Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կռվում էի, որ վերադառնամ». Ժորան թշնամու հինգ տանկ է խոցել

Մարտ 17,2021 12:00

Պատերազմի կազմակերպված լինելու, դավադրաբար թշնամուն հողեր հանձնելու խոսակցությունների մասին Ժորան խոսել չի ուզում. ասելիք շատ ունի, բայց հիմա չի խոսի

Ժամկետային զինծառայող Ժորա Մովսիսյանը թշնամու հինգ տանկ է խոցել`երկու օրվա տարբերությամբ. հոկտեմբերի 9-ին եւ 12-ին: Նա արդեն տասն ամիս է, ինչ ծառայություն էր իրականացնում, երբ սկսվեց արցախյան երկրորդ պատերազմը: Տղաներն այդ ժամանակ դեռ չէին էլ գիտակցում, չէին էլ հասկանում ու պատկերացնում, թե իրենց ինչ է սպասվում:

«Սեպտեմբերի 25-ին զորամասից տագնապով դուրս եկանք, երկու օր կենտրոնացման շրջաններում ենք մնացել: 27-ի առավոտ, 6.30-7-ին անօդաչուի ձայնը լսվեց: Մեզ տարան դիրքեր, հետագայում` ըստ գործողություններ ծավալելու նպատակահարմարության»,- մեզ հետ զրույցում պատմեց Ժորան: Հետո հիշում է իր վիրավորվելու օրը. «Հոկտեմբերի 12-ի գիշերը պարեկային ծառայության էինք, հերթափոխից հետո քնեցինք` հանգստացանք: Առավոտյան 6-ին հերթապահության էինք` ես, Արմենն ու եւս երկու հոգի: Ես ֆագոտով դիտարկում էի, Արմենն էլ հեռադիտակով իր դիտարկումներն էր կատարում: Դիտարկումների ժամանակ, «Շիլկա» տեսակի զենքով մեզ վրա կրակում էին ծառերի ետեւից, իրենց (ադրբեջանական-Ն.Գ.) դիտակետից: Դիտակետին նշանառեցի, երկու «Շիլկա» կար, երկուսին էլ գտա, հեռավորությունը թույլ էր տալիս, որ խոցեմ դրանք: Ասեցի: Արմենը կապ տվեց: Այդ ընթացքում մեզ խփեցին, բայց «Շիլկայով» չեն խփել, ավելի հեռվից են խփել»:

Ժորան՝ զոհված ընկերոջ՝ Արմենի եղբոր՝ Արամազդի հետ

Արմենն այդ օրը զոհվեց: Արմեն Բաղդասարյանը 48 վայրկյանում թշնամու երեք տանկ էր խոցել: «Արմենին տեսել եմ, որ գլուխը հենել էր`անգիտակից էր: Ես այդ ժամանակ չեմ զգացել, որ Արմենը մահացել է, նույնիսկ իմ ցավերը չեմ զգացել. կանգնել եմ ոտքի ու այդ ժամանակ տեսա ոտքիս վիրավորումը`տրաքած էր, շոկի մեջ նորից ընկել եմ գետնին: Հետո կարողացա ինձ «շտիկով» քաշել`առաջ տանել, որ կարողանան ինձ հանել էդտեղից: Մի քանի անգամ ձայն տվեցի Արմենին` ձայն չլսեցի: Խառը իրավիճակ էր, այնպիսի տպավորություն էր, որ ձայն եմ տալիս, բայց ոչ ոք չի լսում ինձ, շոկային իրավիճակից ձայնս դուրս չի էլ եկել, ես կարծել եմ, որ ձայն եմ տալիս, բայց…հոգեբանները հետո ասացին, որ սպորտսմեն լինելս է ինձ փրկել այդ վիճակից դուրս գալ: Բայց ես կարծում եմ, որ ապրելու ցանկությունն էր…»,- պատմում է Ժորան`հավելելով, որ հիվանդանոցի ճանապարհին էլ գիտակցությունը չի կորցրել:

Խոսում են նոյեմբերի 9-ի համաձայնության մասին: Ժորան մի քիչ մտածում է, հետո, դողացող ձայնով ասում. «Այսքան կռվեցինք` հողերը տվեցին… ափսոսանք կար, համ էլ ուրախ էի, որ էլ մարդ չի մահանա: Մանկության ընկերներ ունեմ, որ ծառայում են ու եթե պատերազմը շարունակվեր… իրենց մասին էի մտածում»:

Մեր զրույցի ողջ ընթացքում մարտական ընկերների անուններն է տալիս՝ Անդրանիկ Ավետիսյանը (վարորդը), Արտաշատից Մակբեթը, Մարտինը, Արմենը, Հրայրը… Ասում է`ռազմի դաշտում ընկերությունն այլ է: Հիշում է`ինչպես էին ամբողջ մարտկոցով գիշերները երգում, ռազմահայրենասիրական երգեր էին երգում: Մեկ էլ հիշում է, որ կռվի առաջին օրը`խրամատում, անօդաչուներն անընդհատ պտտվում էին, Անդրանիկն էլ զենքը լիցքավորում է պատրաստ` ասելով` «չկա-չկա, տեսնենք այլ տարբերակ չկա` իջնելուց կկրակենք»: Հիմա ծիծաղում է այդ միամիտ արարքի վրա ու ծիծաղով հիշում`«էն էլ անօդաչուն լրիվ այլ տեղ ընկավ»: Ասում է`այդ ծանր օրերին տղաների հետ շատ հումորային պահեր են եղել, բայց հիմա ոչինչ չի կարողանում մտաբերել: Իսկ վախերի մասին հարցիս էլ պատասխանում է. «Առաջին անգամ, որ տանկերը տեսանք`ոգեւորված էինք, լարված էլ էինք, բայց ոգեւորություն կար`ով է խփելու եւ աշխատում էինք դիպուկ խփենք, քանի որ արկերը քիչ էին»: Երկար մտածելուց հետո մեկ էլ ասում է. «Ես կռվում էի, որ վերադառնամ»:

Տղաների պահած դիրքերը`«դպրոցի պոստերը», մեզ են մնացել: Ժորան հիմա գոնե դրանով է ուրախանում: Նա սովորում է Ազգային պոլիտեխնիկական համալսարանում, առաջին կուրս է: Կիսատ էր թողել`ծառայության մեկնել: Կշարունակի ուսումը, դեռ շատ ծրագրեր ունի:

Ժորայի տատիկը՝ տիկին Զուբեյդան

Մեր զրույցին է միանում Ժորայի 82-ամյա տատիկը`Զուբեյդան: Նա լացն ու ծիծաղը մեկ արած՝ պատմում է թոռան մանկության մասին, ինչպես է նրան տարբեր պարապմունքների տարել, որ «ուսյալ մարդ դառնա»: Հպարտանում է նաեւ մյուս թոռներով. Ժորայի քույրը պարուհի է: Պատմությունները տիկին Զուբեյդային տանում են անցյալ դարի կեսեր`երբ եւ ինչպես հանդիպեց իր ղարաբաղցի ամուսնուն, ինչպես ամուսնացան, ինչ «նամուս-թասիբով» տղամարդ էր: Ժորան հպարտությամբ լսում է պապի հերոսական պատմությունները`լրացնելով բոլոր այն մանրուքները, որոնք տատը նախկինում պատմել է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031