Գերմանիայում բնակվող մի խումբ հայրենասերներ բացառիկ արխիվային փաստաթղթերի հետ են ծանոթացել
Մարտի 15-ին լրանում է Թալեաթ փաշայի սպանության հարյուրամյակը, մարդ, որը մեղադրվում է Հայոց ցեղասպանության մտահղացման, պլանավորման ու իրականացման մեջ։ Մարդ, որի ձեռքով թեքվել է Հայ ժողովրդի բնականոն զարգացման ուղին, մեկը, որը պատասխանատու է մեկուկես միլիոն հայերի ոչնչացման, հինգ հազար տարի իր բնօրրանում ապրած, ստեղծարար ազգից ամբողջ նյութական ժառանգության հափշտակության համար։
Թալեաթի անունը լսելիս հիշում եմ իմ վանեցի տատիկին, որը յոթ եղբայր ու քույր է կորցրել, մտածում էր՝ ինչպիսին կլիներ կյանքը Հայաստանում, եթե ես ունենայի ոչ թե մի քանի հորեղբոր ու մորեղբոր որդիներ ու քույրեր, որ հիմա, փառք Աստծո, ունեմ, այլ եթե բոլորը մնային, ինչպիսին կլինեին նրանք… Նրանցից ոչինչ չի մնացել, բացարձակապես ոչինչ, միայն մեկ անուն, որ գալիս է մանկությանս հիշողություններից՝ Կարապետ, տատիկիս եղբայրներից մեկի անունը, մյուսների նույնիսկ անունը չի պահպանվել…
Իսկ հիմա մեզ՝ Գերմանիայում բնակվող մի խումբ հայրենասերներիս բախտ է վիճակվել շփվել ուղղակիորեն՝ առանց միջնորդի, մեր պատմության հետ:
Ահա ինչպիսի զգացողություններով ու ապրումներով էինք սպասում այն ժամին, որ նշված էր մեզ հասցեագրված էլեկտրոնային նամակի մեջ՝ «Ձեզ հետաքրքրող I HA REP JUSTITZMINISTERIUM NR 55562 M գործին կարող եք ծանոթանալ արխիվի մեծ ընթերցասրահում»:
Կարդացեք նաև
Ինչպիսին էր մեր ցնցումը, երբ պարզվեց, որ գործը կա, բայց իրականում՝ չկա, գտնվում է մասնակիորեն այրված վիճակում: Գործում առկա են մամուլից հրապարակումներ, բայց բացակայում են դատավճիռը, վկաների ցուցմունքները, սպանության վայրի նկարագրությունը։
Պիտի փաստենք, որ Թալեաթ Փաշայի սպանության գործը չի պատասխանում ներքոհիշյալ հարցերից եւ ոչ մեկին.
-Որտեղ է տեղի ունեցել սպանությունը, Թալեաթի տա՞նը, ինչպես նշվում էր մարտի 15-ին եւ 16-ին հրապարակված մամուլի հաղորդագրություններում, թե՞ Հարդենբերգ փողոցում։ Գործում բացակայում է սպանության վայրի որեւէ նկարագրություն:
-Ովքեր են եղել սպանության վկաները՝ ըստ բոլոր փաստաթղթերի Թեհլերյանին ոստիկանությանն են հանձնել օրինապահ քաղաքացիները, որոնք հետապնդել են, բռնել, ըստ որոշ աղբյուրների, ծեծի են ենթարկել Թեհլերյանին մինչեւ ոստիկանության ժամանումը:
-Ինչպես է սպանության գործիք «Պարաբելում» ատրճանակը հայտնվել ուսանող Թեհլերյանի մոտ:
-Ինչպես է Թեհլերյանը դեկտեմբերին ժամանելով Բեռլին որոշել, թե որտեղ է բնակվում Թալեաթը։ Վերջինս հանդիսանում էր Գերմանիայում ապաստանած ամենակարեւոր քաղաքական գործիչը, որին գերմանական նոր կառավարությունը պատրաստվում էր օգտագործել առաջին համաշխարհային պատերազմից հետո նոր աշխարհաքաղաքական հարաբերություններում։ Թալեաթը, ըստ որոշ աղբյուրների, բնակվել է այլ վայրում, իսկ Հարդենբերգ, շտրասսե 4 հասցեի 9 սենյականոց բնակարան այցելել է հազվադեպ։
-Արդյոք մարտի 15-ին սպանված Սաիդ Ալի Բեյը հենց ինքը նույն Թալեաթն է:
Բայց եկեք վերադառնանք գործին:
Գործը վերնագրված է. «Նախկինում մեծ վեզիր Թալյաթ Փաշայի վերջը հայ ուսանող Սոլոմոն Թեհլերյանի կողմից Բեռլինում 1921» (պահպանված է բնօրինակի ուղղագրությունը):
Գործը բաղկացած է 79 էջից, որոշ էջեր երկկողմանի են, առկա է նաեւ 74a լրացուցիչ էջը։ Գործը հասանելի է միայն միկրոֆիլմի վրա, քանի որ գտնվում է այն աստիճան ծանր վիճակում, որ ամեն դիտումից հետո կարող է անվերադարձ փչանալ։
Բոլոր էջերը մասնակի այրված են, բայց զարմանալիորեն այնպես, որ պահպանվել են էջերի համարակալումները։ Համարակալումը փոխված է, գործի սկզբից ավելացվել են մամուլի հրապարակումներ, որի պատճառով, օրինակ, երկրորդ էջը դարձել է 13:
Գործի 3-12 եւ 50-79 էջերն իրենցից ներկայացնում են մամուլից կտրված հոդվածներ, այսինքն՝ 79 էջից 40-ը մամուլի հրապարակումներ են, եթե հանենք նաեւ Լոս Անջելեսի ուսանողների միության հեռագրերը ի պաշտպանություն ուսանող Թեհլերյանի եւ Բեռլինի «թուրքական ակումբ»-ի դիմումները, որոնք պահանջում են վերանայել Թեհլերյանի նկատմամբ դատավճիռը, ապա մնում է ըստ էության մոտ քսան թերթ, որոնք ամենաշատն են տուժել։
Թե ինչպես է պատահել, որ մամուլի հրապարակումները, որ սովորաբար տպվում են ավելի բարակ թղթի վրա, պահպանվել են ավելի լավ, քան պաշտոնական փաստաթղթերը՝ մնում է անհայտ։ Այնպիսի տպավորություն է, որ գործում մնացած իրավաբանական նշանակություն ունեցող էջերը հատ-հատ այրել են, պահելով էջերի համարակալման մասերը ու անկարեւոր ինֆորմացիան։
Համեմատության համար նշենք, որ անմիջապես նախորդ՝ 55561 եւ հաջորդ 55563 գործերը՝ որոնք համապատասխանաբար վերաբերում են թագաժառանգ Ալբերտի դատավարությանը՝ Աթլոտ հյուրանոցում ֆրանսիացի բարձրաստիճան զինծառայողներին ծեծի ենթարկելու փաստին, ճաշկերույթի ժամանակ գերմանական հիմնը նվագելու ընթացքում չկանգնելու պատճառով եւ Պոտսդամի գառնիզոնի եկեղեցուց 1870 թ. Գերմանա-ֆրանսիական պատերազմում որպես ռազմավար վերցված Ֆրանսիական դրոշի առեւանգմանը՝ պահպանվել են բացարձակապես անթերի, առանց այրվածքի մի նշույլի։
Այս հարեւան գործերում, որ ոչ թե ծանր հանցագործությանը՝ սպանությանն են վերաբերում, այլ ծեծկռտուքի եւ դրոշի առեւանգմանը, մանրամասն ներկայացված են կողմերի ցուցմունքները, կարծիքները, պրոտոկոլները, դատարանի ընթացիկ եւ վերջնական որոշումները։
Փաստաթղթերի ընդհանուր զննությունը ցույց է տալիս, որ Թալեաթի գործը միտումնավոր կեղծվել է, հավանական է մեկից ավելի անգամ, գործի միջից հանվել են կարեւոր փաստաթղթերը, փոխարենը դրվել մամուլի էջերից կտրված հրապարակումներ, քանի որ գործի թերթերի ընդհանուր թիվը փոխել չէին կարող։
Թե ինչ են ցանկացել թաքցնել զեղծարարները, կփորձենք ներկայացնել ավելի ուշ, հաջորդ հրապարակումների մեջ։
Կան այլ մանրամասնություններ եւս, որ հասու են միայն մասնագետների՝ օրինակ, արխիվները պարբերաբար ստուգվում են։ Հարեւան գործերի վրա կան 1937թ. ստուգումների նացիստական Գերմանիայի կնիքներով հաստատված գրառումները, Թալեաթի գործում այդպիսի նշումներ եւ կնիքներ չկան, ինչից կարելի է եզրակացնել, որ կեղծումներն արվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։
Թե ով է միտումնավոր վնասել ու աղավաղել արխիվային գործը, մնում է անհայտ, բնավ թուրքական կողմը ի զորու չէր լինի թափանցել գերմանական արխիվ եւ մեկ-մեկ էջեր այրեր կամ էջերը փոխարիներ մամուլի հոդվածներով։
Ըստ արխիվի աշխատողների, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գործը տեղափոխվել է Մոսկվա՝ այլ աղբյուրներով Լոնդոն ու պահվել է այնտեղ մինչեւ 90-ականներ։
Եթե Մոսկվայում կամ Լոնդոնում մեր հայրենակիցները կցանկանան աջակցել հայանպաստ գործի եւ միանալ մեր հետազոտություններին, կխնդրեի արձագանքել, արխիվներում այս գործի կրկնօրինակի որոնման հարցում։ Մարտի 15-ից հետո լրանում է սույն գործի վաղեմությունը եւ արխիվները պարտավոր են տրամադրել իրենց մոտի բոլոր փաստաթղթերը, եթե նույնիսկ նրանք գաղտնի կամ հույժ գաղտնի բաժիններում են պահվում։ Ով առաջինը հասավ նոր գաղտնազերծվող փաստաթղթերին՝ մենք, թե թուրքական կողմը, նա էլ կունենա առավելություն։
Վերջում հավելենք, որ մամուլում հրապարակված հոդվածները, որոնք պահվում են գործում կիսավնասված վիճակում՝ մենք հայտնաբերել ենք ամբողջությամբ Բեռլինի թերթերի եւ ամսագրերի արխիվում։ Դրանք կներկայացնենք առանձին հոդվածով՝ հաջորդիվ։ Որոշ հրապարակումներ, որոնք արվել են հարյուր տարի առաջ, նոր լույս են սփռում այս գործի վրա եւ բացահայտում Թալեաթի սպանության այնպիսի մանրամասներ, որոնք երբեք չեն քննարկվել հայ հասարակության լայն շերտերի կողմից։
Պրոֆ. ՍԱԴՈՅԱՆ
Բեռլին, 12. 03. 2021
«Առավոտ» օրաթերթ
16.03.2021