«Այն, ինչին ես ականատես եմ եղել, դա ընդամենը եղելության մի փոքր տոկոսն է». «Առավոտի» զրուցակիցն է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան, 44-օրյա պատերազմի մասնակից Վարազդատ Հարությունյանը:
– Վերջին իրադարձությունների արդյունքում՝ ԳՇ հայտարարություն եւ դրան հետեւած զարգացումներ, Հայաստանում փակուղին ավելի խորացավ: Այս իրավիճակի քաղաքական հանգուցալուծման տարբերակը նույնպես ավարտվեց ոչնչով` նախագահ Արմեն Սարգսյանի մոտ նախատեսված հանդիպումը չկայացավ՝ «Հայրենիքի փրկության շարժման» նախապայմանների պատճառով: Ինչպե՞ս եք տեսնում այս իրավիճակի քաղաքական եւ իրավական հանգուցալուծումը:
– Ես համաձայն չեմ, որ փակուղին խորացավ։ Գտնում եմ, որ ԳՇ հայտարարությունը մոտեցրեց այս իշխանությունների հեռացման պահը։ Կարո՞ղ էր ԳՇ-ն ավելի կտրուկ քայլերի գնալ, քան հայտարարությունն էր, այո՛, իհարկե կարող էր, բայց ունենք այն, ինչ ունենք, իսկ ունենք քաղաքական իշխանությունների ենթակայությունից դուրս եկած Զինված ուժեր։ Այսինքն՝ իշխանությունների ուժային հենարաններից մեկն այլեւս գոյություն չունի։
Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի նախաձեռնած հանդիպման տապալմանը։ Այն չկայացավ ոչ թե այն պատճառով, որ «Հայրենիքի փրկության շարժումը» նախապայմաններ առաջ քաշեց, այլ քանի որ այդ հանդիպման նպատակն այն նախաձեռնողների նման ֆեյք էր։ Եթե կողմերն իրոք ունեին իրավիճակի քաղաքական հանգուցալուծում գտնելու նպատակ, ապա կարող էին եւ պետք է ընդունեին շարժման առաջարկն ու հանրության համար բաց, քաղաքական մշակույթի կանոններով ու քաղաքակիրթ եղանակով դուրս գային հրապարակային երկխոսության։ Այդ կուլիսային պայմանավորվածությունները նման են քաղաքական առեւտրի ու ես շատ ուրախ եմ, որ շարժումը չգնաց այդ առեւտրին։
Կարդացեք նաև
Իրավիճակի քաղաքական-իրավական հանգուցալուծումը` վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հրաժարականն է եւ Շարժման առաջ քաշած ճանապարհային քարտեզին համապատասխան, ժամանակավոր կառավարություն ձեւավորելը։ Տեսեք, կապիտուլյացիայից անցել է 4 ամսից ավելի ժամանակ, սակայն որեւէ այլ՝ իրականությանը մոտ հանգուցալուծման տարբերակ առաջ չի քաշվել։ Հիմա ջրերը պարզ են՝ առավել քան երբեւէ։ Ունենք ԱԺ 3 խմբակցություն։ Ընդդիմադիր առաջին ուժը՝ ԲՀԿ-ն, Շարժման անդամ է եւ հետեւաբար այդ քարտեզին կողմ։ Մյուս ընդդիմադիր ուժը ի սկզբանե չգնաց Շարժման օրակարգով եւ ըստ էության, ոչնչի չհասավ։ Հիմա այդ ուժի առաջնորդը հայտարարում է, որ «օդում, ջրում, ցամաքում» պատրաստ է ցանկացած հանգուցալուծման տարբերակի շուրջ նստել ու խոսել, քանի որ իր համար օրհասական է իրավիճակի հանգուցալուծումը։ Ունենք նաեւ իշխող խմբակցություն, որից դուրս են եկել մի շարք պատգամավորներ ու վստահ եմ, կան նաեւ պատգամավորներ, որոնք դեռ ֆրակցիայում են, սակայն վճռորոշ պահի կգնան ճիշտ ճանապարհով։ Կարծում եմ, որ ամեն ինչ շատ պարզ է։ Մնում է ընդդիմադիր երկրորդ ուժը մի կողմ դնի իր ամբիցիաները ու հետեւի քանակով իրեն գերազանցող ընդդիմադիր ուժի առաջ քաշվելիք տարբերակին, եթե ոչ, ապա խիստ կասկածելի կլինի ԼՀԿ-ի՝ ընդդիմադիր ուժ լինելու հանգամանքն, ընդհանրապես։
– Վերջերս անցկացված հետազոտությունների արդյունքներով, հարցվածների 45 տոկոսն ասել է, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում, 33 տոկոսն ասել է, որ վստահում է իշխանությանը, անվտանգության հարցերը, գերեվարվածների հարցերը, սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ինչի մասին խոսում են Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցներում, 8-9-10-րդ տեղում է տեսնում հասարակությունը: Չե՞ք կարծում, որ «Հայրենիքի փրկության շարժման» օրակարգը արդիական չէ հասարակության համար:
– Նախ՝ ինձ համար անհայտ են, թե այդ ի՞նչ հետազոտություններ են, ո՞վ է դրանք անցկացրել, ի՞նչ մեթոդաբանությամբ, ինչպե՞ս են ընտրվել թիրախային խմբերը։ Նույնիսկ այդ պարագայում ակնհայտ է, որ իշխանությունների վարկանիշը ցածր է ու եթե հաշվենք նաեւ սխալանքի գործակիցը, ապա այդ 33 տոկոսից բան չի մնա, չէ՞ որ ավանդաբար գործող իշխանությունների օգտին են խոսում նաեւ վախից ու այլ սուբյեկտիվ հանգամանքներից դրդված։
Ինչ վերաբերում է հետպատերազմյան հարցերի վերաբերյալ հասարակական ընկալումներին, տեսեք, այստեղ մենք մեծ խնդիր ունենք. մարդիկ շոկային իրավիճակում են ու հոգեբանական ընկճվածությունն իրենց ստիպում է հեռու մնալ պատերազմի հետ կապված ցանկացած հարցից ու սա բնական է, իսկ ահա հասարակության այն հատվածը, որն այժմ պայքարում է գործող դավաճանական իշխանությունների դեմ ու առաջ է քաշում «Ազգի մեջքն ուղղելու» օրակարգ, ստանձնել է լոկոմոտիվի դերն ու փորձում է բոլորին դուրս հանել այդ ճահիճից։ Օրեցօր պայքարողների թիվն ավելանում է ու դա նշանակում է, որ մարդիկ դուրս են գալիս այդ շոկային թմբիրից։ Հենց այս առումով է, որ Շարժման օրակարգը ոչ միայն արդիական է, այլ նաեւ չունի այլընտրանք։
– Բնակչության մի ստվար զանգված չի վստահում իշխանությանը, բայց չի վստահում նաեւ փողոցում բողոքող ընդդիմությանը: Ինչպե՞ս վարվել:
– Նախորդ պատասխանս նաեւ դրա մասին էր։ Շարժումը պետք է հետեւողականորեն առաջ տանի այն ազգային օրակարգը, որն այժմ դրված է սեղանին։ Կան կարճ եւ երկար ճանապարհներ։ Կարճ ճանապարհն այն է, որ Շարժումն ավելորդ ճկունություն դրսեւորի ու ժողովրդին դուր գալու համար «հարմարեցնի» իր օրակարգը լայն զանգվածների քմահաճույքին, այնուհետեւ այդ ամենը համեմի պոպուլիստական դեմագոգիայով եւ այլ տեխնոլոգիական լուծումներով ու արագ լուծի հարցը։ Երկրորդ տարբերակն այն է, որ հասարակական կոնսոլիդացիան ձեւավորի առարկայական հարցերի շուրջ, որոնք ընկած են ազգային օրակարգի հիմքում։ Այս տարբերակն ավելի երկար է, իհարկե, բայց ավելի արդար ու երկարաժամկետ հաշվարկում ավելի արդյունավետ։ Պետք է գիտակցել մի հստակ բան՝ Շարժման խնդիրը իշխանություն դառնալը չէ, այլ՝ իշխանություններ ձեւավորելու հնարավորություն ստեղծելը, ինչպես նաեւ այսօրեական կարեւորագույն խնդիրները զուգահեռաբար լուծելը։ Այնպես որ, մարդիկ պետք է գիտակցեն, որ Շարժմանն աջակցել՝ չի նշանակում Շարժմանը բերել իշխանության: Իշխանություն ձեւավորելու տեղն ու ժամանակը ընտրություններն են, թող գնան եւ ում վստահում են, նրան էլ ընտրեն։ Հիմա կարեւորն օր առաջ այս անպիտան ու պատուհաս իշխանություններին պետական կառավարումից հեռացնելն է։
Ուզում եմ մի բան հստակ արձանագրենք, Շարժումն իր ուժեղ ու թույլ կողմերով միակն է այս պահին, որն ունի իշխանություններին հեռացնելու հստակ օրակարգ ու արդեն՝ նաեւ հետագիծ, չէ՞ որ իշխանությունները չէին կանգնի արտահերթ ընտրություններ կազմակերպելու հարցի առաջ, եթե չլիներ շարժումը, ուստի պետք է զինվել համբերությամբ ու այս պայքարը շարունակել։ Պետք է լինել համբերատար ու հետեւողական։ Հենց այս երկու բանն է, որ չունեն այս իշխանությունները, իսկ մենք ունենք։
– Սոցիալական ցանցերում ձեր գրառումներում Դուք հաճախ եք դավաճանության արդյունք անվանում այն, ինչ եղել է պատերազմի ընթացքում եւ հետպատերազմյան շրջանում: Դուք նաեւ պատերազմին եք մասնակցել, կարծեմ, ամենավտանգավոր կետերից մեկում եք եղել: Կմանրամասնե՞ք` ինչի արդյունքում է ձեւավորվել դավաճանության տպավորությունը Ձեզ մոտ:
– Այն, ինչին ես ականատես եմ եղել, դա ընդամենը եղելության մի փոքր տոկոսն է։ Բազմաթիվ կարեւոր դերակատարներ խոսել են այս պատերազմի, պատերազմի ժամանակ ռազմաքաղաքական իշխանությունների վարքի մասին։ Պատերազմից հետո տեղի ունեցողը բոլորիս աչքի առաջ է եղել՝ լատենտ բանակցություններ, ապօրինի սահմանազատման աշխատանքներ եւ այլն։ Այս պատերազմը երեւի թե չի շրջանցել որեւէ մեկին, բոլորս այս ամենը գիտենք ու լսել ենք, ուստի ես չէի ուզենա մանրամասների մեջ մտնել։ Բանն այն է, որ իմ կամ մեկ ուրիշի գնահատականները կդառնան երկրորդական, երբ լինի համալիր վերլուծություն ու պատերազմն իր բոլոր մանրամասներով, ինչպես նաեւ ընդհանուր պատկերով ենթարկվի խորը քննության։ Այդ քննության արդյունքները կարեւոր կլինեն, մի կողմից արարքներին ու դերակատարներին գնահատականներ տալու, իսկ մյուս՝ ավելի կարեւոր կողմից, ապագայում դասեր քաղելու համար։ Հիմա, բոլոր նրանք, ում համար կարեւոր է Հայրենիքի այս ցավոտ էջը պատվով փակելու ու ապագայում բացառելու անհրաժեշտությունը, պիտի ամեն ինչ անեն, որ այդ քննությունը լինի, իսկ այդպիսի քննություն կարող է լինել միայն այդ պատերազմը գլխավորող իշխանություններին պետական կառավարումից հեռացնելու պարագայում։ Հակառակ դեպքում, ինչպե՞ս եք պատկերացնում. մի իշխանություն, որն իր մարդկանց ուղարկում է դիրքի պայմաններից բողոքող դիրքապահներին ճնշելու ու հերքում կորզելու, ունա՞կ է գոնե 1 տոկոսով արդար ու ազնիվ քննություն կազմակերպել։ Համոզված եմ, որ ոչ։
Այնպես որ, ես շարունակելու եմ այս իշխանություններին դավաճան անվանել ու եթե համարձակություն ունեն, թող դուրս գան իշխանությունից ու ենթարկվեն քննության։ Ես, որպես փաստաբան, որը կոչումով նաեւ իրավապաշտպան է, խոսք եմ տալիս, որ ամեն ինչ կանեմ՝ այդ քննությունն արդար ու ազնիվ իրականացնելու համար։
Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
17.03.2021