Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական մշակույթը մեծ ոգեշնչման աղբյուր է»

Մարտ 17,2021 12:30

Ասում է ձեռագործ աշխատանքների հեղինակ Մարիետա Վան Վարդանյանը

– Ինչպե՞ս որոշեցիք զբաղվել ձեռագործ աշխատանքներով եւ ստեղծել սեփական բիզնեսը։

– Դեռեւս մանկուց մորս հետ ձեռքի աշխատանքներ էի պատրաստում՝ մաքրամեից աքսեսուարներ, գոբելեն էի գործում, բայց տարված չէի այդ աշխատանքներով, ուղղակի այն ուղեկցում էր ինձ մանկուց, քանի որ մայրս հենց կիրառական արվեստի եւ նկարչության մանկավարժ է, օրս անցնում էր իր աշխատանքներին հետեւելով։ Հետագայում, երբ նա հիմնեց ձեռքի աշխատանքների բիզնես, անմասն չէի կարող մնալ, ես էլ պետք է օգնեի, որովհետեւ ժամանակի ընթացքում մեր գործերի ծավալն էր ավելանում, բայց ես շարունակում էի ստվերում թողնել գույներով լի այս աշխատանքը մինչեւ 2018 թվականը, երբ վճռեցի այլեւս չաշխատել որեւէ կազմակերպության համար, այլ ամրացնել մորս հիմնած բիզնեսը եւ ավելին անել, քան անում էի նախկինում, եւ հենց այդ ժամանակ ստեղծվեց «Գույն» անվանակոչված՝ ավելի քան 10 տարի պատմություն ունեցող մեր ընտանեկան բիզնեսը։

Շատ ուսումնասիրություններ արեցի այս ոլորտում, ծրագրերի մասնակցեցի ու դեռ այդ ճանապարհը շատ կերկարի, քանի դեռ «Գույնը» կա իր յուրահատուկ ոճով։

– Ձեր աշխատանքներում գերակշռում են հայկական զարդանախշերը, տարրերը, կա՞ մի արվեստագետ, նկարիչ, ում աշխատանքներից էլ ոգեշնչվում եք:

– Մեր աշխատանքներում նկատելի են հայկական մշակույթից զարդապատկերներ, որոնք մեզ դարերի խորքից հասել են եւ մնացել որպես ժառանգություն: Հայկական մանրանկարը շատ հարուստ է. ճոխ գույներ ունի: Մեր հայ ծաղկողները շատ գեղեցիկ ներկայացրել են մանրանկարներում հայի կենցաղը եւ ոչ միայն, այլ օրինակ՝ այդպիսի մի գործ ունենք փայտե պայուսակի վրա՝ նկարազարդված «Իլիկ մանող կինը»: Հայկական մշակույթը մեծ ոգեշնչման աղբյուր է, ինչպես նաեւ նկարիչներից կառանձնացնեմ Մինաս Ավետիսյանի եւ Սարյանի գույները:

– Ըստ ձեզ՝ ձեր աշխատանքները ինչո՞վ են յուրօրինակ, ինչո՞վ են տարբերվում շուկայում, մարդիկ ինչո՞ւ պետք է ընտրեն հենց Ձերը։

– Մենք բացառապես ստեղծում ենք մեր ոճը, չենք կրկնօրինակում այլ աշխատանքները, ունենք «Գույնին» բնորոշ նոր աշխատանքների հավաքածու՝ նկարված բաժակների, պայուսակների վրա, այսպես ասած, տարբերվող ձեռագիր:

– Ունե՞ք մի ձեռագործ աշխատանք, որը յուրահատուկ է ձեզ համար:

– Այն աշխատանքները, որոնք նոր են նկարվում եւ նորություն են հենց ինձ համար, այսինքն՝ ես էլ չէի սպասում նման արդյունքի, դառնում են յուրահատուկ ինձ համար, եւ շատ հաճախ այդքան էլ հեշտ չէ բաժանվել սիրելի աշխատանքներից. կատակով հորինել եմ «Գույնի սինդրոմ» ասվածը: Մենք անգամ հաճախորդներ ունենք, որոնք գնումներ կատարելուց հետո դժվարանում են նվիրել որեւէ մեկին, ինձ պես հոգեհարազատ են ընդունում «Գույնի» ձեռագործ աշխատանքները: Հավանաբար դա գույների էներգետիկան է, դրական աուրա է ստեղծում:

– Իսկ ո՞րն է ձեր ամենամեծ հաջողությունը:

– Ամենամեծ հաջողությունը մարդկանց դրական արձագանքները, հաճելի խոսքերը լսելն են, որոնք չեն պակասում. դա հաջողության այն տեսակն է, որը ամենագնահատվածն է իմ կողմից, որը ստիպում է ստեղծագործել նորից:


Անգին ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031