Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում ստեղծված ճգնաժամի լուծման ազգային՝ աշխարհաժողովային մոդելի ճանապարհային քարտեզ- առաջարկ

Մարտ 17,2021 09:44

Դիմում ուղղված

Ազգային-պետական կառույցներին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ՀՀ զինված ուժերին

Տեղական ինքնակառավարման մարմիններին՝ քաղաքային, գյուղական համայնքապետարաններին

Ազգային գիտակրթական կառույցներին՝ ՀՀ ԳԱԱ, ՀՀ պետական բուհեր

Ազգային առաքելություն կրող կառույցներին,

Ռազմարդյունաբերական ոլորտի ընկերություններին

Այսօր մեր պետությունը և ազգը գտնվում է խորքային ճգնաժամի մեջ։ Ավելին՝ Հայաստանում ստեղծված ռազմական, քաղաքական, տնտեսական, հասարակական ճգնաժամը վերածվում է (արդեն վերածվել է) աղետի։ Ներքին սպառնալիքների առկայությունն անհնար է դարձնում արտաքին՝ անվտանգային-գոյաբանական խնդրի լուծումը։ Վերջինիս ռեալ գոյությունը ո՛չ բովանդակությամբ, և ո՛չ էլ ժամանակային հրատապության առումով այլևս կասկած չի հարուցում։

Ներքին և արտաքին գոյաբանական խնդիրների բովանդակությունն առավել սրվում է պետական կառույցների անգործության պատճառով։ Ավելին, ներկա ընթացքով վերջիններիս լիարժեք կենսագործունեությունն ակնկալելն առնվազն ինքնախաբեություն է, կամ օտարի շահի դավաճանական սպասարկում։

Հետևաբար, միակ ելքն ինքնակազմակերպումն է (տեղական, պետական և համազգային մակարդակով) և ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը։ Դա հնարավոր է միայն հայ ազգի բոլոր կարող կառույցների ներգրավմամբ՝ համազգային որոշման կայացման միջոցով։

Այդ իսկ պատճառով, Աշխարհաժողովը, որպես պետության և ազգակեցության ճգնաժամային հանգրվանները հաղթահարելու համար անհրաժեշտ, պատմականորեն ստուգված արդյունավետ ու վերջին շրջանում ժամանակակից լուծումներով վերազինված կառույց, առաջարկում է կանչել ԱՐՏԱԿԱՐԳ ԱՇԽԱՐՀԱԺՈՂՈՎ։

Արտակարգ Աշխարհաժողովը պետք է ձևավորվի որպես ազգային շահը ներկայացնող լեգիտիմ լիարժեք մարմին։ Ըստ այդմ, Աշխարհաժողովը կարող է և պետք է վերցնի պատասխանատվություն՝

կանգնեցնելու պետականության փլուզումը,

կասեցնելու ազգի արժեքային բարոյալքումը,

ստանձնելու ազգին համախմբելու առաքելությունը։

Արտակարգ Աշխարհաժողովը լինելու է ժամանակավոր իշխանության կրողը՝ հակաճգնաժամային կառավարմամբ ապահովելով ինչպես առաջնային խնդիրների լուծումը (անվտանգային, սոցիալ-տնտեսական, ինքնակազմակերպման), այնպես էլ ապագայի կառուցման հիմքերը (սպառված պետությունից անցում ազգային պետության)։ Արտակարգ Աշխարհաժողովի կայացումը պետք է ապահովվի հետևյալ քայլերի տրամաբանությամբ՝

Արտակարգ Աշխարհաժողովը հրավիրվում է ՀՀ Զինված ուժերի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և նախաձեռնող խմբի միջոցով՝ Վեհափառի և ՀՀ ԶՈՒ ներկայացուցչի նախագահությամբ։ (Եթե, այս պահին Արտակարգ Աշխարհաժողով հրավիրելու պարտականություն ունեցող որևէ կառույց հրաժարվում է իր պատասխանատվությունից, ապա այդ հանգամանքը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Արտակարգ Աշխարհաժողովի կայացման համար)

Աշխարհաժողովին ներկայացուցիչներ կարող են պատվիրակել Արտակարգ Աշխարհաժողովի նախագահության կողմից անմիջական հրավեր ստացած կառույցները։

(Եթե, այս պահին Արտակարգ Աշխարհաժողով հրավիրվելու պարտականություն ունեցող որևէ կառույց հրաժարվում է իր պատասխանատվությունից, ապա այդ հանգամանքը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Արտակարգ Աշխարհաժողովի կայացման համար)։

Արտակարգ աշխարհաժողովը ձևավորում է ժամանակավոր կառավարման գործադիր մարմին, որը գործելու է արտակարգ իրավիճակից թելադրված հրահանգներով (դիրեկտիվներով)։

Ժամանակավոր կառավարման գործադիր մարմինն ՝ Արտակարգ աշխարհաժողովի վերահսկողությամբ, առավելագույնը 1 տարի կառավարելու և կոորդինացնելու է Հայաստանի բոլոր կառույցների գործունեությունը, նպատակադրվելով՝

ԶՈւ բարձր մարտունակության ապահովում,

Պաշտպանական բնագծերի ու ամրաշինական կառույցների ստեղծում՝ ամբողջ սահմանագծի երկայնքով և ռազմավարական նշանակության օբյեկտների տարածքում,

Համընդհանուր զորահավաքի անցկացում (աշխարհազորի պատրաստում և զինում),

Համընդհանուր մոբիլիզացիա (ռազմական, տնտեսական, քաղաքական, գաղափարա-քարոզչական, մշակութային),

Աշխարհաժողովային ընտրական նոր մոդելի հաստատում, ըստ դրա լեգիտիմ ընտրությունների կազմակերպում և անցում աշխարհաժողովային կառավարման ազգային համակարգի։

Արտակարգ Աշխարհաժողով հրավիրելու առաջարկ ստացած կառույցներն առավելագույնը 10 օրյա ժամկետում պետք է ստանձնեն Արտակարգ Աշխարհաժողով կազմակերպելու պատասխանատվությունը։ Մերժելու կամ չպատասխանելու դեպքում նրանք զրկվում են պատասխանատվության ստանձնելուց, որի մասին հայտարարվում է հրապարակային։

Արտակարգ Աշխարհաժողովի նախագահության ձևավորումից առնվազն 3 օրյա ժամկետում հաստատվում է հրավիրյալների ցանկը և հրապարակվում են հրավեր-առաջարկները։

Հրավեր-առաջարկների հրապարակումից հետո 1 շաբաթվա ընթացքում՝ Էջմիածնում, կազմակերպվում է Արտակարգ Աշխարհաժողովը։

Աշխարհաժողովի նախաձեռնող խումբ

Ք․Գյումրի, 13 մարտի 2021 թվական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031