Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղ է թաղված շան գլուխը, կամ 5-րդ շարասյունը ճանապարհաշինության ոլորտում

Մարտ 17,2021 13:30

Բաց նամակ ապագա վարչակազմին

Ճանապարհաշինության ոլորտում տարիներ շարունակ ձեւավորված կոռուպցիոն սխեմաների բացահայտման ուղղությամբ սկսված քրեաիրավական պայքարը այդպես էլ լայն թափ չստացավ եւ կիսաբացահայտված մի քանի դրվագները, որոնք չեն տալիս ահռելի չափերի հասնող հափշտակությունների քանակի եւ ձեւերի մասին ընդհանուր պատկերացում, սպասում են իրենց ժամին։

Փաստորեն, «միակ մասնագետ» Բագրատ Բադալյանի անմիջական մասնակցության եւ ուղղորդության շնորհիվ, ճանապարհային բնագավառով զբաղվող «Հայավտոճան» ՊՈԱԿ-ը, որը համակարգում էր հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհների նորոգման եւ շահագործման աշխատանքները եւ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը, որը զբաղվում էր վարկային միջոցներով «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման, «Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման» ճանապարհի վերակառուցման եւ «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի» տեղական նշանակության ճանապարհների վերանորոգման աշխատանքների համակարգումով, միացվեցին նոր ստեղծված «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի մեջ։

«Ճանապարային դեպարտամենտի» հիմնական գործառույթներն են ֆինանսական հոսքերի բաշխումը, աշխատանքների կատարման պլանավորման եւ վերահսկողության կազմակերպումը, տեխնիկական առաջընթացի ապահովումը, նոր տեխնոլոգիաների ներդնումը ամբողջ ճանապարհաշինության ոլորտում եւ այլն։

Հարց է առաջանում, եթե ընդունենք անգամ, որ նախարարի պաշտոնը քաղաքական է, ոնց՞ կարող է մի ամբողջ բնագավառի ղեկավար կազմը, այսինքն նախարարի ճյուղային տեղակալը, ճանապարհային դեպարտամենտի պետը, նրա երկու տեղակալները, ծրագրերի ղեկավարները լինեն ոչ մասնագետ, եւ ակնկալել, որ այդ բնագավառը կարող է դրական արդյունք ցույց տալ եւ չլինել ընդգրկված կոռուպցիոն գործարքների մեջ։

Եվ այդպես, բոլոր ղեկավար պաշտոններին նշանակվեցին ոչ մասնագետ, գործից անտեղյակ մարդիկ:

Այսպես օրինակ, «Ճանապարհային դեպարտամենտը» ենթարկվում է ոչ մասնագետ նախարարի տեղակալին (Քրիստինե Ղալեչյան), ղեկավարվում է ոչ մասնագետ Դեպարտամենտի տնօրենով (Ստեփան Մաչյան), եւ ոչ մասնագետ երկու տեղակալներով (Խորեն Գրիգորյան եւ Նարեկ Զուլալյան)։

Բացի այդ, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման վարկային ծրագրի ղեկավարը մասնագետ չէ (Խորեն Գրիգորյան), եւ Կենսական նշանակության ճանապարհների բարելավման վարկային ծրագրի ղեկավարը, եւս մասնագետ չէ (Լյուդմիլա Աղաբեկյան)։
Տեղի է ունեցել պետական կարեւոր պաշտոնների բռնազավթում, որը իրականացվել է Բագրատ Բադալյանի անմիջական միջնորդության եւ աջակցության շնորհիվ։

Դա արվել է միայն մի նպատակով՝ ճանապարհային բնագավառը դարձնել գրպանային եւ չբացահայտել նախկինում կատարվածները։
Նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, կարճ ժամանակահատվածում արդեն աչքի է ընկել մեծագույն, մինչեւ այժմ նման չափի համեմատություն չունեցող պետության շահերին վնաս հասցնող որոշման ընդունմամբ։ Այն է՝ «Հյուսիս – Հարավ» ճանապարհի նախատեսված բետոնային ծածկը փոխարինել ասֆալտով եւ դա այն դեպքում, երբ Չինաստանը վերջին տարիներին կատարում է աշխարհում ամենաորակյալ եւ ամենաշատ բետոնային ծածկով մագիստրալները, որոնք ունեն մինչեւ 50 տարի շահագործման ժամկետ եւ առհասարակ աշխարհը գնում է բետոնային ծածկերի ավելացման ուղղությամբ։ Զավեշտալին այն է, որ հենց չինական կազմակերպությունը պետք է փոխարինի բետոնը ասֆալտով։

Այս որոշումը՝ բետոնային ծածկը ասֆալտով փոխարինելու մասին, ժամանակի ընթացքում բերելու է միլիարդավոր դոլարների ուղղակի վնասների եւ նույնքան անուղակի վնասների, որը պայմանավորված է Հայաստանում առկա եւ գործող ցեմենտի արտադրության որակական եւ քանակական աճը արգելափակելու, հակապետական այս որոշման ընդունման հետ։ Բետոնային ծածկերը պետք է Հյուսիս-Հարավից հետո տարածել հանրապետական նշանակության ճանապարհների վրա, դրանով իսկ շեշտակի երկարացնելով ճանապարհների շահագործման ժամկետը, որը ժամանակի ընթացքում տալիս է հսկայական միջոցների տնտեսում, պակասեցվում է կախվածությունը պարսկական բիտումից, հատկացվող գումարները օգտագործվում են ներքին շուկայում, բնագավառը զարգացման եւ առաջխաղացման խթան է ստանում։ Ավելի հակապետական որոշում դժվար է պատկերացնել, թեպետ, տարվող կադրային քաղաքականության առկայության դեպքում, դա արդեն համակցված օրինաչափություն է։ Դեռ ուշ չէ կանխել այդ որոշման իրագործումը եւ պատժել բոլոր «վայ» մասնագետներին։

Մյուս ոչ մասնագետ, «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի» ղեկավար Լյուդմիլա Աղաբեկյանը, մինչեւ օրս աչքի է ընկել բազմաթիվ անորակ ճանապարհահատվածների ընդունման գործընթացով, ինչը իրեն մեջ պարունակում է թե վարկային միջոցների խոշորագույն վատնումներ, թե տեխնիկական անգրագետ լուծումների հովանավորում եւ թե կատարվող աշխատանքային ծավալների հավելագրում։

Ճանապարհային կարեւոր ծրագրերի աշխատանքների վերահսկողությունը կատարվում է արտասահմանյան ընկերությունների միջոցով, որոնք կապում են մի պայմանագիր պատվիրատուի հետ, մի այլ պայմանագիր փոխկապակցված տեղական ընկերության հետ, եւ գումարների կնքման եւ փաստացի վճարման տարբերության շնորհիվ ստանում են գերշահույթներ։ Այդ ամենը կատարվում է օրը ցերեկով, անթաքույց, հանրապետությանը տրվող վարկերի կամ բյուջետային գումարների հաշվին։ Դրա մասին տեղյակ են առնվազն նախարարի տեղակալը, ՊՈԱԿ-ի, այժմ Դեպարտամենտի տնօրենը եւ տեղակալները, ծրագրերի ղեկավարները։ Անմասն չեն մնում նաեւ նախագծող կազմակերպությունները, ինչպիսիք են «Հայավտոճաննախագիծ», «Արցախճաննախագիծ» եւ այլն։ Նրանք պարտավոր են եւ իրականացնում են վճարովի ծառայություններ հեղինակային հսկողության վերաբերյալ, բայց իրականում, անուղղակի ձեւով ենթարկվում են պատվիրատուի պահանջներին եւ քողարկում են իրենց իսկ նախագծած թերությունները։ Կատարված եւ ընդունված բազմաթիվ թերություններով ճանապարհահատվածները դրա վառ ապացույցն են։ Այսինքն՝ բնագավառում գործում է կազմակերպված հանցավոր համաձայնությամբ պաշտոնական դիրքի չարաշահումով զբաղվող խմբավորում։

Այդ եւ այլնի մասին ունեցել եմ մի քանի հրապարակումներ, դիմել եմ տարբեր իրավապահ ինստանցիաների՝ նաեւ հավելելով իմ անձնական արհեստածին ստեղծված պրոբլեմների լուծման հետ կապված խնդիրները, բայց մինչեւ հիմա չկա շոշափելի առաջխաղացում։ Միայն իմ ներկայացված նյութերի մասնագիտական ուսումնասիրությունը, կարող է բացահայտել բազմամիլիարդանոց միջոցների յուրացումներ։

Այս կառավարությունը ցույց է տվել իրեն սնանկությունը նշված բոլոր հարցերում, կամ էլ դա արվում է նպատակային, հակապետական մղումներով։

Պատժի անխուսափելիության ապահովումը պետական միջոցների վատնումներից, յուրացումներից եւ փոշիացումից երաշխավորելու համար, այդպես էլ մնացել է անավարտ, թերեւս դատախազության եւ ազգային անվտանգության քննչական ծառայությունների պասիվության պատճառով։

Զավեշտալին նաեւ այն է, որ իբրեւ թե մասնագետ, վերահսկողություն իրականացնող արտասահմանցիները, օգտվում են շրջագայությունների ազատ հնարավորություններով, կարող են նկարահանել ճանապարհային ցանցի բոլոր վտանգավոր ստրատեգիական տեսակետից հանգույցները եւ ուղարկել մեր հակառակորդներին, հատուկ օպերացիաներ մշակելու համար։ Այդ տեսակետից նրանց գործունեությունը պետք է լինի ազգային անվտանգության մարմինների համապատասխան կառույցների ուշադրության կենտրոնում։

Փաստորեն տեղի է ունենում առանձնապես խոշոր չափերի վարկային եւ բյուջետային միջոցների վատնում եւ դրանց բացահայտմանը ընթացք չի տրվում։

Հիշեցնեմ, որ ճանապարհային բնագավառը փաստացի համակարգվում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ նրա վստահելի անձ, «միակ մասնագետ» Բագրատ Բադալյանի կողմից։

Կարծում եմ, որ իրավապահ մարմինները վերջապես կարթնանան խորը թմբիրից եւ իրենց մեջ ուժ կգտնեն՝ կատարելու իրենց վրա դրված պարտականությունները։ Այս հոդվածը պետք է դիտարկել հաղորդում հանցագործության մասին։

Վահան ԱՌԱՔԵԼՅԱՆ


«Առավոտ» օրաթերթ

16.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Մեծագույն սխալ է, որ վերացնում են բետոնյա ծածկերը: Դրանից խնայած տնտեսումները մի քանի տարի հետո տասնապատիկ ծախսեր են առաջ բերելու այդ նոր ճանապարհների նորոգումների համար: ԽՍՀՄ տարիներին որոշ ճանապարհներ, որոնք այս կամ այն գործարանի պատկանելիության էին, կառուցվել էին բետոնյա ծածկերով և մինչև հիմա այդ ճանապարհները ծախսատար հիմնանորոգումների չեն ենթարկվել, միայն թեթևակի ընթացիկ նորոգումներ են կատարվել:
    Չի կարելի դիլետանտ լինել այս գործում: Աշխարհն առաջ է գնում, ճանապարհաշինության մեջ խոշոր ներդրումներ է արվում, երկարադիմացկուն ճանապարհներ են կառուցում, իսկ մեր պաշտոնյաները խարխափում են ոչ մասնագիտական ճահճուտներում և հետընթաց գործողություններ են ձեռնարկում: Դե, եթե փոխնախարարը մասնագետ չէ, դեպարտամենտի տնօրենը և նրա երկու տեղակալները նույնպես մասնագետներ չեն, պարզ է, թե նրանք ինչպիսի որոշումներ կընդունեն:

  2. Armen says:

    Այսինքն առանց անհարմար զգալու ուզում եք ասել, որ 3-4 տարի առաջ «մասնագետների» ղեկավարությամբ ավելի լավ ճանապարհներ են կառուցվե՞լ կամ վերանորոգվե՞լ, ինչպես կասեր հայտնի պերսոնաժը՝ յա՞, իրոք:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031