներով ԼՂ հակամարտության նկատմամբ արտաքին ճնշումները դարձնել մեզ համար նվազ վտանգավոր։ Մեր թիմը պարտվեց։ Հաղթեցին status quo-ն պահպանելու կողմնակիցները»,- ասում է Արա Սահակյանն ու ավելացնում․ «Սակայն ո՛չ մենք, ո՛չ մեզնից հետո իշխողները երբեք չեն ձախողել բանակցությունները, չենք հրահրել պատերազմ, չենք թուլացրել բանակը, պահպանել ենք հրադադարի ռեժիմը, զարգացրել դաշնակիցների հետ հարաբերությունները։ Ամենաաներեւակայելի կոշմարում անգամ մեր մտքի ծայրով չի անցել, որ չենք կարողանա կանխել պատերազմը կամ սկսվելու դեպքում այն հիմնովին տանուլ կտանք։ Մենք հասկանում էինք, որ Արցախի շուրջ տարածքները կարեւոր քաղաքական, ռազմական գործոն են կարգավորման բանակցություններում, բայց կորցնել նախկին ԼՂԻՄ տարածքներն ու Շուշի՞ն… Անմեղսունակ այս իշխանության ջանքերով ընկանք կորուստների պարունակ եւ դրանից դուրս կարող ենք գալ նրանից ազատվելուց հետո՝ երկարատեւ ջանքերի գնով»։

1998թ. փետրվարի 4-ից ապրիլի 9-ը ՀՀ նախագահի պաշտոնակատարն էր ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, որն 98 թ․ մարտի ընտրություններին դարձավ ՀՀ նախագահ։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031