Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես է զանգվածը որակազրկվում

Մարտ 17,2021 10:00

«Ժողովուրդը վայրենացել է, չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում», – վերջերս ինձ ասաց իմ կողմից ամենահարգված մտավորականներից մեկը: Կարծում եմ, դա իրավիճակի ամենադիպուկ բնութագիրն է: Այստեղ խոսք չի գնում Փաշինյանի եւ նրա թիմի սարքած ավերածությունների մասին՝ դրանք հետեւանքներ են եւ, կարելի է ասել, որոշ չափով «ժողովրդի կամքի» արտացոլումը: Իմ զրուցակիցը վեր է հանում այն արմատը, որտեղից զարգացել է մեզ պատահած աղետը. եթե մեր հասարակության վերաբերմունքն այլ լիներ, այդ աղետն էլ չէր պատահի:

Որո՞նք են վայրենացման պատճառը: Դեռեւս 1930 թվականին իսպանացի փիլիսոփա եւ հրապարակախոս Խոսե Օրտեգա ի Գասեթը գրում էր նման երեւույթների մասին. «Զանգվածը ճնշում է ընդդիմության բոլոր ծիլերը, այն չի ցանկանում լեզու գտնել ոչ մեկի հետ, բացի ինքն իրենից: Նա մահացու ատելություն ունի այն ամենի հանդեպ, ինչը զանգված չէ»: Փիլիսոփան ներկայացնում էր Իսպանիան՝ այն երկիրը, որտեղ իր գրածից 6 տարի անց իշխանության եկավ եւ մինչեւ 1975 թվականը իշխում էր մի մարդ, որի համար Հիտլերն ու Մուսոլինին պետության ղեկավարների անգերազանցելի օրինակներ էին: Արդյոք զանգվածը չէ՞ր, որ այդ երեքին բերել էր իշխանության:

Ժամանակակից հայաստանյան զանգվածը ներկայացնող նիկոլականները՝ իրենց ոչ այնքան հզոր ինտելեկտի եւ ոչ այնքան լայն մտահորիզոնի շրջանակներում այս օրերին «քլնգում են» Տեր-Պետրոսյանին, որը պարզապես արձանագրում է իրենց շեֆի կամ իրենց կուռքի ոչ ադեկվատ եւ աթոռապաշտ լինելը: Իմքայլականները «քլնգում են», զանգվածն ուրախանում է՝ «վախ, ցավդ տանեմ, չոտկեցիր, խզարեցիր, պորտը տեղը դրեցիր»: Բայց եկեք մինչեւ վերջ անկեղծ լինենք՝ ե՞րբ դրվեց նման ոճի հիմքը, ո՞վ էր ասում՝ «ով մեր դեմ է, նա սրիկա է», ո՞ր ցուցակով Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ պատգամավոր դարձավ: Բարեկամներիցս մեկը հարցնում է՝ ինչպե՞ս եղավ, որ 1988-ի որակյալ զանգվածն իր լիդերներով դաստիարակեց անորակ զանգված՝ անորակ լիդերներով: Կարեւոր հարց է՝ արժե դրա մասին մտածել:

Նիկոլականները հիմա «գրքեր են այրում»՝ այդ արտահայտության, իհարկե, փոխաբերական իմաստով. 21-րդ դարի Հայաստանում, հավանաբար, հնարավոր չէ բառացիորեն անել այն, ինչ արվում էր 1930-ականների Գերմանիայում: Բայց հիմքում նույնն է. իշխանության այսօրվա պայքարը մտքի, գիտելիքի, մտահորիզոնի, լայնախոհության, ամեն մի երեւույթում տարբեր կողմեր եւ երանգներ տեսնելու դեմ է: Որովհետեւ, եթե նրանց ընտրազանգվածը հանկարծ սկսի իր ուղեղն աշխատեցնել, ապա գուցե հրաժարվի «ով Նիկոլին դեմ է, նա սերժառոբական է» բանաձեւից՝ բանաձեւ, որը նպաստում է այսօրվա իշխանության պահպանմանը:

Ի՞նչ է պետք է դրան հակադրել: Խոսքը քաղաքական գործիչների, ընդդիմադիրների մասին չէ՝ քանի որ ես, ճիշտ ասած, չեմ հավատում, որ իշխանափոխությամբ հնարավոր է դուրս հանել մեր երկիրն անդունդից: Եթե մեզանում ժողովրդավարություն է, ապա միֆերով ապրող քաղաքացիների մեծամասնությունը կա՛մ դարձյալ կընտրի Փաշինյանին կա՛մ նրա նման որեւէ մեկին, որը Հայաստանը կտանի նոր աղետների:

Հետեւաբար, քաղաքական պայքարի շրջանակներում մենք այսօր որեւէ առաջընթացի չենք հասնի: Ամբոխահաճո տգիտությանը պետք է հակադրել գիտելիքը, հիշողությունը, մշակույթը՝ այն ինչ մշակված է դարերի ընթացքում: Դարձյալ այլաբանորեն ասած՝ գիրք այրելուն պետք է հակադրել գիրք կարդալը: Հիշո՞ւմ եք Ռեյ Բրեդբերիի վեպը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Armen says:

    Իմ համոզմամբ ժողովրդի «վայրենանալու» և տվյալ երկրում իշխանության «տեսակի» միջև կա ուղիղ համեմատական կապ: Ովքեր իրենց գիտակցական կյանքը սկսել են 70-80-ական թթ.-ից կվկայեն, որ այդ ժամանակներում թաղի խուժանը գտնվում էր հասարական կյանքի լուսանցքում: Հետո նույն խուժանը նույն ժողովրդի աչքի առջև համեմատաբար կարճ ժամանակում հարմար տեղավորվեց իշխանական տարբեր աթոռների(ազգային ժողով, կառավարություն և այլն), հուսով եմ հիշում եք նրանցից շատերի «кличка» – ները: Եվ երբ սա, և ոչ միայն, տևում է առնվազն 20-25 տարի, ժողովրդին «իրավունք է ընձեռում վայրենանալու»: Թե ինչու և ինչպես տեղի ունեցավ հասարական հարաբերությունների այլասերումը, այլ թեմա է (գոնե հիմնական դերակատարներին ճանաչում ենք), բայց որ ժողովուրդի կամքով չէր՝ անժխտեի է:

    • Հ.Շ. says:

      Կամ ժողովուրդին կամքով էր, կամ էլ նրա թոյլտւութեամբ, նրա տկարութեան, անտարբերութեան կամ անհոգութեան պատճառով: Ուրիշ բացատրութիւն չի կրնար ըլլալ, քանզի թէկուզ Հայաստանի երբեք ժողովրդավար երկիր չեղաւ, այնուհանդերձ, նաեւ երբեք իսկական – բառին տառացի իմաստով – բռնատիրութիւն չհաստատուեցաւ այդտեղ:

  2. Հ.Շ. says:

    Յստակ է թէ Փաշինյանն ու փաշինյանիզմը, Առաջին Նախագահի եւ նրա դաւանանքին՝ բազմաթիւ աստիճաններ ցած մակարդակի, ամենագռեհիկ, գրոտեսկային տարբերակն է:

    Բաղդատականին մէջ, դաստիարակութեան նիւթը համեմատաբար հեշտ է: Փաշինյանականներից անոնք, որոնք քիչ թէ շատ ուսում մը ստացած են, ամենավատ տեսակի ուսումն է, որ ստացած են՝ Հայաստանէն դուրս: Ակադեմիական այդ «ուսումը», մարդս ուղղակի ապուշ կը դարձնէ, ոչ թէ բանիմաց: Իր մէջ կը փճացնէ ուղղակի խելացութիւնը: Միաժամանակ, paradoxically, իր մէջ սերմանելով զզուելի ինքնահաւանութիւն մը, այն անյողդողդ համոզումը որ՝ ինք բոլորից աւելի խելացի, բանիմաց ու զարգացած է, եւ իրեն համակարծիք չեղողներն են որ տգէտ են:

    Իսկ աւելի լայն առումով, ի տարբերութիւն Առաջին Նախագահի սերունդին, փաշինյանականների ընդհանուր «դաստիարակութիւնը»տեղի ունեցաւ ոչ թէ խորհրդային (յետ-սթալինեան) ժամանակներուն (որոնք երանելի էին, նամանաւանդ եւ վստահաբար այս նիւթին մէջ), այլ անկախացած Հայաստանի մէջ…

    (Ի դէպ, ԼՏՊի ցարդ վերջին ելոյթին նպատակը, նաեւ՝ Փաշինյանը պաշտպանելն էր… անձեռնմխելիութիւն (շնորհիւ իմքայլական մեծամասնութեան ԱԺում), փախուստ երկրէն դուրս… եւ այդ իսկ չհասկացան իմքայլականները… իսկապէս որ կատարեալ անխելքների հաւաքածոյ մըն են: )

    Ամբոխին խնդիրը, աւելի բարդ է: Տեսանելի ապագայի հեռանկարով, անլուծելի է: Եւ այդ պատճառով ալ, Հայաստանին համար, բարձրագոյն չափանիշներով ժողովրդավարութիւնը համազօր է երկրին ստոյգ ինքնափճացման:

  3. Հ.Շ. says:

    Յ.Գ. Fahrenheit 451-ի խնդիրը այն է որ, մարդիկ մեքենական կերպով, «գոց էին սորվում» – ու այդպէս արտասանում – , գիրքերը: Մինչ այդ կերպով, շատ բան չես հասկնար…

    Իսկ մի բան էլ եւս, իմքայլական «ուսեալների» մասին՝ կէս-կատար, մասնակի ու մօտաւոր, կարծեցեալ գիտութիւնը աւելի վտանգաւոր – ու ցաւալի – է, քան անգիտութիւնը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031