Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ուսումնասիրել թուրք-ադրբեջանական դաշինքի մոդելը, ինչու չէ՝ նույնիսկ որոշ բաներ էլ պետք է սովորել». Արցախի ԱԳ նախարար

Մարտ 17,2021 10:30

Ըստ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի՝ Ադրբեջանն ու Թուրքիան հաճոյախոսում են ռուսական կողմի հետ, բայց գաղտնիք չէ, որ նրանք Ռուսաստանը դիտարկում են որպես իրենց թիրախներից մեկը

Սկիզբը՝ այստեղ

– Պարոն Բաբայան, Բաքվից տարբեր փորձագետների հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ ռուս խաղաղապահների տեղակայումը Արցախում ամենաանցանկալի սցենարն էր Բաքվի համար: Ռուս խաղաղապահների նույնիսկ 5 տարի մնալն Ադրբեջանում, լուրջ խնդիր են համարում, անգամ անկախ համարվող ադրբեջանցի փորձագետները վստահություն են հայտնում, թե՝ «Ադրբեջանի նախագահին կհաջողվի քաղաքական դաշտում լուծել այդ խնդիրը» եւ «ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից կհեռանան»: Ի՞նչ եք կարծում, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հնարավո՞ր են ռուս խաղաղապահների դուրսբերման նպատակով սադրանքներ, եւ ի՞նչ անելիք ունի այստեղ հայկական կողմը: Արցախում դիտարկո՞ւմ են ռուսական ներկայության մեծացման հնարավորությունները՝ Արցախի անվտանգության ապահովումն ավելի հզորացնելու տեսանկյունից, կա՞ն ընդհանրապես նման քննարկումներ դրա անհրաժեշտության վերաբերյալ:

– Իհարկե, չի կարելի բացառել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նման սցենարները, եւ նրանք աշխատում են այդ ուղղությամբ: Այն, որ նրանք հակառուսական կեցվածք ունեն, դա կարծում եմ՝ ակնհայտ է նաեւ աշխարհաքաղաքական տեսանկյունից: Այլ հարց է, որ նրանք իրենց բնորոշ քաղաքականությունն են վարում ռուսական կողմի հետ փոխհարաբերություններում՝ հաճոյախոսում են նրանց, բայց ոչ մեկի համար նաեւ գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ու Թուրքիան դիտարկում են Ռուսաստանը՝ որպես իրենց թիրախներից մեկը:
Հետեւաբար, տվյալ դեպքում, իհարկե, մենք անհրաժեշտություն ունենք աշխատանքներ տանելու: Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան չեն էլ թաքցնում այդ ամենը, բայց մոտենում են այդ հարցին ավելի պրոֆեսիոնալ ձեւով: Իմիջիայլոց, արժե, որպեսզի այստեղ նշենք, որ մենք մեր արտաքին քաղաքականությունը վարելու, աշխարհաքաղաքական խնդիրները վերլուծելու առումով պետք է շատ լավ ուսումնասիրենք թուրք-ադրբեջանական դաշինքի համագործակցության մոդելը, եւ ինչու չէ՝ շատ բաներ պետք է հաշվի առնենք եւ նույնիսկ որոշ բաներ էլ սովորենք նրանցից, դա անհրաժեշտություն է, որովհետեւ պետք չէ ամպագոռգոռ մոտեցումներով առաջնորդվել, որովհետեւ այստեղ մենք ուսանելու շատ բան ունենք:

– Հայաստանում եւ Ադրբեջանում կա մի հատված, որոնք մշտապես դժգոհ են ռուսական կողմից, թեեւ պատերազմի դադարը ռուսական միջնորդությամբ եւ մասնակցությամբ իրականացվեց: Ադրբեջանի դժգոհության պատճառների մասին արդեն նշեցինք, մեզանում էլ, երբեմն, դժգոհություններ էին հնչում, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ոչ լիարժեք պաշտպանեց հայկական կողմին 44-օրյա պատերազմում: Իսկ ի՞նչ են կարծում արցախցիները. Հայաստա՞նը, թե՞ Ռուսաստանը պետք է ապահովի Արցախի անվտանգությունը:

– Այս պահի դրությամբ ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախի անվտանգությունը եւ մեր տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը: Այս առումով ռուս խաղաղապահները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կարեւորագույն գործոն են՝ խաղաղության ու կայունության պահպանման տեսանկյունից:

Սակայն Արցախի սուբյեկտայնությունն ու աշխարհաքաղաքական նշանակությունը մեծապես կախված է ներհայկական տիրույթում՝ Սփյուռքում եւ Հայաստանի Հանրապետությունում Արցախի տեղից ու դերից: Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի Արցախի տեղն ու դերը անվիճարկելի լինի, որպեսզի Արցախը, ինչպես ժամանակին է եղել, լինի՝ համահայկական արժեք, որպեսզի Արցախի ձայնը լինի վճռորոշ: Ես նկատի չունեմ, որ Արցախը պետք է ամեն մի մանրուքի մեջ միջամտի, ո՛չ: Բայց Արցախի ձայնը պետք է համահայկական նշանակություն ունենա: Այդկերպ մենք կկարողանանք ապահովել մեր անվտանգությունը, որովհետեւ շատ բան անվտանգության տեսակետից, կախված է քո աշխարհաքաղաքական կապիտալից, կարեւորությունից, ներուժից: Սա պետք է գիտակցեն բոլորը: Իսկ երբ մենք տեսնում ենք, որ կան մարդիկ, որոնք նույնիսկ մինչեւ հիմա այսպիսի հայտարարություններ են անում, թե՝ «Շուշին Ադրբեջանինն էր», ինչ-որ կիսախելագար մի կին էր, չէ,՞ նման հայտարարություն արել, սա անթույլատրելի է: Մենք այդկերպ լրջորեն վտանգում ենք ամբողջ հայության ճակատագիրը, որովհետեւ, եթե դու հրաժարվում ես քո ժառանգությունից, նշանակում է, դու ոտնահարում ես այդ ժառանգությունը: Դու էլ ի՞նչ իրավունք ունես գոյատեւելու որպես պետություն…

– Արցախի անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու: Պաշտոնական Երեւանի հետ համակարգված աշխատանք տարվո՞ւմ է, թե՞ քանի որ պաշտոնական Երեւանը կողմնակից է բանակցությունների շարունակմանը, այսպես ասած՝ մի կողմ ենք թողնում այդ հարցը: Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ ի՞նչ է արվելու:

– Միջազգային ճանաչումը եղել է եւ կմնա մեր արտաքին քաղաքականության ավանդական, կարեւորագույն ուղղություններից մեկը: Մենք այդ գործընթացից երբեք չենք հրաժարվել: Պարզապես պետք է հասկանանք, որ դրան հասնելու համար ահռելի աշխատանք պետք է իրականացնել այլ ուղղություններով: Դա նախեւառաջ մեր սուբյեկտայնության պահպանումն է այս պահի դրությամբ, ինչպես արդեն նշեցի:

Մեր սուբյեկտայնությունը մեծապես կախված է նաեւ ներհայկական տիրույթում մեր տեղից ու դերից: Բացի այդ, իհարկե, Արցախի աշխարհաքաղաքական դիրքն ու նրա լինելիությունն ինքնին կարեւորագույն աշխարհաքաղաքական կապիտալ է ոչ միայն մեզ համար, այլ նաեւ շատ այլ երկրների համար, որովհետեւ մենք լինելով նույնիսկ այսքան մասնատված վիճակում, այնուամենայնիվ, այս վիճակում էլ շարունակում ենք կարեւորագույն աշխարհաքաղաքական արժեք ներկայացնել մեզնից եւ կարողանում ենք տարբեր վտանգավոր, հսկայական հոսանքների դիմագրավել, սա միանշանակ է:

Հետեւաբար, պետք է նախեւառաջ կարողանանք պահպանել մեր սուբյեկտայնությունը, այն ավելի ամրացնենք:

– Պարոն Բաբայան, դուք կարեւոր թեմա եք նշում՝ Արցախի սուբյեկտայնությունը, սակայն մենք տեսնում ենք պաշտոնական Բաքվի «ախորժակն» այնքան է մեծացել, որ Ադրբեջանի նախագահն, օրինակ, արդեն որերորդ անգամ Հայաստանի նկատմամբ է տարածքային պահանջներ ներկայացնում՝ իր հավակնությունները ցուցադրելով Սյունիքի նկատմամբ, «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումն է օգտագործում, ավելին՝ այլ երկրների է հրավիրում օգտվել տարբեր նախագծերից, այսինքն՝ Արցախի թեման համարում են արդեն փակված, հիմա էլ՝ անցել են Սյունիքին: Այսինքն, Ադրբեջանը հստակ քաղաքականություն է տանում, իսկ մեր կողմից հակաքայլեր չկան:

– Իհարկե, այդ քաղաքականությունն է տանում: Բայց դա չի նշանակում, որ իրենք հրաժարվելու են դրանից, իսկ մենք էլ՝ մեր սուբյեկտայնությունից: Ամենափոքր նրբություններն այստեղ իսկապես մեծ նշանակություն կարող են ունենալ: Օրինակ, հասարակ հարց եմ տալիս, այդ կիսախելագար կինը, որ ասել էր՝ «Շուշին նրանցն էր», հասկացանք, շարքային քաղաքացի էր, «չէր հասկանում», «անգրագետ էր» եւ այլն, բայց մեզ համար անհասկանալի է, օրինակ` Հայաստանի Հանրապետությունում, երբ ծննդով արցախցի քաղաքացին անձնագիր է ստանում, եւ նրա անձնագրում գրվում է՝ «Ստեփանակերտ, Ադրբեջան»: Մենք Ադրբեջա՞ն ենք… Նույնիսկ մարդիկ են եղել, որ նման անձնագիր են ստացել՝ 44-օրյա պատերազմից հետո, էլի գրել են՝ «Ստեփանակերտ, Ադրբեջան»: Սա ի՞նչ է… Մենք պետք է հավաքվե՞նք, թե՞ ոչ: Իսկ Ալիեւը գրո՞ւմ է ծննդով հայաստանցիների դեպքում՝ «Երեւան, Հայաստանի Հանրապետություն»: Գրեք՝ ԽՍՀՄ, ինչո՞ւ եք գրում «Ադրբեջան»…

Այսինքն, ուզում եմ շեշտել, որ ցանկացած նրբություն, ամեն մի փոքր թվացող քայլ իրականում կարող է շատ մեծ նշանակություն եւ ազդեցություն ունենալ գործընթացների վրա:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ Դավիթ Բաբայանի ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ» օրաթերթ, 17.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031